Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Լրագրող Հայկ Գևորգյանին ազատ արձակեցին

Փետրվար 6, 2012թ. 13:57

23Նախապես սպասվում էր, որ «Հայկական ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի կալանքի վերաբերյալ դատական նիստ է տեղի ունենալու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Նրա մի խումբ գործընկերներ Հայկին սպասում էին դատարանի շենքի մոտ:

Այնուհետեւ տեղեկացանք, որ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որոշել է փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ ազատել կալանքից:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից վերջապես նրան ազատ արձակեցին: Ներկայացնում ենք նրա զրույցը լրագրողների հետ:

-Հա’յկ, ինչո՞ւ էին քեզ բռնել:

-Ես սպասում էի, որ ինձ կբռնեն հունվարի 14-ին, հետո 15-ին, հետո 16-ին… Ու էդպես ձգձգվեց: Ես ամեն օր սպասում էի, որ կբռնեին: Տեսնում եք, ես շատ տաք էի հագնված: Ընդհանրապես կասկած չունեի, որ ինձ բռնելու էին: Էդ համակարգի ինտելեկտուալ մակարդակը, փառք Աստծո, լավ գիտեմ: Իրենք ձերբակալությունը նախապատրաստել են 20 օր ու նույնիսկ էդ պայմաններում իրենք դա իրականացրել են ահռելի խախտումներով, ինչն իմ երազանքն էր, կատարվեց:

– Ի՞նչ խնդիր էր լուծվում դրանով:

– Եթե ինչ-որ մեկն ուզում էր խնդիր լուծել… Չգիտեմ, ես ավելի լուրջ լուծումների էի սպասում, բայց չիրականացան իմ սպասելիքները:

– Ի՞նչ լուրջ լուծումներ էիք սպասում:

– Դե որ իրենք ավելի լուրջ կվերաբերվեին իրենց գործին:

-Սա պատժելու ձե՞ւ էր:
– Չէ, զգուշացում էր ավելի շատ: Դրանով ինձ չեն պատժում, չեմ կարծում, չգիտեմ:

– Իսկ ինչո՞ւ ազատ արձակեցին:

– Չգիտեմ, ես չէի սպասում, անկեղծ ասած: Էսօր ինձ պիտի տանեին, որպեսզի կալանքը վերահաստատեին, հետո չտարան: Սա ուղղակի հետապնդում է, միանշանակ իր պատճառներն ունի: Սակայն դա չի ստացվել:

– Դեպքի մասին կպատմե՞ք:

– Ոչ, որովհետեւ նրանք արդեն դեպքի բուն դատավարության ընթացքում սխալներ են թույլ տալու, ու եթե ես դեպքի մանրամասները պատմեմ, նրանք կարող են էդ սխալները չանել:

– Ոստիկանապետը ի՞նչ շահեց սրանից:

– Իրեն հարցրեք, ես չգիտեմ:

-Մամուլին չե՞ս հետեւել:

– Մամուլ չեմ ստացել, մոտավոր պատկերացնում եմ` ինչ արձագանքներ են եղել: Այս երեք օրերին մամուլ չեմ ստացել, չեմ կարդացել: Զանգեր չեմ արել:

-Իսկ խնդրել ես, որ թույլ տան զանգահարել գոնե մինչեւ կալանավորելը:

-Ես ակնակալիք էլ չունեի, որ թույլ կտան: Ես ուղղակի կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը, ասել եմ` ուզում եմ զանգահարել, իրենք ասել են` ոչ:

Ձերբակալելուց բռնություն չեն կիրառել, ուղղակի շատ սիրուն թատրոն են սարքել շենքի դիմաց, խանութի աշխատողները վախեցել էին: Բայց բռնություն իմ նկատմամբ չի կիրառվել այս ողջ ընթացքում:

– Իսկ էս տասն օրը որ հետախուզում էին քեզ, ինչպե՞ս ես արել, որ չեն գտել:

– Երկու անգամ հինգշաբթի օրերին թաքնվել եմ կառավարությունում, երկու անգամ ասուլիսներին եմ թաքնվել, մյուս օրերին թերթի էջերում, բացի` շաբաթ-կիրակի օրերից, չեմ կարողանում հիշել, թե այդ օրերին որտեղ եմ թաքնվել:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն