Համագործակցություն և ոչ թե սերտաճում
Վերջին շրջանում Հայաստանյան ԶԼՄ-ներով վերստին բավականին ակտիվացել են Պետություն-Եկեղեցի հարաբերությունների մասին քննարկումները: Առկա է հասարակական հետաքրքրությունները որոշ անձանց ու կառույցների կողմից սեփական շահերին ծառայեցնելու, Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հանիրավի մեղադրանքներ հնչեցնելու վտանգը: Այս մտահոգությամբ պայմանավորված էլ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում սույն հոդվածը` անդրադառնալով Պետություն-Եկեղեցի հարաբերությունների խնդրին:
Այսօր աշխարհի պետությունների մեծ մասում, բացառաբար արաբական և մահմեդական մի շարք երկրների և Վատիկանի, որ թեոկրատիկ կամ կրոնապետական պետություններ են, Եկեղեցին անջատ է նկատվում Պետությունից: Սա իրողություն է, որ ամրագրված է պետությունների գերակշիռ մասի սահմանդրություններում, կամ վավերացված օրենսդրական այլ ակտերով, արված է, թերևս, մարդու և քաղաքացու խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքի ապահովման համար:
Հայաստանի օրենսդրությունը ևս արձանագրում է սույն սկզբունքը և դրանով իսկ ապահովում խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքի իրացումն իր քաղաքացիների ու հայաստանաբնակ կամ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրացիների համար:
Դասական ընկալմամբ Պետության և Եկեղեցու տարանջատվածության սկզբունքը ընկալվում է հետևյալ բովանդակային տարողությամբ.
1. Պետության և Եկեղեցու կողմից փոխադարձաբար միմյանց ներքին գործերին չմիջամտելու փոխհամաձայնություն
2. աշխարհիկ կրթություն:
Այլ կերպ ասած, Պետությունը չի իրականացնում կրոնական կրթություն, չի միջամտում Եկեղեցու ներքին գործերին: Միաժամանակ նաև Եկեղեցին չի մասնակցում պետական կառավարմանը, այսինքն` իր վրա չի վերցնում պետական կառավարման գործառույթներ:
Հայաստանյան ներկայիս իրականության մեջ սահմանադրական այս սկզբունքը լիովին պահպանվում է. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս Հայ Առաքելական Եկեղեցուն և օրենքով գրանցված կրոնական կազմակերպություններին ՀՀ տարածքում օրենսդրությանը համապատասխան լիարժեքորեն գործելու:
Հանրակրթական դպրոցներում ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկան թեև երբեմն-երբեմն փորձ է արվում ներկայացնել իբրև կրոնական առարկա, սակայն այն լիովին հումանիտար-պատմական ճյուղի առարկա է: Այն իբրև կրոնական առարկա կամ կրոնական կրթության մաս համարողներն իրենց դնում են փակուղու մեջ, քանի որ նույն կերպ կրոնական առարկա կարելի է համարել նաև հայոց պատմությունն ու հայ գրականությունը, քանզի Հայ Եկեղեցու պատմությունն անբաժանելիորեն կապված է Հայոց պատմությանը, և գոնե վերջին, մոտ երկու հազար տարիների համար պիտի նշենք, որ Հայ Եկեղեցու պատմությունը հենց Հայ ժողովրդի պատմությունն է: Ասվածի վառ ապացույցն է այն փաստը, որ երբ 20-րդ դարասկզբին Հայ Եկեղեցու պատմության լավագույն մասնագետներից Տ. Մաղաքիա արքեպս. Օրմանյանը ձեռնարկեց շարադրելու Հայ Եկեղեցու պատմության համապարփակ իր ուսումնասիրությունը, այն ոչ թե վերնագրեց ՙՀայ Եկեղեցու պատմություն՚, այլ ՙԱզգապատում՚: Նույնը կարելի է ասել նաև Հայ գրականության մասին` սկսած 5-րդ դարի Հայ գրերի գյուտից մինչև ուշ միջնադար: Ուստիև անհնար է բաժանել Հայոց պատմությունն ու Հայ Եկեղեցու պատմությունը և անկարելի է դրանք ներկայացնել իրարից մեկուսի:
Պետության և Եկեղեցու տարանջատվածության մյուս սկզբունքը հետևյալն է. Պետությունը չի միջամտում Եկեղեցու ներքին գործերին և օրենդրությամբ սահմանված դաշտում տալիս է լիարժեք գործելու հնարավորություն և Եկեղեցին չի մասնակցում պետական կառավարմանը:
ՀՀ-ում պահպանվում է նաև սույն սահմանադրական սկզբունքը:Այսօր Հայաստանում գրանցված և գործող կրոնական կազմակերպությունների, այդ թվում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար Պետությունն ստեղծել է գործելու հավասար պայմաններ` հնարավորություն տալով դրանով իր քաղաքացիներին արտահայտելու իրենց խղճի և դավանանքի ազատության իրավունքը: Ավելին ի տարբերություն եվրոպական շատ երկրների որոնք իրենց օրենդրության մեջ որդեգրել են ամենալայն լիբերալիստական և դեմոկրատական սկզբունքներ, որոնք առնչվում են կյանքի ամենատարբեր ոլորտներին, սակայն կրոնական ոլորտի մեջ ամրագրել են պետական եկեղեցու գաղափարը իրենց մոտ գերակշիռ հետևորդներ ունեցող եկեղեցիների համար: ՀՀ-ում չկա այս սկզբունքը և պահվում է հավասարակշռությունը և հավասար պայմաններ, նույնիսկ շատ ավելի, քան ասենք Հունաստանում է, Դանիայում կամ Շվեդիայում: Սակայն այս հավասար պայմաններով հանդերձ, բնական է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, որն ՀՀ-ում ունի 90% և ավելի հետևորդներ, և համարվում է Հայ ժողովրդի ազգային եկեղեցին, ունենա առանձնահատուկ հարաբերություններ, համագործակցի կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Անշուշտ եթե մի կողմից հարգվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, ապա չպիտի մոռանալ, որ կրոնական փոքրամասնության կողքին կա կրոնական մեծամասնություն, որը ևս ունի իր իրավունքները:
Եկեղեցու և Պետության անջատ լինելը դեռ չի նշանակում միմյանցից մեկուսացված լինել: Ավելին, Եկեղեցին պարտավոր է ներգրավված լինել հասարակական կյանքում: Ուստիև բնականոն են Պետության և Եկեղեցու միջև առկա համագործակցային հարաբերությունները: Այլ է, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված կամ ինչ ինչ շահերից ելնելով, այդ համագորակցային հարաբերությունները փորձ է արվում ներկայացնել ծուռ հայելու մեջ և կամ փորձ է արվում խեղաթյուրել Պետություն-Եկեղեցի հարաբերությունների ընկալումը` Հայ Առաքելական Եկեղեցուն դիտարկելով հասարակությունից անջատ կամ մեկուսացված: Այս իրողությունն է, որ մտահոգիչ է իր մեջ պարունակած վտանգավոր ասպեկտները նկատի ունենալով:
Հակոբ Աբեղա Գրիգորյան
ArmAr.am












