Բաքվի մեջքին Թուրքիան էր, իսկ Բանանցի մեջքին` ոչ-ոք
Վերջին օրերին ինձ համար մի տխուր տեղեկություն իմացա, որ քանդել են Ռաֆայել Իսրայելյանի տունը: Իմ հոգին տակնուվրա եղավ. իմ առջև մանկության մի դրվագ կանգնեց: Պատահաբար Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնված Բանանցում 1967 թվականին Հայրենական մեծ պատերազմում զոհված բանանցեցիներին նվիրված աղբյուր-հուշարձանի ավերումն էր թուրքերի կողմից: Հուշարձանի հեղինակը մեծանուն վարպետ Ռաֆայել Իսրայելյանն է: Ես նորից զգացի մեր տան կողքերի քերծերին աճող ուրցի հոտն ու լսեցի օդում ճախրող խոսքերը. «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ…»: Երիտասարդ կինը քերծից նստարանին դնում է փոքր բարձերը, նրանց վրա տեղավորվում են երեք երեխաներ, բացում են թղթիկը ու սկսում են երգել` «…Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ…»: Տունը ձորի զառիթափ լանջին էր, որտեղից պարզ երևում էին Դիմաց տեղում կանգնեցված հուշարձանի մնացորդները: Մայրամուտի շառագույն լույսի տակ մայրս մեզ տեղավորում էր քերծին, ու մենք սկսում էինք երգել,մեր հայացքները երգելու ողջ ընթացքում ուղղվում էին դեպի Դիմաց տեղ, որտեղ պետք է կանգնած լիներ վարպետի քանդակած Արծիվը, բայց մնացել էր միայն նրա կոտրած թևը, որի մոտ էլ բանանցեցիներն էին հերթապահում, որ թուրքը գյուղ գիշերը չմտնի ու չգողանա-չտանի; Իմ ականջներում հնչում են գյուղի դպրոցում կախված եկեղեցու զանգի գիշերվա տագնապալից ղողանջները, որը հավաքում էր բանանցեցիներին դիմակայելու թուրքերի գիշերային հարձակումը: Թուրքը վախեցել էր վարպետի քանդակած Արծվի աչքերից, այնտեղ տեսել էր Անդրանիկի աչքերը: Գյուղում ամեն քայլի զգացվում էր նրա ոգու ներկայությունը: Մենք` 7-8 տարեկան երեխաներ, Բանանցի փողոցներում ու տների պատերից կախում էինք Արծվի մատիտանկարը, ու վստահ էինք, որ դա Անդրանիկի ներկայության խորհուրդն էր: Թուրքը իր հերթական ու միայն իրեն բնորոշ վայրագությամբ ոգեկոչել էր Անդրանիկին:
Կրեմլի հերթական լուռ ու անտարբեր հայացքի տակ Բաքուն անպատիժ հաշվեհարդար էր տեսնում հայկական դարավոր փորձություններ տեսած Բանանցի հետ, այս փորձությունը ջլատեց Բանանցը: Բաքվի մեջքին Թուրքիան էր, իսկ Բանանցի մեջքին` ոչ-ոք: Բանանցը ընկրկեց այդ օրերին, բայց ոչ մի թուրք չհամարձակվեց ոտք դնել այնտեղ ապրելու, մինչև 1988-ի նոյեմբեր, երբ մի քանի տասնյակ հայկական գյուղերի հետ Բաքուն վերջնական հայաթափեց Բանանցը:
Ես հիմա էլ զգում եմ այդ քերծերի ջերմությունն ու նրանց վրա աճող ուրցի բուրմունքը, այդ քերծերը դեռ իրենց մեջ պահում են ու երկար կպահեն մեր մանկական ոտքերի հետքերը: Ես գիտեմ, որ այդ լեռները շարունակ արձագանքելու են ու իրար են փոխանցելու մեր մանկական երգի ելևէջերը` «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հսկա լեռինք քեզ ապաստան Անդրանիկ»:
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ հայերի համագումարի նախագահության անդամ












