Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Հայ գյուտարարն առաջարկում է անսպառ էներգիա ստանալու այլընտրանք

Նոյեմբեր 18, 2011թ. 17:22

12Խորհրդային միության միայն վերջին 10 տարիներին հայ գյուտարարները ներկայացրել ու գրանցել են, տարբեր ոլորտներին վերաբերող, 5 808 գյուտեր: Ի դեպ, այդ ցուցանիշով ԽՍՀՄ պետությունների շարքում մեր երկիրը զբաղեցնում էր պատվավոր վեցերորդ տեղը: Սակայն անկախության տարիներին հայ գյուտարարների արդյունավետությունը նվազեց ոչ թե կրկնակի կամ  եռակի, այլ մի քանի տասնյակ անգամներ:

Հայտնի է, որ զարգացած երկրներում արտադրությանը զուգահեռ գործում են գիտական բաժիններ, որոնց կողմից իրականացվող գիտական հետազոտությոնների նպատակը  առավել շահութաբեր արտադրության կազմակերպումն է, հետևապես, առաջարկվող գյուտերն անմիջապես ներդրվում են արտադրության մեջ:  Մի բան, ինչի մասին  կերազեր հայ գիտնականը: Բայց քանի որ մեր երկրում վաղուց է կտրվել կապը արտադրության  ու գիտւթյան միջև,  հայ գիտնականները հայտնվել են բավական տխուր վիճակում: Սեփական գյուտը հայտագործելուց հետո հայ գյուտարարի համար սկսվում է ամենադաժան փուլը` թղթպանակը թևի տակ այս ու այն կողմ վազվզել, «վերևներին»  խնդրել, համոզել, որ բարեհաճեն իրենց թանկարժեք ժամանակից մի քանի րոպե տրամադրել ու ծանոթանալ գիտնականի առաջարկություններին:

Մեր  կյանքն այնքա~ն միօրինակ ու անհետաքրքիր կլիներ, եթե հանկարծ մեկ օր որոշեին մեզ լքել  «նորին մեծություն» անտարբերությունն ու բյուրոկրատական քաշքշուկը. հայ գյուտարաների մեծ մասն այս համատարած ախտի զոհերն են:

Շատերն  անկարող լինելով պայքարել, ստիպված հեռացան հայրենիքից  ու դեռ շարունակվում է նրանց արտահոսքը: Իսկ  Հայաստանում մնացածները,  սոցիալական ծանր պայմաններով պարտադրված, խցանել են իրենց ստեղծագործական միտքն ու մեկընդմիշտ հրաժարվել զբաղվել գիտությամբ:

Բայց, պարզվում է,  կան և այնպիսիք, ովքեր շարունակում են իրենց պայքարը «հողմնաղացների» դեմ:

Նրանցից մեկն էլ մասնագիտությամբ կիբեռնետիկ, բազմաթիվ գյուտերի հեղինակ  Հենրիկ Մխիթարյանն է:

«Առաջարկում եմ  անսպառ  էներգիա ստանալու այլընտրանք»

Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարը չի ազդել Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա, և որ նոր ԱԷԿ-ը պե’տք է կառուցվի, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը դիմում է վերջիններիս` հրաժարվել  նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: «Աշխարհում փակվում են ատոմակայանները, իսկ մենք նո՞րն ենք ուզում կառուցել: Հարգելիներս, մեր լեռնային արագահոս գետերի ջուրն օգտագործելով մենք կարող ենք մեկընդմիշտ լուծել մեր էներգետիկայի հարցը: Առաջարկում եմ անսպառ էներգիա ստանալու այլընտրանք` հիդրոէլեկտրակայանի ստեղծման նոր ու արդյունավետ տարբերակ, ինչը մեր երկիրը կապահովի ավելի շատ ու էժան էլեկտրաէներգիայով, քան դա կարող է տալ ատոմակայանը»:

Գյուտարարը բացատրում է` կօգտագործվի մեր վարար գետերի ջրի մի մասը միայն,   խողովակաշարը կձգվի ողջ երկրի լայնությամբ, 100, 1000 մ հեռավորության վրա կկառուցվեն նոր հիդրոէլեկտրոկայաններ` թվով մինչև 100-200-ը: «Եթե իմ առաջարկած նոր հիդրոէլեկտրոկայանի գաղափարը իրականացվի, մեր երկիրը կարտադրի էժան և ամենակարևորը` անվտանգ էլեկտրաէներգիա: Նույնիսկ կարող ենք վաճառել մեր հարևաններին»: Գյուտարարի հաշվարկով  կառուցվելիք ատոմակայանի վրա ծախսվելիք գումարի միայն 1/10-րդը մասը բավարար է իր գիտական  հայտնագործությունը կյանքի կոչելու համար: Իսկ գյուտն այնպես է նախատեսված, որ ջուրն աննպատակ չի կորչի. «Այն կուղղվի Հայաստանի չոռոգվող շրջաններ ու մեր երկիրը կդառնա դրախտավայր»:

Իտալացիներին 240 մլն դոլար միտվեք, ընդամենը, 40-ը տվեք հայ գյուտարարին

Գյուտարար Հ. Մխիթարյանի մյուս գիտական հայտնագործությունը վերաբերում է քամու էլեկտրակայանի ստեղծմանը. «Քամին Էներգիայի հրաշալի աղբյուր է, մինչդեռ մենք մեզ տրված աստծո բարիքից չենք օգտվում: Իսկ ես գյուտ ունեմ, որն ապացուցում է, որ քամու էլեկտրակայանից կարելի է մի քանի անգամ ավելի շատ էներգիա ստանալ, քան տալիս է միջուկային էներգիան»:

Գիտնականը բողոքում է` մեր պետությունը իտալացիներին 240 միլիոն դոլար է  վճարում, որ քամու էլեկտրակայան կառուցեն, բայց նրանց տեղադրած  սարքերի թևերն այնքան բարակ են, որ քամու հրավածից շատ փոքր էներգիա կկարողանան հաղորդել, ինչը մի գյուղի հոսանք էլ չի կարող ապահովել: «Իտալացիներին 240 միլիոն դոլար են տալիս 50 հատ քամու էլեկտրակայան տեղադրելու համար, ես առաջարկում եմ,  40 միլիոնով կառուցել ընդամենը 4-ն ու արդյունավետը , որը կաշխատի ատոմակայանի հզորությամբ»:

10 տարի է ինչ գիտնականը բարձրաձայնում է իր գյուտերի մասին, բայց տեր կանգնող չկա: Գրել է նաև Հանրապետության նախագահին: «Բայց ի՞նչ անի նախագահը, նա ուղղարկում է էներգետիկայի նախարարություն, սրանք էլ դնում են դարակն ու փակում», որովհետև այստեղ իտալացիներով են հիացած, ո՞նց կլինի, որ հայ գյուտարարին ֆինանսավորեն, օտարի անունն ավելի լա~վ է հնչում: Պակաս գայթակղիչ չէ նաև  240 միլիոնը, մեջը քանի~ քանիսն իրենց ձեռքերը կտաքացնեն….

«Թող ամբողջ աշխարհը գա ու համոզվի, ես ստեղծել են հավերժական շարժիչը»

Գյուտարար Համլետ Մխիթարյանի գյուտերն այսքանով չեն ավարտվում. «Ավտոմեքենայի խլացուցիչ» գյուտը  վերացնում է մեքենաների խլացուցիչներից արտանետվող թափոնները, «Աղբի այրում առանց վնասակար թափոնների արտանետման» գյուտը թույլ է տալիս այրելուց հետո դեպի մթնոլորտ ծուխ չարտամղել,  «Կաթսայատուն» գյուտը ենթադրում է կաթսայի գործունեություն առանց ծխնելույզի եւ վնասակար թափոնների արտանետման, և այլն: Եվ վերջապես, աշխարհացունց հայտագործություն`  հայ գիտնականը հայտարարում է` «Ես ստեղծել եմ հավերժական շարժիչը»: Գիտնականը նկատում է, որ առանց երկնչելու իրերը պետք է կոչել իրենց անուններով, անկախ այն բանից, որ գիտական աշխարհում կա այն կարծրացած համոզմունքը, թե հավերժական շարժիչ չի կարող ստեղծվել:

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում ասել են ` իսկապես հավերժական շարժիչ եք հայտնագործել, սակայն նաև զգուշացրել` սա շատ վտանգավոր գյուտ է, իրավունք չկա գյուտն այդ անունով անվանել, որովհետև աշխարհը դեմ է դրան, ու խորհուրդ տվել փոխել գյուտի անունը:

Համախոհները ևս Մխիթարյանին խորհուրդ են տվել հրաժարվել ՙհավերժական շարժիչ՚ սենսացիոն անվանումից, թող որ սարքը չկոչվի հավերժական շարժիչ, բայց օգտակար լինի այլընտրանքային ճանապարհով էներգիա ստանալու համար: Գյուտարարը այդպես էլ վարվել է. «Մեծ դժվարությամբ տվեցին արտոնագիր` պայմանով, որ անունը պետք է փոխել։ Ես ստիպված իմ գյուտը անվանեցի` ՙՕդի հոսքը էներգիայի վերափոխող համալիր կայան»:

Գիտնականը վստահ է, որ հավերժական շարժիչի շահագործումը հնարավորություն կտա առանց  էներգիայի ծախսման ստանալ էլեկտրաէներգիա: Մխիթարյանի խոսքով` նման միջոցով էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում է միայն մթնոլորտի էներգիան, որը պտտեցնում է տուրբինում եղած ջուրը, արդյունքում ստացվում է տաք ջուր ու անջատվում էներգիա. «Սա հնարավորություն կտա կատարել խնայողություն և, ի տարբերություն միջուկային կամ ատոմային էներգիայի, մթնոլորտի աղտոտում տեղի չի ունենա: Այսպիսով, շարժիչը նաև կլուծի աշխարհի առջև ծառացած այնպիսի մարտահրավեր, ինչպիսին է գլոբալ տաքացումը»: Շարժիչը մարդկությանը կապահովվի ոչ միայն էժան էներգիայով, այլև տաք ջրով. Գյուտարարը հաշվարկել է, որ առանց էներգիա ծախսելու կարելի է սառը օդով ապահովել շոգ երկրները, և տաք ջրով` ողջ երկրագնդի մարդկությանը:  «Պիտի ճապոնացինե՞րը դա ստեղծեն, որպեսզի մարդիկ հավատա՞ն,– վրդովված հարցնում է նա,- «Ի լուր ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը, ասում եմ, թող գան տեսնեն, ստեղծածս հավերժական շարժիչ է»:

Իսկ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե անհնար է հավերժական շարժիչ հայտնագործել, քանի որ դա հակասում է ֆիզիկայի ֆունդամենտալ կանոններին, մաթեմատիկոս Մխիթարյանը համարձակորեն հակադարձում է` ամբողջ ֆիզիկան, աստղագիտությունը, հավանականությունների տեսությունը լցված են սխալ բանաձևերով, որոնք խանգարում են գիտության առաջընթացին: «Ես փորձով ու հստակ հաշվարկներով ապացուցում եմ դա, ու նման բանաձևերը համարում եմ գիտության խայտառակություններ: Դիմում եմ գիտնականներին, թող հավաքվեն մեկ սեղանի շուրջ, ես նրանց կներկայացնեմ ճշմարտությունը»:

Ի դեպ, գիտական «խայտառակություններից» մեկն էլ էներգիայի պահպանման ու փոխակերպման մասին օրենքն է: Ֆիզիկայի շատ բանաձևեր կասկածի տակ դնող գյուտարարը նկատում է. «Աշխարհը սահմանել է, որ օգտակար գործողության գործակիցը` ՕԳԳն, 100-ից մեծ չի կարող լինել, սահմանել է ու ձեռքը կրակն ընկել: Իսկ ես ապացուցում եմ, որ ՕԳԳն կարող է լինել հազարներ ու միլիոններ: Գյուտը կա, ապացուցված է: Ստեղծածս հավերժական շարժիչի օգտակար գործողության գործակիցը 100 տոկոսից ավելի է, իսկ դա հակասում է էներգիայի պահպանման եւ փոխակերպման օրենքին»:

Իհարկե, գյուտարարի նման համարձակ հայտարարությունները  հեշտությամբ  չեն  կարող մարսվել գիտության մեջ հեղաշրջումներ չսիրող գիտնականների կողմից: Եվ չնայած Մխիթարյանի գյուտերն արժանացել են հանրապետության բազմաթիվ գիտնականների բարձր գնահատականին, 2002-ին իր դրական կարծիքն է հայտնել ԳԱԱ-ն, երկու անգամ էլ  ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհուրդը, որոնցում ասված է, որ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանի գիտական առաջարկը պետք է ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի, սակայն գործը առաջ չի գնում:  Գյուտարարի խոսքով, իր գյուտերը քննարկման չեն դրվում ո’չ նախագահի մրցանակ շնորհող հանձնաժողովում, ոչ էլ ՀՀ ԳԱԱ-ում,  քանի որ դրանք ապացուցում են ֆիզիկայի որոշ օրենքների անճշտությունները։

Հենրիկ Մխիթարյանը հիշում է. «Երբ ԳԱԱ նախագանը Ֆադել Տաճատիչն էր, ինձ հրավիրում էր, հետաքրքրությամբ լսում, բայց երբ եկավ Ռադիկ Մարտիրոսյանը, նույնիսկ վախենում է ինձ հետ հանդիպել, իսկ դիմումներիս պատասխանում է ` «Մենք նման մասնագետներ չունենք, որ ներկայացրածդ առաջարկությունը քննարկենք»: Ծիծաղելի է, իմ ասածը կարող է ընկալել անգամ 7-րդ դասարանցին»,- հեգնում է գյուտարարը:

Իսկ հայ գյուտարարի գյուտերը դեռ շարունակում են մնալ դարակում` անտեսված, ու եթե նույն կերպ շարունակվի մի գեղեցիկ օր կհայտնվի օտարերկրացին ու կասի` ՙԵս այն գնում եմ, փաթեթավորեք՚` սեփակնելով գյուտն էլ, նրա հեղինակային իրավունքն էլ:

Արմինե Սիմոնյան

Հ.Գ -Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը հայտարարում է, որ եթե իր պայքարը մնա անհետեւանք, ապա կդիմի օտարերկրյա դեսպանատներին։ Հատկապես, Գերմանիայի դեսպանատուն, որովհետև այդ երկրում լավ են գիտակցում միջուկային էներգիայի վտանգավորությունը  եւ արդեն 4 ատոմակայան են փակել։


Թեգեր` , , ,

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն