Չորսով եկեք Վանաձոր, որ հինգով գանք Երևան
ՀՀ տրանսպորտի նախարարությանը, ինչպես տրամաբանությունն է հուշում, եթե չասենք սույն նախարարության անմիջական պարտականությունը, պետք է գոնե հետաքրքրի Հայաստանի քաղաքների միջև տրանսպորտային հաղորդակցությունը: Տվյալ դեպքում խոսքը Վանաձորի` ՀՀ երրորդ քաղաքի և Երևանի տրանսպորտային կապի մասին է, որը երեկոյան 17.30-18.00-ից դադարում է բառի բուն իմաստով: Եթե այդ ժամից հետո փորձեք Վանաձորից երթուղային տաքսիով կամ ավտոբուսով վերադառնալ Երևան, ապա կմնաք Վանաձորի ավտոկայանում, քանի որ ուղևորներին փոխադրելու պետական «էստաֆետը» հանձնվում է մասնավոր տաքսիներին, որոնք Երևան են գալիս 12.500 դրամով:
Սա դեռ ամենը չէ. կարծես մարդկանց դիտմամբ նյարդայնացնելու համար ուղիղ ավտոկայանի դիմաց գտնվում է տաքսի ծառայություն, որի վարորդներն ուղղակի հրաժարվում են մայրաքաղաք գալուց, քանի որ Երևանից «դատարկ» են վերադառնալու: Խորհուրդ են տալիս Երևանից եկած տաքսի ճարել, որը չկա: Զավեշտ է, բայց եթե ուզում ես երեկոյան ժամերին Երևան գալ, պիտի զանգես չորս ուղևորի, որ գան Վանաձոր, և դու հնարավորություն ստանաս Երևան վերադառնալու:
Գաս ու ուղիղ գնաս Տրանսպորտի նախարարություն…
ArmAr.am












