Հայկական բանաձեւի հետեւում Նիկոլա Սարկոզին է կանգնած
Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ֆրանսիայի ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետեւում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։
Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը, նշելով, որ Փարիզից ստացված գրության մեջ գրված է, թե չնայած Թուրքիայի քաղաքական եւ գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կանցնի Ֆրանսիայի ազգային ժողովում։
Նշվում է` քանի որ հայկական օրինագծի անցնելու հավանականությունը մեծ է, ուստի Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է Թուրքիա վերադարձի համար եւ ինքնաթիռի տոմսը գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։
Հիշեցնենք. դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը: Ֆրանսիա են մեկնել նաև թուրք գործարարներ, որոնք իրենց հերթին օգտագործելով սեփական լծակները, փորձելու են կանխել օրինագծի ընդունումը:
ArmAr.am
Թեգեր` Թուրքիա, Հայոց Ցեղասպանություն, Սարկոզի, Ֆրանսիա












