ԵԽ նախագահը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիային կոչ է արել հետեւել հետպատերազմյան Գերմանիայի օրինակին եւ ընդունել իր անցյալը Հայոց ցեղասպանության առնչությամբ, որի փաստը Անկարան փորձում է վիճարկել:
«Ես խորհուրդ եմ տալիս սեփական անցյալի հարցում լինել հնարավորինս անկեղծ. դա ապագային նայելու լավագույն միջոցն է», հայտարարել է Շուլցը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակՙ դիմելով Թուրքիայի եվրոպական գործերի նախարար Էգեմեն Բաղըշին եւ ընդգծելով, որ այդ խորհուրդը տալիս է «որպես գերմանացի»:
«Դուք պետք է որ ընդունեք ձեր պատմությունը եւ թույլատրեք անկախ հետաքննությունների անցկացումը: Եվ եթե դրանցից պարզվի, որ խոսքը ցեղասպանության մասին է, ապա դուք պարտավոր կլինեք այն ճանաչել», ավելացրել է Շուլցը:
«Իբրեւ գերմանացիՙ ես ստիպված եմ ամեն օր ապրել մեր անցյալով, որը դյուրին չի եղել: Իմ երկրի անցյալի ուրվականը մնում է մինչեւ օրս: Ես ամեն օր բախվում եմ իմ երկրի անցյալին», ընդգծել է Շուլցը, գտնելով, որ նոր սերունդները, եթե նույնիսկ «հանցավոր չեն», պարտավոր են թույլ չտալ անցյալի սարսափների կրկնություն:
Եվրոխորհրդարանի նախագահը հորդորել է «հարգել» վերջերս ընդունված ֆրանսիական օրենքը, որը պատժում է Հայոց ցեղասպանության ուրացումը: «Չգիտեմ, Եվրոմիությունում արդյոք շա՞տ են այն մարդիկ, որոնք համամիտ են Ֆրանսիայի խորհրդարանի անդամներին», ասել է նա, ավելացնելով, որ իր կարծիքով Թուրքիային է վիճակված «խնդրի կարգավորումը»:
Ֆրանսիայում ընդունված օրենքը 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա բանտարկություն է նախատեսում երկրի օրենքով ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար: Օրինագծի ընդունումը խոր ճգնաժամ առաջացրեց ֆրանս-թուրքական հարաբերություններում: Թուրքիան չի ընդունում Անատոլիայում հայկական ջարդերի ցեղասպանական բնույթը: Հայերը խոսում են 1,5 միլիոն զոհերի, Անկարանՙ 500 հազար սպանվածների մասին:
Բաղըշը իր ելույթում վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը: Նրա կարծիքովՙ պատմության վերաբերյալ դատողություններ պետք է անեն ոչ թե քաղաքական գործիչները, այլՙ պատմաբանները: Նա հիշեցրել է, որ իր երկիրը 2005-ին Հայաստանին առաջարկեց պատմաբանների հանձնախումբ ստեղծել 1915-ի իրադարձություններն ուսումնասիրելու համարՙ պայմանով, որ հանձնախմբի առջեւ բաց լինեն մի շարք երկրների, այդ թվումՙ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի արխիվները:












