Պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը
«Իրատես de facto» շաբաթաթերթի «Եթե փողոցում «ջիպով տղեն լավ տղեն ա», ապա բանակում այդպես չպիտի լինի» հրապարակման մեջ լրագրողի կողմից մեջբերված ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի հետևյալ խոսքում`«Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում 100-հոգանոց վաշտը վերահսկում է ընդամենը մեկ հրամանատար: Այսինքն, ունենք կադրային լուրջ խնդիր», հոգեբանի փոխանցմամբ, առկա է որոշակի թյուրըմբռնում:
Այս առիթով ներկայացնում ենք Դավիթ Ջամալյանի մեկնաբանությունը:
«Տեղի է ունեցել թյուրըմբռնում. խոսքս այն մասին է, որ մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատարը պարտավոր է տվյալ հերթափոխի յուրաքանչյուր օր անձամբ ստուգել իրեն վստահված տեղամասի մարտական հենակետերը: Բնականաբար, նա ֆիզիկապես անկարող է միաժամանակ լինել բոլոր հենակետերում: Հետևաբար, վաշտի հրամանատարը պետք է հենվի դասակի և ջոկի հրամանատարների վրա: Եթե դասակի ու ջոկի հրամանատարներն իրենց տեղում են, ապա վաշտի հրամանատարը կարող է հանգիստ լինել իրեն վստահված տեղամասում կազմակերպվող մարտական հերթապահության համար: Տվյալ պարագայում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում դասակի և ջոկի հրամանատարի հաստիքները համալրված են: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ հաստիքները համալրած կադրերը կայանան իրենց պաշտոնական դիրքում և կարողանան վերահսկել իրենց վստահված ստորաբաժանումը»:
ArmAr.am












