Թուրքիան սպառնում է պատժամիջոցներով
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության օրինագծի քննարկումների ժամանակ Թուրքիայի իշխող կուսակցությունում Էրդողանի մասնակցությամբ քննարկվել է օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ներսում քննարկվել են հետեւյալ տարբերակները.
Օրինագիծը խափանելու համար օգտագործել միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները,
Պատժամիջոցները պետք է լինեն շարունական, ոչ թե՝ ժամանակավոր,
Առաջին որոշումով Թուրքիա վերադարձած դեսպանն այս անգամ ավելի երկար ժամանակով հետ կկանչվի,
Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները իջեցնել նվազագույն մակարդակի,
Հայտարարվող տենդերներում ֆրանսիական ընկերություններ չպետք է լինեն,
Հետ կանչել Ֆրանսիայում Թուրքիայի ռազմական կցորդին եւ չեղյալ հայտարարել Թուրքիայում Ֆրանսիայի կցորդի հավատարմագրումը,
Թուրքիայի օդային տարածքը փակել ֆրանսիական ռազմական օդանավերի համար,
Թուրքիայի նավահանգիստները փակել ֆրանսիական ռազմանավերի համար,
Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:
Հիշեցենք, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, թե օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է կիրառելու:












