Ենիչերիները ևս հայկական ծագում ունեին
Ազգային ինքնության աղճատվածությունը լրջագույն մարտահրավեր է` ուղղված ազգային անվտանգությանը: Արձանագրելով այս փաստը, նկատենք, սակայն, որ իսլամացած հայերին հայ հանրությանը վերաինտեգրելու կողմնակիցների մոտ գրեթե բացակայում են ազգային անվտանգության տեսանկյունից խնդրի խորքային վերլուծությունները:
Փոխարենն առաջին պլան են մղվում ռոմանտիկ տեսությունները, ինչպես, օրինակ, Թուրքիայում ապրող իսլամացած հայերի ինքնագիտակցության զարթոնքը կարող է կանխորոշել այդ երկրի փլուզումը: Նույն տրամաբանության շարունակությամբ ասվում է, թե իսլամացած հայերի ներուժը կարելի է ծառայեցնել ի նպաստ հայության ազգային շահերի: Սակայն խնդիրը ազգային անվտանգության դաշտում դիտարկողները հնչեցնում են լրջագույն հակափաստարկներ:
Գևորգ Յազըճյանը համոզված է, որ իսլամացած հայերի միջոցով իսլամի մուտքը Հայաստան քաղցկեղի վտանգ կստեղծի: 20-30 տարի հետո նրանք կկլանեն ամեն ինչ, իսկ մեր պետությունը պատրաստ չէ դիմագրավելու այդ վտանգին. «Պարզ խոսենք, մենք չունենք ամուր ազգային անվտանգության համակարգ: Եթե Թուրքիայում այս հարցերով զբաղվում է ազգային հետախուզությունը, որ կոչվում է հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչություն, ՀՀ-ում ո՞վ է զբաղվում այս հարցերով, չգիտենք»:
Արժեքավոր վերլուծություն է ներկայացնում Արմեն Այվազյանը, նկատելով, որ հայ մշակույթը մեծապես արգասիքն է հայ ազատագրական գաղափարախոսության, պատմաբանը արձանագրում է այն փաստը, որ մահմեդականություն ընդունելով, հայը ոչ միայն հերքում էր ազատագրական պայքարի և գաղափարախոսության հետ թեկուզ չնչին իսկ կապ ունեցող հայոց պատմությունն ու մշակույթը, այլև համաձայնում է դառնալ թշնամու գաղափարախոսության կրողը: «Կարո՞ղ եք արդյոք օրինակ բերել թեկուզ մեկ մահմեդական «հայի», որը երբևէ մասնակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Կարո՞ղ եք նշել թեկուզ մեկ «հայ» մահմեդականի անուն, որը ներդրում է ունեցել հայ մշակույթի մեջ: Այդպիսի օրինակներ դուք չեք գտնի»: Փոխարենը պատմության էջերում հիշատակվում են հայ ազգային-ազատագրական շարժման դեմ կռիվ տված հայկական ծագում ունեցող մահմեդականների` ենիչերիների անունները: Չնայած իրենց հայկական ծագմանը, իսլամի ոգով դաստիարակված այդ մահմեդական «հայերը» զենքը ձեռքին կռվել են հայերի դեմ: Պատմությունը վավերացնում է. «Նրանք ամենակատաղին էին, ստորն ու ամենաանմարդկայինը»:
Խնդրի առնչությամբ իր վրդովմունքը չի թաքցնում ակադեմիկոս ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ, հիշեցնելով, որ մահմեդական հայ էր նաև սուլթան Համիդը, որը ձեռնարկեց հայերի հիմնավոր կոտորածները Մուշում, Սասունում, Կիլիկիայում և պատմության մեջ մնաց «Կարմիր սուլթան» անունով:
Հիշենք նաև ծագումով հայ, իսլամ ընդունած Մելիք Ասլանովին, որը, լինելով Ադրբեջանի 1-ին Հանրապետության նախարարներից մեկը, մեծ դեր ունի հայերի կոտորածների կազմակերպման գործում:
Մերօրյա պատմությունը ևս նման փաստերի պակաս չունի: Շատերին է հայտնի Հադրութի շրջանի Տող գյուղի պատմությունը: Այս գյուղի բնակիչները գիտենալով, որ 18-րդ դարի վերջին մահմեդականություն ընդունած ու թուրքացած իրենց նախնիները հայեր են եղել, Արցախյան ազատամարտի օրերին, սակայն, զենքը ձեռքին կռվում էին արցախահայության դեմ: Սա հավաստումն է այն փաստի, որ իսլամն ի զորու է չեզոքացնելու էթնիկ հիշողությունը:
Փաստերը հաստատում են, որ իսլամացած «հայերը» երբեմն շատ ավելի մեծ վնաս են հասցրել իրենց էթնիկ հանրույթին, քան դա արել է բուն թշնամին:
Թեգեր` Ենիչերիներ












