Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Արձագանքում է ՀՊՃՀ-ն

Փետրվար 2, 2012թ. 23:30

Ներկայացնում ենք ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի արձագանքը ArmAr.am էլեկտրոնային օրաթերթում տպագրված  <Ճարտարագիտական համալսարանում Օշո աղանդն է քարոզվում> հոդվածին:

Հարգելի խմբագրություն,

Ձեր կայքի 31/01/2012թ. թողարկման “Ճարտարագիտական համալսարանում Օշո աղանդն է քարոզվում” (“Ճարտարագիտական համալսարանն՝ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՕՋԱ՞Խ. ՎԻԴԵՈ”) հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում կատարել մի շարք ճշտումներ:

Այդ հոդվածի “հերոսուհի” Լյուդմիլա Կրյուկովան ՀՊՃՀ-ում ռուսաց լեզու չի դասավանդում, ավելին՝ նա նոր չի “հայտնվել” Հայաստանում և ՀՊՃՀ-ում, այլ ավելի քան 40 տարի առաջ (այսպիսի այլ “մանր անճշտություններին” հարկ չենք համարում անդրադառնալ):

Երկրորդ՝ ՀՊՃՀ ղեկավարության առջև որեւէ մեկը չի կարող “պահանջ դնել”, եթե դա օրենքով սահմանված չէ, իսկ բուհի ռեկտորը ոչ թե “արգելել է” կրոնական բնույթի քարոզի համար բուհի դահլիճը տրամադրել, այլ կատարել է օրենքից բխող իր պարտականությունը, այն է՝ ուսումնական հաստատություններում արգելվում է կրոնական և քաղաքական քարոզչությունը:

Երրորդ՝ ՀՊՃՀ ղեկավարությունը, ցավոք, որևէ լիազորություն չունի “մայրաքաղաքի մի շարք գրախանութներում վաճառվող, Օշո աղանդը քարոզող մեծածավալ գրականության” շրջանառությունը և հյուրանոցների տարածքների վարձակալման կարգը վերահսկելու հարցերում:

Չորրորդ՝ շատ շնորհակալ կլինեինք, եթե խմբագրությունը բերեր գեթ մեկ վկայություն, որ Կրյուկովան կամ մեկ այլ ոք “դասաժամերը վերածել է ուսմունքի քարոզչաժամերի”:

Հինգերորդ՝ հարկ ենք համարում ընդգծել այն ակնհայտ հակասությունը, որն առկա է  հոդվածի երկու պարբերություններում. մեկում նշված է, թե` ռեկտորի ցուցումով տիկնոջ` բուհի դահլիճում դասախոսություններ կազմակերպելն արգելվել է, իսկ վերջին պարբերությունում միտքն ամփոփվում է հանիրավի մեղադրանքով, թե`”… բուհը վերածել է Օշո-ի տարածման օջախի”:

Եվ ի վերջո, ցավալի է, որ հայաստանյան որևէ լրատվամիջոց կարող է հապշտապ և որևէ տրամաբանության չենթարկվող եզրակացություն կատարել, թե “պրոֆեսորադասախոսական կազմի աչքի առաջ կատարվում է հայ ուսանողների ուղեղների լվացում”. մի՞թե իրավամբ հայկական որևէ լրատվամիջոց կասկածում է որ հենց մեր բուհում է հավաքված հայ ուղեղների՝ գիտնական հայրենասերների լավագույն մի հատվածը, որը, հաստատ, նման հակաօրինական գործողությունը կկանխեր ավելի շուտ, քան որևէ լրատվամիջոց կհասցներ այդ մասին տեղեկանալ:

Անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ փաստերի նմանատիպ խեղաթյուրումն ու հապճեպ և, մեղմ ասած,  անարդար եզրակացությունները բխել են ոչ թե ինչ-ինչ միտումներ հետապնդելուց, այլ  ամենասովորական շտապողականությունից և իրողության՝ մեկ անգամ ևս ստուգելու պարտավորությունը չկատարելուց:

Հարգելի խմբագրություն, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ղեկավարությունն առաջնորդվում է բացառապես օրենքի տառով, և, ինչպես տեսնում եք, ձեր գրածի հակառակն ապացուցելու որևէ ջանք չենք գործադրում. ընդամենն ուղղեցինք հոդվածի աղաղակող անճշտությունները: Ավելին՝ միանգամայն ժողովրդավարական սկզբունքով առաջարկում ենք ինքներդ լինել բուհում, զրուցել ցանկացած շահագրգիռ կողմի հետ, որից հետո միայն կատարել եզրակացություններ:

ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին

ArmAr.am

՝


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն