Հայաստանի խորհրդարանում մեկնարկեցին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ լսումները
Ինչպես հայտնում է Armar.am-ի խորհրդարանական թղթակիցը, այս պահին Ազգային ժողովում մեկնարկել է «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները:
Նիստը նախագահում է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահԱրմեն Ռուստամյանը:
Բացման խոսքով հանդես եկած ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե սույն քննարկումը, որին մասնակցում են երկրի հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու սփյուռքահայեր, ուր հավաքված է ողջ գիտական ներուժը, նպատակ ունի համազգային հնչեղություն տալ մեր երկրի համար այս շատ կարևոր խնդրին: «Քննարկումը կառուցողական նպատակներ է հետապնդում և այն պետք է Հայաստանն ու Սփյուռքը համախմբող դեր ունենա», – ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նաև շեշտել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Այս պահին ելույթ է ունենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:












