Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վանականությունը կուսակրոնության մայրն է

Հունվար 19, 2012թ. 09:41

Կրոնը ի սկզբանե մարդկային մտքի անդաստաններում տարատեսակ ու խիստ անհատական ազդեցություն է գործել: Մեր ժամանակներում նույնպես այդպես է: Կրոնական դաշտի մասնատված լինելը, ցավոք, նաև այս պատճառով է: Այսօր ամբողջ աշխարհում տարբեր կերպ են ընկալում ու հաղորդակցվում Աստծու հետ: Սակայն բոլորին միացնող մեկ երևույթ կա, դա աղոթքն է` աղոթք առ միակ Աստվածը:

Աղոթելը առանձնահատուկ ձիրք չէ, սակայն տարբեր մարդկանց աղոթքները տարբեր զորություն կարող են ունենալ, ընդ որում զորության չափը միշտ չէ, որ ուղիղ համեմատական կարող է լինել անհատի կոնկրետ որևէ կրոնի պատկանելիությանը կամ նրա կրթությանն ու դաստիարակությանը: Այն միայն ու միայն ուղիղ համեմատական է անհատի ունեցած ճշմարիտ հավատքի հետ: Իսկ թե որն է ճշմարիտ հավատքը` դրա պատասխանը տալիս է Տիեզերական եկեղեցին, որի կարևորագույն մաս է կազմում Հայ եկեղեցին ընդհանրապես` իր բոլոր նվիրապետական Աթոռներով: Կրոնավորը զգում ու գիտակցում է իր աղոթքի զորության չափը, որը բոլորովին կապ չունի ժամանակակից գիտության կամ տեխնիկայի հետ: Ավելին, առանց թերագնահատելու գիտության ու տեխնիկայի դրական դերակատարումը ընդհանուր մարդկության զարգացման գործում, նշենք, որ առանց վերջիններիս «օգնության» ու միջամտության աղոթքը ավելի արդյունավետ է դարձնում աղոթողի զգացողությունն ու իմացությունը, աստվածճանաչողությունն ու ինքնաճանաչողությունը: Բացառված չէ, որ մարդը անգրագետ կամ կիսագրագետ լինի, բայց ունենա զորավոր աղոթք, սակայն բացառված է, որ մարդը հավատք չունենա, բայց ունենա զորավոր աղոթք: Թերևս այս է եղել պատճառը, որ Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո Նրա հետևորդների մեջ գտնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր իրենց մեջ կամք ու խիզախություն գտան հրաժարվելու աշխարհիկ կյանքից ու ապրել կուսական կյանքով, աղոթել առանց հաղորդակցվելու աշխարհի հետ: Նրանցից շատերն իրենց աղոթքների զորությամբ բժշկություններ ու հրաշագործություններ էին կատարում, այդպիսով իրենց կողքին հավատարիմ զինակից ունենալով նաև աշխարհիկ կյանքով ապրող բարեպաշտ մարդկանց: Այսպիսի լուսավոր անհատականությունների համախմբման ու անմարդաբնակ տարբեր վայրերում բնակություն հաստատելու շնորհիվ ձևավորվեցին վանական հաստատություններ:

Այս թեման շատ ծավալուն է: Վանականության մասին կարելի է գրել նաև գիտական հոդվածներ, վարդապետական ու ծայրագույն վարդապետական թեզեր, դոկտորական աշխատություններ, բայց քանի որ այսօր Հայ եկեղեցում փաստորեն դադարել է գործել վանականության ինստիտուտը, դրա պատճառների մասին ուսումնասիրություններն ու կարծիքներ հայտնելը թողնելով ավելի գիտակ մասնագետներին, ես միայն համառոտ ակնարկ կատարեմ Հայ եկեղեցում երբևէ գործող վանականության անդրանիկ զավակի` կուսակրոնության մասին:

Տեսակետ կա, որ Հայ եկեղեցում կուսակրոնությունը առաջացել է կաթողիկոսական գահն ու եկեղեցապատկան անշարժ ու շարժական գույքը ժառանգաբար չփոխանցվելու համար, սակայն այս նյութական «չկամեցողությունը» միակ ու գլխավոր պատճառը չէ: Կուսակրոնությունը Հայ եկեղեցում գոյություն ունի, որովհետև մինչ օրս էլ կան մարդիկ, որոնք աղոթական կյանքին նվիրվելու համար պատրաստ են հրաժարվել սեփական ընտանիքը ունենալուց և անմնացորդ ծառայել հայ ազգին ու եկեղեցուն: Ես խոսում եմ այն կուսակրոնության մասին, որը ընդունել են Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Օձնեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին և բազմաթիվ այլ սուրբ ու սրբակենցաղ անհատականություններ, որոնք մարմնավոր ժառանգություն չթողնելով հանդերձ, իրենց թողած հոգևոր ժառանգությունով մինչ օրս էլ շատ ու շատ ողջ ու կենդանի մարդկանցից ավելի օգտակար են թե ազգի պահպանման, թե մեր հոգևոր ներդաշնակության համար:

Վանականությունը այսպիսով առաջացավ բնական ճանապարհով և բնական ճանապարհով էլ կուսակրոնությունը արմատավորվեց Հայ եկեղեցում, սակայն որքանո՞վ է բնական այսօրվա կուսակրոնությունը առանց վանականության: Երիտասարդ հոգեշնորհ հայրերը բնական խոչնդոտների չափից շատ են հանդիպում, թեև ի պատիվ իրենց պետք է նշել, որ հիմնականում արժանապատվորեն կարողանում են հաղթահարել: Ասում եմ հիմնականում, որովհետև, ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ կուսակրոններ սիրահարվելով կամ այլ երկրային պատճառներով փաստի առաջ կանգնեցին ու դրժեցին իրենց կուսակրոնության ուխտը: Այնուհանդերձ, ինչու՞ որդուն մորից բաժան պահել: Արդարացի կլինի, եթե կամ վանականությունը վերականգնվի, կամ կուսակրոնության անհրաժեշտությունը վերանայվի: Ամեն դեպքում, մայրը հարկ եղած դեպքում բարությամբ կխրատի իր որդուն:


Գենադի Մնացականյան,
Աստվածաբանության մագիստրոս

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն