Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

2012-ին կանխատեսվում է 2011-ից ցածր տնտեսական աճ

Նոյեմբեր 1, 2011թ. 12:21

«2012 թվականին պետք է առաջնահերթություն համարվի տնտեսական աճը»,-այսօր ԱԺ-ում սկսված բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Կայունությունից անցում դեպի տնտեսական աճ»,-ըստ Տ. Սարգսյանի` սա է բյուջեի հիմքում դրված գաղափարական հիմքերից մեկը:

Վարչապետի գնահատմամբ` 2011 թ. 8 ամսում գրանցված 5 տոկոս տնտեսական աճը վկայում է տնտեսության կայունության մասին, եւ իրատեսական է դարձնում տարեկան կտրվածքով 4.6 տոկոս աճի կանխատեսումը:

«Կառավարության քաղաքականության շնորհիվ տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացվել է:  2009 թ. ճգնաժամը, ինչպես նաեւ ռուս-վրացական խնդիրը ցույց տվեցին, որ Հայաստանի տնտեսության առավել խոցելի կողմը դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է: Սակայն 2011 թ. արձանագրված արդյունաբերության, գյուղատնտեսության, ՏՏ ոլորտների առաջանցիկ աճը վկայում են, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել»:

Ինչ վերաբերում է 2012 թ. համար կանխատեսված 4.2 տոկոս տնտեսական աճին, որն ավելի ցածր է, քան 2011 թ. համար կանխատեսվածը, ապա Տ.Սարգսյանը դա պայմանավորեց համաշխարհային տնտեսությունում առկա բացասական միտումներով:

«2011 թ. համաշխարհային տնտեսության վիճակը վատթարացել է, որը վերաբերում է ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրներին: Էական նշանակություն ունեն ՌԴ կանխատեսումները, որտեղ 4 տոկոսանոց աճն է հիմք ընդունվում, որը հաշվի ենք առել»,- հատարարեց Տիգրան Սարգսյանը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն