Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Սուրբ ծնունդը Քրիստոսի ծննդյան օրն է և նշվում է աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդների կողմից:
Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին` Քրիստոսի մկրտության տոնի հետ միասին: 4-րդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, Մկրտությունը` հունվարի 6-ին, որից հետո բոլոր քրիստոնյա ժողովուրդները, բացի հայերից, Ծնունդն ու Մկրտությունը նշում են առանձին օրերի:
Ծննդյան ու Մկրտության տոնը ժողովրդին հայտնի է որպես «Ջրօրհնեք», գործածական է նաև տոնի «փոքր Զատիկ» անվանումը:
Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:
Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Սովորաբար մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ ավետիս:
ArmAr.am












