Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Եկեղեցու կատարելությունը անսահման է

Հոկտեմբեր 28, 2011թ. 10:43

Լրատվամիջոցներում կրոնական թեմաների աշխարհագրական տարածքը Հայաստանում գնալով ավելի մեծանում է: Վերջերս մի հոդվածի վերնագիր ընթերցեցի (LRAGIR.am 25.08.2011) և անմիջապես մտաբերցի Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը.

«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես պղինձ, որ հնչում է, կամ` ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են:

Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և ունենամ ամբողջ հավատը` մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ:

Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի:

Սերը համբերող է, քաղցրանում է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամբողջովին հույս է տածում, ամեն բանի համբերում:

Սերը երբեք չի սպառվում. Թե մարգարություններ են պիտի չքանան, թե լեզուներ պիտի լռեն, թե գիտություն` պիտի անցնի. Քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա Կատարեալը, շատից քիչը կանհետանայ… Բայց արդ` մնում են հավատ , հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 1-13): Պողոս առաքյալի մասնավորապես այս խոսքերը ժամանակին իրավացիորեն որակվել են որպես Սիրո օրհներգ:
Թեև վերը նշած հոդվածի հենց առաջին տողերը ընթերցելով արդեն որոշակիորեն պարզ է դառնում, որ Պողոս առաքյալի Սիրո օրհներգի հետ որևէ կապ չունի, սակայն «Կրկին հնչեցնենք օրհներգը սիրո» հուսադրող վերնագիրն ու հեղինակի «Հայաստանի Ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվ» պատկառելի տիտղոսը հույս են ներշնչում, որ այնուամենայնիվ քրիստոնեական սերը ուր որ է պետք է հայտնվի ծավալուն հոդվածի տողերում: Հակառակ իմ սպասումներին հոդվածի բովանդակությունը հետևողականորեն այն կարծիքն է ձևավորում, որ Հայաստանի ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվը վարպետորեն փորձում է բոլոր կրոնական փոքրամասնություններին տրամադրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, մինչդեռ, ավելի խելամիտ կլիներ անել ճիշտ հակառակը` համահունչ խորագրին: Այսպիսի տխուր եզրահանգման են բերել, մասնավորապես, «կրոնական անհանդուրժողականության նոր դրսևորումների» մասին վերապատվելի Սամվել Նավոյանի ուռճացված ու անտեղի պատմությունները` կապված զանգվածային լրատվամիջոցների և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների գործունեության հետ, ովքեր պարզապես իրենց աշխատանքն ու ծառայությունն են կատարում ու հարկ եղած դեպքում տարատեսակ վտանգներից պաշտպանում մեր բարեպաշտ ժողովրդին: Ոչ ոք չի ժխտում, որ կրոնական հողի վրա զգացմունքները ստեպ ստեպ իշխում են առողջ դատողությանը, բայց արժի՞ արդյոք դրանք իբրև օրինաչափություն ներկայացնել ու դարձնել հանրության քննարկման առարկա: Իհարկե ոչ:

Գալով խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքների հարցին, գոնե Հայ ավետարանական եկեղեցին արհեստական խնդիրներ ստեղծելու անհրաժեշտություն չունի, մանավանդ հաշվի առնելով ներկայիս եկեղեցի պետություն ու կրոնական փոքրամասնություններ ողջամիտ հարաբերությունները: Ավելին, որոշ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության մասին բազմիցս խոսել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները: Սակայն ցավոք «Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների համագործակցության ութ հովիվներին»  բավարար չէ իրենց հավատացյալ անդամների շրջանակում գործելը, նրանք ցանկանում են իրենց հավատքի դավանության ու տարածման իրավունքը ոչ մի կետով չզիջի Հայ առաքելական եկեղեցու իրավունքներին: Եվ եթե այս հարցին մեր խելամիտ ու հեռատես պետական այրերն ու եկեղեցականները որոշակի վերապահումով են մոտենում, ապա ըստ մեր պատվարժան հովիվների, նշանակում է, որ նրանք կրոնական դաշտը կարգավորելու գործում անհետևողական են: Սա նույնն է, եթե արտասահմանից ժամանած մի գործարար փորձի գյուղատնտեսության նախարարության հետ պայմանավորվածություն ձեռք բերի Հայաստան ծիրան ներմուծելու համար, և հետո դժգոհի, որ Հայաստանում հայ ժողովրդի համար այդքան անհրաժեշտ մրգի ներմուծման արգելք կա: Կամ նույնն է, եթե որևէ քաղաքական կամ հասարակական կազմակերպություն առաջարկի փոխել սահմանադրությունը այնպես, որ իրենք նույնպես Հայոց բանակում ունենան գլխավոր հրամանատար:

Հարգելի հովիվներ, կարիք չկա այդքան հիվանդագին կերպով ձգտել ընդլայնել, առանց այն էլ կամայականորեն ընդլայնված ձեր իրավունքները: Հայոց հաղթական բանակն ու ժողովուրդը պետք է ունենա և ունի մեկ գլխավոր հրամանատար և հայոց բանակն ու ժողովուրդը պետք է ունենա և ունի մեկ հաղթական եկեղեցի:
Սա ամենևին չի նշանակում, որ մեր երկրում կրոնական ու ազգային փոքրամասնությունները պետք է իրենց կաշկանդված ու ճնշված զգան: Քավ լիցի: Անվիճելի է, որ պետք է շարունակել հարգանքով վերաբերվել և հասարակության հոգևոր պահանջարկին համապատասխանեցված օրենքների սահմաններում ազատ ու անկաշկանդ գործունեություն ծավալելու հնարավորություն տալ Հայաստանում գործող կրոնական փոքրամասնություն համարվող բոլոր ավանդական ու կանոնական եկեղեցիներին, որոնք առանց հետին մտքերի իրենց ծառայությունն են կատարում և վայելում մեր բարեպաշտ ժողովրդի հարգանքն ու սերը: Սակայն, ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, բարեփոխումների մասին քննարկումները ավելի նպատակահարմար է հասարակության հոգևոր պահանջարկի հետ զուգահեռ` կատարել պետական, ազգային ու հոգևոր անվտանգության դիրքերից ու տեսակետից, ինչը համահունչ է նաև ոչ թե ստիպողաբար ժողովրդի ու իշխանությունների վզին փաթաթվող, այլ իրական ժողովրդավարության սկզբունքներին:

Հարգանքով պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ վերապատվելի դ-ր Սամվել Նավոյանի «Կրկին հնչեցնենք օրհներգը սիրո» հոդվածը զուրկ չէր ներքին տրամաբանությունից, մասնավորապես Սուրբ Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու և նրանց աշակերտների էկումենիկ շարժման ջատագովները լինելու հանգամանքը վկայակոչելով ու կապելով իր հոդվածի ընդհանուր գաղափարի հետ, սակայն այստեղ պետք է ավելացնենք, որ Շնորհալի հայրապետն ու Ներսես Լամբրոնացին խորապես գիտակցում էին Հայ Եկեղեցում կանոնական բարեգարգություններ կատարելու ու Տիեզերական Եկեղեցու նվիրապետական կառույցում նրա արժանի տեղը ամրապնդելու նպատակահարմարությունը և այս ճանապարհին մեր եկեղեցու հայրերը քույր եկեղեցիների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելով ու պահելով հանդերձ, ամեն գնով պաշտպանել են Հայոց Եկեղեցու ինքնուրույնությունն ու ինքնակա նվիրապետական կառույցը:

Իմ նպատակից դուրս է կետ առ կետ անդրադառնալ հոդվածում բարձրացված հարցերին, կարծում եմ անհրաժեշտության դեպքում դա կանեն համապատասխան կառույցները: Ես պարզապես ափսոսանքով պետք է նշեմ, որ վերապատվելիի հոդվածում կամայականությունը շարժիչ ուժն էր, իսկ կամայականությունը այն ճանապարհը չէ, որով պետք է կարգավորել կրոնական դաշտը: Այդ իսկ պատճառով ավարտելով վերը նշած հոդվածի ընթերցումը տպավորությունս այնպիսին էր, որ այն ոչ թե սիրո օրհներգ էր այլ «Մի պղինձ, որ հնչում է, կամ` ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են»  (Ա Կորնթ. ԺԳ 1), որովհետև հոդվածում քրիստոնեական սիրո նշույլ անգամ չկա, որովհետև «Սերը համբերող է, քաղցրանում է, սերը չի նախանձում…, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չարը չի խորհում… ամբողջովին հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. ԺԳ 4-8):
Ուրեմն.

«Միմյանց չդատենք: Ավելի շատ այս դրեք ձեր մտքում` եղբոր առաջ գայթակղության քար չդնել» (Հռոմ. ԺԴ 13):

Հայ իրականության մեջ մեր հարազատ առաքելական եկեղեցու ազգանվեր կեցվածքի ու նրա սրբազան առաքելության մեջ գտնվելը ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ Հայ առաքելական եկեղեցին դեռ տեղ ունի հզորանալու ու առավել ակտիվորեն ներգրավվելու հասարակական ու սոցիալական բոլոր խավերի մեջ`էկումենիզմը վերափոխելով համաժողովրդական մակարդակի մի շարժման, ավելի կազմակերպված իրականացնելու ազգանվեր ծրագրերն ու տարածել փրկության Ավետարանը: Եվ հենց այս ամենի համար են եկեղեցուն կից գործում հոգևոր ուսումնական հաստատություններ, որոնք համալրվում են ավելի որակյալ դասախոսներով ու տարեցտարի թարմ ուժերով ու նվիրումով իրենց ծառայությանն են կոչվում նվիրյալ հոգևորականներ: Բացարձակապես անհրաժեշտություն չկա, որ Հայ ժողովրդի քրիստոնեական կրթության ու դաստիարակության համար “մտահոգվեն” Հայաստանում գործող կրոնական փոքրամասնությունները: Ինչպես արդեն նշեցի Հայ առաքելական եկեղեցին ամենայն պատասխանատվությամբ է կատարում այդ սրբազան առաքելությունը և դեռ կարող է անել ավելին, որովհետև կատարելությունը սահման չունի:

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
աստվածաբան


Դիտել Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն