Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` տիկնոջ Վաաֆա Սուլեյմանի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լիբանանի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Լիբանանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիբանանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Նախագահ Միշել Սուլեյմանը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Նա, ով կանգնում է այս կոթողի առջև, տեսնում է պայքարի և զոհողության փառավոր պատմություն: Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Լիբանանյան պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Միշել Սուլեյմանը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Լիբանանի խորհրդարանը Ճանաչեց և դատապարտեց հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:
ArmAr.am












