Գլխավոր » NKR, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Քաղաքականություն

Արա Պապյան.«Իրավարար վճիռը վերջնական և պարտադիր է կատարման համար»

Նոյեմբեր 7, 2011թ. 21:28

AraԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանանկներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. պատմական հենք և իրավական գնահատական» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նա ուսանողներին ներկայացրեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի նախընթացը, դրա բովանդակությունը, ներկայիս կարգավիճակը։

«Ըստ իրավարար այդ վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները»,- նշեց Ա. Պապյանը:

Պատմական էքսկուրս կատարելով անցած դարի 20-ական թվականներ՝ Արա Պապյանը ներկայացրեց վճռի նախընթացը, երբ 1920 թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը՝ բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին` երկու խնդրանքով` ստանձնել Հայաստանի մանդատը և իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Առաջին խնդրանքը մերժվեց, սակայն երկրորդ խնդրանքն ընդունվեց ԱՄՆ նախագահի կողմից, ավելին՝ ներառվեց նաև Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի անունից հղվեց ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները և համապատասխան աշխատանքային խումբը՝ պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ, մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռը ստորագրեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին:

Արա Պապյանն ընդգծեց, որ իրավարար վճիռը վերջնական և պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: «Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ: Կողմերից մեկի մերժումն՝ ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա»,- ընդգծեց Ա. Պապյանը:

Դասախոսությանը, ներկա էին համալսարանի մի քանի ֆակուլտետների մի քանի հարյուր ուսանողներ, ովքեր քար լռությամբ ունկնդրեցին դասախոսությունը։ Ավարտին ուսանողները Ա. Պապյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին։

http://aysor.am


Դիտել NKR, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն