Տարոն Մարգարյան.«Ոգոեւորությամբ ու սրտացավությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին»
Երեւանի նորընտրիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
– Պարոն Մարգարյան, ինչպիսի՞ն է լինելու Ձեր կադրային քաղաքականությունը:
Կադրային քաղաքականությունը ինքնանպատակ չի լինում: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կադրային փոփոխությանը, մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մնում է այդ թիմին ոգեւորել, որպեսզի լինի այն ոգին ու աշխատասիրությունը, որպեսզի մեր ծրագրերը հասցնենք ավարտին:
–Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո կուսակցությունը չառաջադրեց Ձեր թեկնածությունը, դա տեղի ունեցավ միայն Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, այս անգամ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:
Իմ ընտրությունը պայմանավորված է Հանրապետական կուսակցության խորհրդում առաջադրած իմ թեկնածությամբ, ես որպես կուսակցական, իմ խորհրդի որոշումները կատարում եմ: Իմ թեկնածությունն առաջադրեց նաեւ մեր Երեւանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցությունը: Ինչ մնում է Գագիկ Բեգլարյանից հետո իմ թեկնածությունը չառաջադրելուն, Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց պաշտպանել Կարեն Կարապետյանի թեկնածությունը եւ մենք պաշտպանեցինք նրա թեկնածությունը:
Նախորդ քաղաքապետը բոլորին հանձնարարում էր քաղաքային տրանսպորտով երթեւեկել, Դուք երթեւեկե՞լ եք:
Չէ, ես տրանսպորտով չեմ երթեւեկել, տրանսպորտով երթեւեկել եմ իմ ուսանող տարիների ընթացքում, բայց դեմ էլ չեմ չերթեւեկելուն:
Կրպակների ապամունտաժումը շարունակվելո՞ւ է:
Մենք բազմիցս ասել ենք, որ ապամոնտաժելու ենք լքյալ կրպակները, ապօրինի գործող կրպակները: Ունենք հստակ քանակ եւ դրանք ավարտական փուլում են, ինչ մնում է գործող կրպակներին, մենք դրանց չենք անդրադառնում: Անդրադառնալու ենք Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք նաեւ ունեն փաստաթղթային տեսք եւ բանակցելով սեփականատետերի հետ` փորձելու ենք Աբովյան փողոցի մայթը հանձնել մեր բնակիչներին:
Ձեր կուսակիցներից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակցի պահվածքը:
Ես այսօր ավելի շատ կուզենայի խոսել Երեւան քաղաքի մասին:
Առաջիկա Ձեր անելիքների մեջ մտնելո՞ւ է Հրազդան մարզադաշտի խնդիրը:
Հրազդան մարզադաշտի հետ կապված տպավորությունն է ստեղծվել, որ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, այնինչ մենք որոշում չենք կայացրել, նմանատիպ քաղաքաշինական ծրագիր ունի քաղաքաշինական խորհուրդը եւ նաեւ հասարակական լսումներ պետք է անցնեն, քաղաքաշինական խորհուրդը կքննարկի դրական ու բացասական կողմերը, նաեւ հասարակական կարծիք կլինի, նոր կմտածվի որոշում կայացնելու մասին:
Պարոն Մարգարյան, Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ աշխատելու «դռայվ» ունի, իսկ Դուք ունե՞ք Երեւանի համար աշխատելու այդ «դռայվը»:
Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ տեղական ինքնակառավարման համակարգը ինձ համար հոգեհարազատ համակարգ է եւ, ես այս համակարգում յոթը տարի շարունակ աշխատելով, ոգոեւորությամբ ու սրտացավությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին եւ վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի միջոցով ենք իրականացնում այդ աշխատանքները:
Երկու քաղաքապետի հետ եք աշխատել, երկուսն էլ անհատականություն են եղել իրենց տեսաակով,ի՞նչ եք վերցրել իրենցից եւ նրանց ո՞ր կիսատ թողած գործն է Ձեզ համար առաջնահերթ լինելու:
Ես հիշեցնեմ, որ ես աշխատել եմ երեք քաղաքապետի հետ. Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան եւ Կարեն Կարապետյան: Մեր ծրագրային աշխատանքը մեր քաղաքական թիմի ծրագիրն է եղել եւ այն ծրագրերը որ իրականցրել են բոլոր քաղաքապետերը, թիմի ծրագրերն են եղել:
Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը ո՞վ է զբաղեցնելու:
Ըստ Երեւանի մասին օրենքի, նա ավագանու անդամ է լինելու, մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, քննարկելուց հետո կհայտնեմ:












