Գլխավոր » Culture-Hogevor, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Գևորգ Հովհաննիսյան. «Նզովյալներ»

Նոյեմբեր 8, 2011թ. 10:59

11Ներկայացնում ենք հատվածներ Գևորգ Հովհաննիսյանի «Նզովյալները»գրքից: Այն եռագրություն է, բաղկացած է 3 բաժնից, ունի հավելված, որը նախաքրիստոնեական և հետքրիստոնեական շրջաններում  հայ ազնվական տոհմերի դիրքին ու ազդեցությանը նվիրված հեղինակի ուսումնասիրությունների արդյունքն է:

Հակիրճ հեղինակի մասին. Գևորգ Իշխանի Հովհաննիսյանը սովորել է Երևանի Պետական Համալսարանի պատմության  ֆակուլտետում : Աշխատել է «Հանրապետական» ամսագրում, որպես փոխխմբագիր : Եղել է ՀՀԿ Ցեղակրոն Երիտասարդաց Դաշինքի Գաղափարա-քարոզչական բաժնի պատասխանատու: Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում, ղեկավարում է «Հայկյանների Միություն» ազգային-հասարակական կազմակերպությունը:

Նախաբանի փոխարեն

Խոսրով Կոտակից հետո, հայոց արքաները՝  ի դեմս Տիրանի, Արշակ Բ-ի և Պապի, արդեն պետակա’ ն մակարդակով ձեռնամուխ եղան կենտրոնաձիգ, ուժեղ իշխանության ստեղծմանը, ո ՛ րը միայն կապահովեր Հայաստանի անկախ, ինքնուրույն քաղաքականությունը: Հատկապես Արշակ Բ-ից սկսած, արքունիքն սկսեց իր շուրջն համախմբել բնիկ հայկական ազնվական տոհմերին, դրանց միջից առանձնացնել ու պետական ծառայության մեջ ներգրավել կենտրոնամետ քաղաքական գիծ ունեցող, տաղանդաշատ գործիչների, որոնք կարճ ժամանակում հայոց արքայի համար կարողացան ապահովել բավականին հզոր մի հիմք ՝  արտաքին քաղաքական բարդ իրավիճակում ինքնուրույն, սեփական  խաղ սկսելու համար: Փորձ էր արվում վերաստեղծելու հզոր, ազգային պետություն, որի միակ տիրակալն արքան էր: Գիրքն ամբողջովին նվիրված է մթ. չորրորդ դարում գործած այս երեք արքաների գահակալական տարիների մութ և անուշադրության մատնված հարցերին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ ազնվական մի շարք տոհմերի ՝  Մամիկոնյան, Բագրատունի, Արծրունի, և այլն…, ծագումնաբանությանն առնչվող խնդիրներին:

Հատված «ՆԶՈՎՅԱԼՆԵՐԸ» գրքից

Երկրորդ գլուխ

Արշակ  Մեծ

ԺԵ.

Պատերազմ

Ի՛մն է այդ տեղը, ուր դու բազմել ես. վե՛ր կաց այդ տեղից, որ ե՛ս բազմեմ, որովհետև մեր Ազգի տեղն ա՛յդ է եղել...

Զայրույթի պահին Արշակի՝  Շապուհին ուղղված այս խոսքերը, որ մեզ են փոխանցվել պատմիչների կողմից, ուղղակի վկայությունն են մի բանի՛.  Արշակը հավակնում էր  «արքայից արքայի» տիտղոսին, կամ, ինչպես ընդունված է այսօր ասել՝  տարածաշրջանային գերիշխանության: Մեր պատմագրության մեջ,  դարեր շարունակ,  պահպանված է մի թյուր մոտեցում, ըստ որի, «խեղճուկրակ Հայաստանը»  363 թվականին մնաց մեն-միայնակ՝  ահեղ Պարսկաստանի դեմ – հանդիման, իսկ Արշակ արքան հուսահատ  ինքնապաշտպանական մարտեր էր մղում հզոր ախոյանի դեմ: Հայոց թագավորությունը միշտ ներկայացվել է, որպես Հռոմի ու Սասանյանների միջև ձեռքից -ձեռք անցնող մի սատրապություն, իսկ Արշակը՝  այդ հզոր ու կամային արքան, մի խեղճուկրակ, սեփական երկրի ներսում իր հարցերը լուծել չկարողացող մի արքայիկ: Այս մոտեցումը, որ արդյունք է մեր մատենագիրների՝  հատկապես Բուզանդի,  կանխակալ պատմությունների, չնչին տարբերություններով, հիմնականում ընդհանու՛ր  է ակադեմիական մեր պատմաբանների մոտ: Հակառակը մատնանշող ցանկացած վկայություն դիտվել է, որպես առասպել կամ կեղծիք: Սա, իհարկե, արդյունք է նաև ազգային թերարժեքության բարդույթի՝  մի երևույթ, որ այսօ՛ր էլ չի լքել մեր վայ-հայագետներին: Այնինչ, սկզբնաղբյուրները, որքան էլ ջանացել են մռայլ գույներով ներկայացնել հայոց այն ժամանակվա տերերին, թողել են ուղղակի վկայություններ, որոնք պարզապես հարկավոր է տեսնել ու ընդունել:

Արշակ արքան, երկրի ներքին կյանքը կարգավորելուց հետո, պատրաստվում էր վճռական պատերազմի: Թշնամին մեկն էր՝  Շապուհը, որ մինչև 363 թվականը՝  մի քանի անգամ արդեն,  Հռոմի հետ  հաշտություն կնքելու փորձեր էր արել:  Սասանյան Պարսկաստանն ու Արշակունյաց  Հայքը պատրաստվում էին  առանց Հռոմի մասնակցության՝  ավարտին հասցնելու դինաստիական այն պայքարը, որ սկիզբ էր առել  Արտաշիրի ու Խոսրով  Մեծի  օրերից: Արշակի ուժը նրան թու՛յլ էր տալիս ՝  չճանաչելու Շապուհի գահակալական օրինականությունը: Արշակն  իր տոհմի՛ն  էր տեսնում պարսկական գահին, և իր ողջ քաղաքականությունը տանում էր ա՛յդ ուղղությամբ: Հայոց արքայի շուրջն համախմբվեցին  Պարսկաստանին ենթակա շատ իշխանություններ: Արշակը կարողացավ ոտքի հանել վրաց, աղվանից և  հոնաց աշխարհները, Կովկասի ու Պարսկաստանի արևելյան երկրների ցեղերին: Ստեղծվեց մի ռազմական դաշինք, որտեղ  պատերազմի ու խաղաղության վճիռը կայացնելու էր հայո՛ց  արքան:

Արշակն ամենայն բծախնդրությամբ ամրապնդում է հայոց սահմանները: Սյունյաց նահապետ Անդովկը նշանակվում է Տիգրանակերտի  ու Աղձնիքի վերակացու: Այսպիսով, Արշակն  հայոց հարավային դարբասները դրեց հուսալի ձեռքերում: Սպարապետ Վասակի գլխավորած բանակն իր նմանը  չունե՛ր աշխարհում: Սա պարզ  սնապարծություն  չէ՛,  այլ  բազմաթիվ փաստերի հիման վրա արված եզրակացություն: 120 000 -անոց Հայոց բանակի արքունի կամ Հայկական գունդը, որի թիվն անցնում էր  65 000-ից, պատրաստ էր՝ ցանկացած պահի,  անցնելու հեռավոր արշավանքների: Հայոց  Գունդը նախատեսված էր հարձակողական պատերազմների՛  համար ՝  խիստ հազվադեպ մի բան,  նույնիսկ հիմա ՝  մե՛ր օրերում, երբ մի երկրի բանակի ուղիղ կեսը նախատեսված լինի հատուկ նվաճողական պատերազմների  համար:  Հայոց Գունդը, որի մասնիկն էր նաև մեր աշխարհահռչակ  այրուձին,  բացառապես Արշակի ու Վասակի տաղանդի ծնու՛նդն էր, և արդեն մեկ անգամ չէ՛, որ հասցրել էր մահ ու սարսափ սփռել հռոմեացոց ու պարսից երկրներում: Նրա մասին դեռ նախանձոտ հիացմունքով պետք է խոսեր անգամ գոռոզ Շապու՛հը: Հայոց Գունդն, ինչպես գիտենք, առաջնորդվում էր  Մաղխազի կողմից, որը Խոռխոռունյաց հինավուրց տոհմի ժառանգական պաշտոնն էր: Իր ինքնապաշտպանության խնդիրները հազիվհազ լուծող մի երկիր, համաձայնվենք, հազի՛վ  թե կարողանար կամ կարիքն  ունենար նման մի զորք պահելու: Բանակի մյուս մասը ՝ մոտ 55 000 հետևազոր և այրուձի,  կազմված էր նախարարական գնդերից ու աշխարհազորից:

Հուլիանոս կայսրը,  համախմբելով իրեն դաշնակից բոլոր ուժերին, 363 թվականին արշավանք սկսեց դեպի Պարսկաստան: Կայսրի ծրագիրը մեկն էր. թողնել պաշտպանողական մարտերը, որ մինչ այժմ վարվել էին իր նախորդների կողմից, անցնել հարձակողական գործողությունների և գրավելով պարսից մայրաքաղաքը՝ Սասանյան գահին նստեցնել Հռոմի դրածոյին: Արշակը՝  օգտվելով հարմար պահից, իր կողմից անցնում է հարձակման: Հաշված շաբաթների ընթացքում , Հայոց Գունդը, անցնելով Մեծ Հայքի սահմանները, ներխուժում է Հյուսիսային Միջագետք:

Ժամանակին, պատմաբանների կողմից շրջանառության մեջ դրվեց մտացածին մի փաստաթուղթ՝  իբրև թե,  Հուլիանոս ՈՒրացողի նամակն Արշակին: Կայսրի գոռոզ ու լպիրշ դիմելաձևն  ի՜նչ ենթադրությունների ասես, որ չհանգեցրեց մեր պատմաբաններին: Արշակն , այստեղ  ներկայացված էր, որպես խղճուկ մի սատրապ, որը ուղղակի պարտավո՛ր էր իր զորքով գնալ կայսերն օգնության: Հինգերորդ  դարում  հռոմեացի եկեղեցական պատմիչի կողմից  գրված  և  հայ ակադեմիկոսների կողմից մեջտեղ հանված այս փաստաթղթի  բովանդակությանը՝ չնայած իր կեղծիքին, կցանկանայի  այստեղ ծանոթացնել  իմ  ընթերցողին: Եվ այսպես.

«Հայաստանի սատրապ Արշակին.

Պատրաստվի՛ր Արշակ, անմիջապես կռվի թշնամիների դեմ, զե՛նք առ ձեռքդ՝ պարսից մոլեգնության դեմ: Մեր նախապատրաստության և ցանկության կետ նպատակն է երկուսից մեկը՝ կա՛մ կատարել մեր պարտքը և մեռնել պարթևների երկրում, գործելով մեծամեծ սխրագործություններ և պատճառելով հակառակորդին ամեն հնարավոր չարիքները, և կամ, նրանց պարտության մատնելով աստվածների օգնությամբ՝ տուն վերադառնալ փառքով պսակված և բերել թշնամուց ռազմական ավար:

Արդ, թոթափի՛ր քո անփութությունը, թո՛ղ քո խաբեությունները: Մոռացի՛ր այն երանելի հանգուցյալին, ինչպես և բարեազնիվ մարդկանց լիառատ հարստությունները՝ այն, որ առատորեն տալիս էր քեզ և քո նման բարբարոսներին մեղկ ու շռայլ Կոստանդիոսը: Նկատի՛ ունեցիր, որ այժմ գործ ունես Հուլիանոսի՛ հետ՝ բարձրագույն քրմապետի, Կեսարի, Օգոստոսի, աստվածների ու Մարսի սպասավորի, ֆրանկների ու բարբարոսների կործանողի և գաղղիացիների ու իտալացիների ազատարարի:

Թերևս դու որևէ ա՞յլ մտադրություն ունես: Ես գիտեմ, որ դու նենգամիտ ես, անարի զինվոր ես և պարծենկոտ, ինչպես ինձ այդ ցույց են տալիս ներկա անցքերը, որովհետև դու փորձում ես թաքցնել ու պահել քո մոտ հասարակական օգտի մի թշնամու և ուզում ես սպասել մինչև այն ժամանակ, երբ կպարզվի այս պատերազմի ելքը:

Աստվածների օգնությունը մեզ բավակա՛ն է, որպեսզի ջախջախենք մեր թշնամիներին: Իսկ եթե ճակատագիրը, որի վճիռը աստվածների ցանկությունն է, այլ կերպ որոշի՝ ես կընդունեմ այն անվեհեր ու արիաբար: Իսկ դու իմացի՛ր, որ պարսիկների ձեռքի զոհը կլինես, և քեզ հետ միասին իսպառ կկործանվի նաև քո տունը և Հայաստանի թագավորությունը: Մծբին քաղաքը նույնպես հաղորդակից կլինի ձեր դժբախտությանը: Վաղուց ի վեր երկնքի աստվածները մեզ այդ հայտնի են արել»:

Ինչպես  իրավացիորեն նկատել են Մանանդյանն ու Գարագաշյանը, Հուլիանոսն առնվազն խելացնոր պետք է լիներ՝  իր հիմնական դաշնակցին նման նամակ ուղարկելու համար: Կեղծիքը հին է, և նպատակ է ունեցել՝ վարկաբեկելու «ուրացյալ» կայսրին: Ավելացնեմ, որ այն նպատակ է ունեցել՝ վարկաբեկելու նաև Արշակին:Նամակի անվավեր ու կեղծ լինելու փաստն, իհարկե, ապացուցվեց: Այսօր խո՛սք անգամ չկա դրա մասին: Բայց, որքան էլ զարմանալի է, այն արե՛ց  իր սև գործը. Արշակը պատմության  մեջ մնաց, իբրև Հուլիանոսին  ընդառաջ վազող մի վասալ: Տրամաբանենք ինքնե՛րս.

Շապուհը լա՛վ էր հասկանում, որ Հայոց արքան առիթը բաց չի թողնելու Հյուսիսային Միջագետքն ու Ատրպատական աշխարհն ասպատակելու համար: Պարսից բանակի մի մեծ հատված  Հայոց Գնդին էր սպասում Պարսկահայք նահանգի սահմաններին: Վասակը  հուսախա՛բ  արեց  Շապուհին: Կարճ ժամանակ անց, Հյուսիսային Միջագետքն ամբողջությամբ գտնվում էր հայկական վերահսկողության տակ: Այդ նույն ժամանակ, Հուլիանոսի գլխավորած հռոմեական զորքերն, անցնելով Տիգրիսն ու մեկը մյուսի ետևից գրավելով  և ավարառելով պարսից քաղաքները, մոտեցան Տիզբոնին: Սարսափելի ճակատամարտում պարսից բանակը ջախջախվեց, բայց անառիկ Տիզբոնն անհասանելի էր հռոմեացիներին: Կայսրը, հասկանալով, որ զուր տեղը ժամանակ է վատնում և հյուծում սեփական զորքերին՝  նահանջի հրաման տվեց: Հռոմեական զորքերը նահանջում էին: Պարսիկները ամեն կերպ խանգարում էին նրանց ապահով  ետդարձին: Կտրել էին կապի ու պարենամթերքների միջոցները, գիշերային անսպասելի հարձակումներով ուժասպառ էին անում կայսերական զորքը: Հայոց Գունդը, սակայն, որ ըստ պատմաբանների, կոչված էր կռվելու հռոմեական լեգեոներների առջևից, հաստատուն կերպով հսկում էր Հյուսիսային Միջագետքի սահմանները և անվրդով հետևում հռոմեական նահանջին: Արշակ արքան վերցրե՛լ էր Միջագետքից իրեն հասանելիքը և ամենևին էլ միտք չունե՛ր հռոմեական կասկածելի արշավանքին զոհելու հայ զինվորի կյանքը:

Պարսկական հարձակումներից մեկի ժամանակ, Հուլիանոսն անզգույշաբար սպանվեց: Նոր կայսր ընտրված Հովիանոսը (363 -364),  Հռոմ վերադառնալու և այնտեղ իր  դիրքերն ամրապնդելու նպատակով՝  շտապեց  հաշտություն կնքել Շապուհի հետ: Երկուստեք կնքվում է մի պայմանագիր, որը հռոմեական պատմագրության մեջ մնացել է «ամոթալի»  անվամբ.  Հռոմն այս պայմանագրով հրաժարվում էր մինչ այդ տարածաշրջանում ունեցած իր բոլոր հավակնություններից: Պայմանագրի մեջ կար մի հետաքրքիր կետ, որը մինչև օրս տարբեր շահարկումների առիթ է տվել ուսումնասիրողներին: Հռոմը պարտավորվում  էր  չխառնվել Պարսից և Հայոց միջև ծագելիք հետագա պատերազմին: Սա հիմք է տվել համարյա  բոլոր պատմաբաններին՝  ասելու, թե անիծյալ Հռոմն իր փոքրիկ դաշնակցին խաբելով ՝  նրան հանձնեց Շապուհի ձեռքը: Ոմանք անգամ կարծիք են հայտնել, թե հայոց արքունիքում  խուճա՛պ էր սկսվել այս պայմանագրի հետևանքով: Այս ամենն, իհարկե, իրականությանն այնքան է մոտ, որքան հայոց արքային՝  կամազուրկ մի խամաճիկ ներկայացնելու փորձերը:

«…Թե կարող ես՝ հաղթի՛ր նրան», – կայսեր այս խոսքերն , ինքնին , շա՛տ բան են ասում: Շապուհին հարկավոր էր խաղաղեցնել  իր բոլոր հակառակորդներին ՝  հայոց արքայի դեմ պատերազմ վարելու համար: Իսկ պատերազմի մեկնարկն արդեն տվել էր Արշակը՝   գրավելով Հյուսիսային Միջագետքը: Այն, որ մոտալուտ պայքարը շատ լուրջ էր լինելու, հասկանում էին բոլորը: Պայքարի արդյունքում որոշվելու էր, թե  ու՞մ  հետ է Հռոմն այսուհետ լուծելու տարածաշրջանային նշանակության հարցերը: Հայոց արքունիքում վաղու՜ց  արդեն հավատում էին միայն սեփակա՛ն  ուժերին, և  «ամոթալի»  հաշտության վրա նայում էին՝  իբրև մի իրողության, որը վերջապես թույլ կտար հայերին և պարսիկներին՝  առանց կողմնակի միջամտության չափելու միմյանց ուժերը:

Գևորգ   Հովհաննիսյան

«Նզովյալներ»


Դիտել Culture-Hogevor, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն