Բնապահպանները ահազանգում են
«Շրջակա միջավայրի փորձաքննության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ մեծ իրարանցում առաջացնելով խնդրով մտահոգ բնապահպանների մոտ։ Նրանց հիմնական անհանգստությունն այն է, որ օրենքն հապճեպ ընդունվեց և առանց լուրջ երկխոսության:
Բնապահապանները համոզված են, որ նոր կանոնակարգումները շատ ավելի դյուրին են դարձնում բնապահպանական փորձաքննության անցկացումը: Նրանց հատկապես մտահոգում է փորձաքննության համար հատկացվող ժամանակի կրճատումը: Ըստ փոփոխությունների՝ երեք խմբում դասակարգված տարածքների համար փորձաքննությունը տևելու է համապատասխանաբար 60, 40 և 30 օր՝ նախկին բոլոր դեպքերի համար սահմանված 120 օրվա փոխարեն:
Սեղմվել են նաև այն ժամկետները, որոնք տրամադրվում են տեղեկատվությունը տարածելու, լսումներ կազմակերպելու համար: Այնինչ` այն, ինչ այսօր կատարվում է բնապահպանության ոլորտում պարզապես կաթվածահար է անում Հայաստանի ողջ բնապահպանական ոլորտը, նկատում է բնապահպան Արման Վերմիշյանը:
Նախարարության աշխատաոճը պարզաբանելու նպատակով Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ- ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն իր հերթին տեղեկացրեց, որ մինչ օրենքի ընդունումը թե հանրային քննարկում է եղել, և թե ամբողջ տեղեկատվությունը նախարարության կայքում է տեղադրվել:
Ինչ վերաբերում է տվյալ օրենքում տեղ գտած որոշակի թերություններին՝ Արման Վերմիշյանը կարծում է, որ բացակայում է ընթացակարգային հիմքը: Իսկ իրավաբան Մերի Խաչատրյանը գտնում է, որ ընդհանրապես անտեսված է մարդկային գործոնը և հաշվի չի առնվել, թե ինչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա:
Հիշեցնենք, որ այս օրինագիծն ընդգրկված էր նոյեմբերի 28- ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում. այն քննարկվեց, սակայն քվեարկության չդրվեց և կառավարության առաջարկով առաջին ընթերցմամաբ քվերակությունը հետաձգվեց 15 օրով, սակայն արդեն երեկ տեղի ունեցավ քվեարկությունը։
«Ռադիոլուր»
ArmAr.am












