Պաշտպանության նախարարն ընդունել է ջրծաղիկից մահացած զինծառայողի հարազատներին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 14-ին ընդունել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հարազատներին: Ինչպես տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, Սեյրան Օհանյանը լսել է զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ նրանց մտահոգությունները և ներկայացրել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի և ծառայողական քննության այս պահի արդյունքները:
Պաշտպանության նախարարը հանձնարարություններ է տվել քննչական ծառայության և ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին` մանրակրկիտ ուսումնասիրել Հայկ Խաչատրյանի հարազատների դիտարկումները և կատարել մասնագիտական հետևություններ:
Սեյրան Օհանյանը Հայկ Խաչատրյանի հարազատներին հավաստիացրել է, որ դեպքի կապակցությամբ ստեղծված բժիշկների անկախ հանձնաժողովի եզրակացության և հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվելու են զինվորի մահվան ողջ հանգամանքները և եթե լինեն մեղավորներ, ապա նրանք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
ArmAr.am












