Խմբագիրները պահանջում են ազատել լրագրողին
ՀՀ ոստիկանությունը պետք է լուծարել։ Երեկ «ՀԺ» լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալությունից հետո նման եզրահանգման է եկել «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«10 օր շարունակ Կենտրոնի ոստիկանության հարեւանությամբ գտվող Հայկին ոստիկանությունը հետախուզական միջոցառումներ է իրականացրել եւ չի կարողացել գտնել։ Ուրեմն՝ ոստիկանապետ չունենք, ոստիկանություն չունենք»,- նշեց Էդիկ Բաղդասարյանը։
Տեղի ունեցածը «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանին հիմք է տալիս պահանջել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի հրաժարականը` «ապաշնորհ գործունեության համար»։
«Իսկ ավելի լավ կլիներ, որ երկրի ոստիկանապետը հրաժարական տար, որովհետեւ եթե նա չի կարողանում հետախուզվող մարդուն գտնել, ուրեմն իր տեղում չէ։ Եթե իհարկե, այս ձերբակալությունը չի իրականացվել ինչ-որ մեկի գծած «հանճարեղ» սցենարով»,- նշեց պարոն Եսայանը։
Թե «Երկիր» օրաթերթի եւ թե «Հետքի» գլխավոր խմբագիրները գտնում են, որ Հայկ Գեւորգյանի դեմ քրեկան գործ հարուցած իրավաբանները որեւէ կապ չունեն օրենքի հետ:
«Մի՞թե այդ ուղեղիկները, որ իրականացրել են, ծրագրել են «օպերացիան», չեն հասկանում, որ իրենք ուղղակի իրենց են ծիծաղելի վիճակի մեջ դրել»,- ասում է Բագրատ Եսայանը։
Էդիկ Բաղդասարյանն էլ կարծում է, որ նույնիսկ ոստիկանության «սարքած թուղթն է անգրագետ»։ «Այս քայլը ոստիկանապետի վրա շատ ծանր կնստի, իսկապես, չի կարելի լրագրողի վրա հենց այնպես բռնել, ու գործ սարքել»,- վստահեցնում է խմբագիրը։
Բագրատ Եսայանը առաջարկում է բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին համատեղ երաշխավորագիր ներկայացնել նախաքննական մարմնին՝ ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ «Թեեւ մարդու ծիծաղ է գալիս՝ դա նախաքննական մարմին չէ, գործ սարքող մարմին է»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։
Հիշեցնենք, որ ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է երեկ առավոտյան՝ փետրվարի 3-ին, վրաերթ կատարելու եւ դեպքի վայրը լքելու մեղադրանքով։ Նրա փաստաբան Վահե Գրիգորյանը «Ա1+»-ին տեղակացրեց, որ Հայկ Գեւորգյանը չի ընդունել իր մեղքն այն պարզ պատճառով, որ որեւէ հանցանք չի գործել։
«Ա1+»












