Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

ԱՄՆ-ը փորձում է ներազդել Ֆրանսիայի վրա

Դեկտեմբեր 22, 2011թ. 19:52

«Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականի «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականն այսօր նույնպես անդրադարձել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից քննարկվելիք օրինագծին:

«Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն է: Հրեական ողջակիզումը փաստ է: Սակայն ամերիկացիներն ազատ են հերքելու որևէ իրականություն՝ առանց պետության կողմից պատժվելու վտանգի: Ֆրանսիայի բնակիչները շուտով չեն ունենա նման հնարավորություն, եթե երկրի խորհրդարանը քրեականացնի Հայոց ցեղասպանության հերքումը», – գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը:

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը «Լոս Անջելես Թայմս» թերթում հրապարակված «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականը պարզաբանելու նպատակով հեռախոսով հարցազրույց է անցկացրել «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Հարութ Սասունյանը նշել է, որ նման հոդվածի հրապարակումը «կոպիտ սխալ է «Լոս Անջելես Թայմս»-ի կողմից», քանի որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայում, և այս օրենքի նախագիծը պետք է քննարկվի՝ ելնելով այդ երկրի համատեքստից և առկա օրինական դաշտից:

«Ես, լինելով հայ, անձամբ չէի ցանկանա, որ նման օրենք ընդունվեր Միացյալ Նահանգներում, քանի որ խոսքի ազատությունն այս երկրում գրեթե բացարձակ իրավունք է», – նշել է Սասունյանը. – «Նույնիսկ Հոլոքոստի փաստի հերքումն ԱՄՆ-ում արգելված չէ»:

Հարցազրույցի ընթացքում Հարութ Սասունյանը նշել է, որ խոսքի ազատությունը յուրովի է դիտվում ԱՄՆ-ից դուրս. օրինակ՝ Ֆրանսիայում, որտեղ Հոլոքոստի փաստի հերքումն արգելված է, և կան նաև հակակրոնական կամ ռասայական խտրականությանը վերաբերող բազմաթիվ այլ արգելքներ:

«Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիրը հարցազրույցի ընթացքում բարձրացրել է նաև այն հարցը, թե ինչու է 15 երկրներում Հոլոքոստի հերքումը համարվում քրեական հանցագործություն, իսկ Հայոց ցեղասպանության հերքումը՝ ոչ, հիշեցնելով, որ շատերը, ելնելով խոսքի ազատությունը պաշտպանելու նկատառումներից, նախկինում քննադատել են Հայոց ցեղասպանության հերքումը դատապարտող Ֆրանսիայի օրինագիծը:

Հարութ Սասունյանը բերում է Հրանտ Դինքի օրինակը, որն ասել էր, թե «Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայի կողմից քրեականացնող օրենք ընդունելու դեպքում ինքն առաջինը կմեկնի այդ երկիր և կհերքի ցեղասպանությունը»:

«Հրանտ Դինքն ինձ զանգել էր և մեծ ափսոսանք հայտնել իր կողմից նման արտահայտություն թույլ տալու կապակցությամբ», – հիշում է հեղինակը: «Ես Հրանտին ասացի. «Մեծ տարբերություն կա Ֆրանսիայի և Թուրքիայի օրենքների միջև: Թուրքիայում քեզ կբանտարկեն, եթե ասես ճշմարտությունը, իսկ Ֆրանսիայում կբանտարկեն սուտ խոսելու համար»։

Հարութ Սասունյանն այնուհետև ասել է, որ իր դիրքը, որպես լրագրողի, հետևյալն է. լրագրողը չի կարող պաշտպանել որևէ մեկի խոսքի ազատության սահմանափակումը, և իր կարծիքը Ֆրանսիայում քննարկվելիք օրենքի շուրջ որպես ամերիկացի հայ լրագրողի այն է, որ նման օրենք չպետք է ընդունվի՝ պայմանով սակայն, որ նման օրենք չպետք է լինի նաև Հոլոքոստի պարագայում:

«Հնարավոր չէ ասել՝ Հոլոքոստի դեպքում թող պատժեն, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ: Եթե մեկն իսկապես անկեղծորեն հավատում է խոսքի ազատությանը, այդ դեպքում օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի», – «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ավարտին նշել է  «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Ակնհայտ է , որ ԱՄՆ-ը հանդես գալով  խոսքի ազատության  պաշտպանի դիրքերից, փորձում է ճնշում գործադրել, որպեսզի  Հայոց Ցեղասպանության օրինագիծը չընդունվի Ֆրանսիայի Սենատի կողմից: Պարզ է, որ այս քայլերն արվում են  ի նպաստ ռազմավարական գործընկերոջ` Թուրքիայի շահերի պաշտպանության: Սա հերթական հաստատումն է այն բանի, որ անլուրջ է այս երկրի նախագահից ամեն տարի Ապրիլի 24-ին ակնկալել Հայոց Ցեղասպանություն եզրույթի արտաբերումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն