Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Ինչպես կարդալ Աստվածաշունչը

Փետրվար 10, 2012թ. 22:13

ActvazashunjՍրտի մաքրություն

«Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում»: (Իմաստ. Ա 4)
Աստվածաշունչն հասկանալ կամեցողը ոչ այնքան պետք է տրվի մեկնությունների ընթերցմանը, որքան մարմնական արատներից սրտի մաքրագործմանը։ Եթե այս արատներն արմատախիլ արվեն, ապա կրքերի ծածկոցը վերցվելուն համապատասխան հոգևոր աչքերը պարզ կտեսնեն Ս. Գրքի գաղտնիքները։ Քանզի այն Սուրբ Հոգին հայտնել է այն բանի համար, որ մենք ճանաչենք այն։ Իսկ չենք տեսնում այն պատճառով, որ մեր հոգևոր աչքերը ծածկված են արատների ծածկոցով։ Իսկ եթե նրանց վերադարձվի իրենց բնական առողջությունը, ապա միայն Ս. Գրքի ընթերցանությունն էլ բավարար կլինի նրա ճշմարիտ իմաստն ընկալելու համար, և մեկնիչների գրքերի կարիք չի զգացվի, ինչպես մարմնական աչքերը տեսնելու համար ոչ մի գիտելիքի կարիք չունեն, եթե միայն մաքուր են, ու խավար չկա նրանցում (ս. Իոան Կասիան)։

Երբ Տերն ամենայն աշխարհիկ բաներից ու վարդապետություններից մաքուր սիրտ է տեսնում, ապա նրա վրա, ինչպես մաքուր փոքրիկ տախտակի, գրում է Իր վարդապետությունը: Այս բանը նրա համար եմ ասում, որ որևէ մեկը չկարդա ոչ աստվածահաճո (գրքեր):

Սուրբ Գրքում անթեղվածը ճանաչելու համար պետք է սրբակենցաղ կյանքով ապրել։ Սակայն մաքուր կենցաղավարությունից զատ, պետք է հարատևել Ս.Գրքի ուսման մեջ, որպեսզի անդադրում ընթերցանության միջոցով Աստծո կարևոր ու խորհրդավոր խոսքերը դաջվեն մեր հոգիներում (ս. Բարսեղ Կեսարացի)։

Բոլոր երգերն էլ Սաղմոսարանի մի-մի կտակ են մարդկության համար կենդանագրված, որ, սակայն, միայն տեսանելի են մաքուր սրտերին (ս. Գրիգոր Նարեկացի)։

Քրիստոնյա՛, երկյուղածությամբ ընթերցելով Սուրբ Հոգու խոսքերը, հիշիր, որ մեր տկար, մեղավոր միտքն ի զորու չէ պարփակելու Աստծու խոսքի մեջ անփոփված իմաստության բովանդակ խորությունը: Գրված է. «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստ. Ա 4), քանզի ինքն իմաստությունը մարդու համար նախ և առաջ բարեպաշտություն է. «Աստվածապաշտությունն է իմաստություն» (Հոբ ԻԸ 28) (ս. Իգնատի Բրյանչանինով):

Թո՛ղ մեղսալից կյանքը, թո՛ղ աշխարհասեր մոլություններն ու հաճույքները, ուրացի՛ր անձդ, այդժամ Ավետարանը քեզ համար մատչելի ու հաճելի կդառնա։

Տերն ասում է. «Ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. ԺԲ 25) (այն անձը, որի համար անկումից ի վեր մեղսասիրությունը բնական ապրելակերպ դարձավ)։ Փակ է Ավետարանը նրա համար, ով սիրում է իր անձը, ով չի որոշում ինքնուրաց լինել։ Նա կարդում է տառը, բայց կյանքի խոսքը, ինչպես Հոգին, նրա համար մնում է անթափանց ծածկոցի տակ։

Երբ Տերն Իր սուրբ մարմնով աշխարհում էր, շատերն էին տեսնում Նրան, բայց միաժամանակ և չէին տեսնում։ Ո՞րն է օգուտը, երբ մարդը նայում է այն մարմնավոր աչքերով, որոնցից կենդանիներն էլ ունեն, բայց ոչինչ չի տեսնում հոգու աչքերով՝ մտքով և սրտով։ Այսօր էլ շատերը ամեն օր կարդում են Ավետարանը, բայց միաժամանակ երբեք չեն կարդացել, ամենևին ծանոթ չեն նրան (ս. Իգնատի Բրյանչանինով)։

Սեր Սուրբ Գրքի նկատմամբ
«Սքանչելի են Քո վկայությունները, դրա համար հոգիս սիրեց դրանք: Քո խոսքերի հայտնությունը լուսավորում և իմաստնացնում է պարզամիտներին»:

(Սաղմոս ՃԺԸ 129-130)

Ինչպես պետք է մեզ սիրել Աստծո խոսքը։ Մենք՝ քրիստոնյաներս, ոչ մի այլ բանով չպետք է այնպես մխիթարվենք և ուրախանանք, ինչպես Նրա սուրբ խոսքով։ Աստծո խոսքը Նրա բերանի խոսքն է, ինչպես վկայում է Դավիթ մարգարեն. «Քո բերանից ելած օրենքն ինձ համար ավելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի» (Սաղմ. ՃԺԸ 72)։ Հետևաբար, ինչ ջանասիրություն, սեր ու անհագ ծարավ պետք է ունենալ այն ընթերցելու և լսելու համար։ Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում ենք Աստծո սպասավորի ընթերցումները, լսում ենք մեզ հետ զրուցող մեր Տեր Աստծուն։ Եվ եթե սիրով ենք լսում մեզ հետ զրուցող երկրավոր թագավորին (յուրաքանչյուր ոք սա մեծ պատիվ է համարում), ապա առավել սիրով և հոժարությամբ պետք է լսել մեզ հետ խոսող Աստծուն՝ երկնքի և երկրի Թագավորին։ Նա պատվել է անարժաններիս Իր ողորմությամբ, և պատշաճ չէ, որ մենք անտեսենք Նրա այդ մեծ ողորմությունը, այլ մանավանդ սիրահոժար ունկնդրությամբ կամ Նրա խոսքի ընթերցանությամբ մեր երախտագիտությունը հայտնենք Նրան և հավատանք (այն ամենին), ինչ հայտնում ու խոստանում է խոսքը, կատարենք, ինչ հրամայում է, խույս տանք (այն ամենից), ինչ արգելում է։

Այստեղից էլ ակնհայտ է, թե ինչ անիմաստ և, մանավանդ, անօրեն բան է, երբ քրիստոնյաները խուսափում են Աստծո խոսքից։ Շատերն այս կենդանարար ու սուրբ աղբյուրը թողած՝ զվարճանում են անպիտան գրքերով, որոնք ուրախացնում են մարմինը, բայց այլասերում հոգին, և նմանօրինակ ընթերցանությամբ կործանում են սեփական անձը, այլ ոչ թե կերտում։ Ոմանք ջանում են իմանալ, թե ինչ է կատարվում Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և այլ հեռավոր երկրներում, բայց իրենց անձերին ու իրենց մեջ նայել չեն ուզում։ Աստծո խոսքի լույսով չեն ձգտում ճանաչել, թե ի՞նչ է կատարվում իրենց հոգու հետ, ի՞նչ վիճակում է այն: Ոմանք էլ խոտերի, բույսերի, ծառերի և մնացածի բնությունն են ցանկանում զննել, բայց իրենց՝ մեղքով պղծված բնությունը Աստծո խոսքով քննել չեն ուզում։ Մյուսներն աստղերը հաշվել, հողը չափանշել են սովորում, բայց իրենց կարճ կյանքի օրերն ու անհամար հանցանքները, որոնցով ամեն օր մեղանչում են Տիրոջ առաջ («Իր հանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել» (Սաղմ. ԺԸ 13) Աստծո խոսքով տեսնել չեն ուզում։ Ուրիշները զօրուգիշեր սովորում են, որ հարստություն ձեռք բերեն, որը մարմնի հետ միասին թողնելու են այս աշխարհում, բայց հոգեշահ հարստություն Սուրբ Գրքից կուտակել չեն կամենում, և հոգու հետ այն աշխարհ գնացող հարստությունն արհամարհում են։ Ոմանք ձգտում են ողջ ու առողջ պահել վաղ թե ուշ աճյուն դարձող մարմինը, իսկ անմահ հոգու նկատմամբ անհոգ են և նրա ախտերն Աստծո խոսքով ճանաչել ու բուժել չեն ուզում։ Մյուսներն այլ բան են խորհում ու անում, իսկ այն, ինչ անհրաժեշտ է ըստ Քրիստոսի վարդապետության, անտեսում են։ Բոլոր սրանք և նրանց նմանները նման են այն մարդուն, ով գրոշները պահում է սնդուկի մեջ, բայց անփույթ է հազար ոսկեդրամի նկատմամբ, կամ էլ՝ նրան, ով խեղդվում է ջրում, սակայն, չմտածելով իր անձի մասին, ուզում է իր իրերը փրկել (ս. Տիխոն Զադոնսկի)։


Սուրբ Գրքի նկատմամբ մեր վերաբերմունքը

«Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում» (Հովհ.Ը 47)։
Պրավոսլավ Եկեղեցու ժամանակակից մի հոգևորական Նոր Կտակարանի ընթերցման կարգին վերաբերող՝ համայնքին ուղղված իր հովվական քարոզում ասում է. «Ընդունի՛ր այս սրբազան Գիրքն իբրև պարգև՝ առաքված քեզ երկնքից՝ Տիրոջ կողմից… Ընթերցելիս մի՛ մոռացիր, որ տեսնում ես Իրեն՝ Տիրոջը, Ով Իր առաքյալների հետ միասին Ավետարաններում, Գործք առաքելոցում և առաքելական թղթերում խոսում և գործում է քո առջև»։ Ահա մարդու ճշմարիտ վերաբերմունքը «հավիտենական և կենդանի» խոսքի նկատմամբ։

Յուրաքանչյուր պատմական անձի գործունեություն ավարտվում է նրա մահվամբ, և այնժամ իրապես մեզ համար դառնում է անցյալի պատմություն։ Այդպիսին չէ Հիսուս Քրիստոսի Անձն ու գործունեությունը։ Նա մեռած չէ, այլ ողջ է և «մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն ճշմարտապես (Սաղմ. ՃԽԴ 18)։ «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20)։ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20)։ Ուստի և մենք Ավետարանն ընթերցելիս կարող ենք խոնարհ ու հավատավոր սրտով տեսնել Տիրոջն Իր առաքյալների հետ գործելիս, լսել Նրա խոսքը…

«Հիսուս Քրիստոսը՝ մեղավորների Բարեկամը, քայլում է Աստվածաշնչի այգիներով, ինչպես մի ժամանակ՝ Պաղեստինի լեռներով ու հովիտներով։ Դուք կարող եք հիմա էլ տեսնել Նրան, եթե բաց աչքերով նայեք հին մարգարեություններին, ավելի հստակ կտեսնեք Նրան չորս Ավետարաններում։ Նա բացահայտում է մեզ գաղտնիքներով առլեցուն Իր հոգին առաքելական թղթերում և լսել տալիս Իր քայլերը Հայտնության Գրքի խորհրդանիշներում. լսել է տալիս, թե ինչպես է մոտենում Իր գալուստը։ Ողջ է Քրիստոս Իր Գրքում. դուք Նրան տեսնում եք գրեթե ամեն էջում, լսում Նրա խոսքը. ասես Ինքն Անձամբ ձեզ հետ խոսելիս լինի։ Քրիստոս ցայժմ խոսում է Իր Գրքի մեջ Երանիների լեռից. Աստված, Ով ասաց՝ եղիցի լոյս, շարունակում է Իր (Գրքի) էջերում նույն պատվիրանները տալ։ Անկաշառ ու անփոփոխ ճշմարտությունն է Իր ողջ զորությամբ բնակվում Գրքում և Նրան կենդանի պահում։ «Խոտը չորանում, ծաղիկն էլ թափվում է, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետ. Ա 24)։

Ինչպես որ կարդում ու վերընթերցում ենք մեզ համար թանկագին մարդու նամակի տողերը՝ կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա, խորամուխ լինելով նրա մեջ և բավականություն ստանալով, մեր միտքն ու զգացմունքներն ուղղելով նրան, ումից ստացել ենք նամակը, այդպես էլ պետք է կարդանք Աստծո խոսքը։ Պետք է կարդալ երկյուղալից ուշադրությամբ, թոթափելով ամեն մի կասկած ու կենցաղային բոլոր հոգսերը, վեր բարձրացնելով սեփական միտքն ու սիրտն առ Նա, Ով Իր հայրական հոգատարությամբ «առաքեց Իր խոսքն ու բուժեց մեզ» (հմմտ. Սաղմ. ՃԳ 20) (1)։

Աստված հայտնվում է Սուրբ Գրքում՝ կարծես քայլելով ու խոսելով, ուստի և մարդը Սուրբ Գիրք կարդալիս ասես լսում է Աստծո ձայնը։ Մենք խոսում ենք Քրիստոսի հետ, երբ աղոթքի ենք կանգնում, մենք լսում ենք Նրան, երբ կարդում ենք Սուրբ Գիրքը (ս. Ամբրոսիոս, Միլանի եպիսկոպոս)։

Եթե դու երկրավոր թագավորից նամակ ստացած լինեիր, մի՞թե այն մեծ ուրախությամբ չէիր կարդա: Իհարկե, մեծ ուրախությամբ և սրտատրոփ ուշադրությամբ: Այնինչ ստացածդ նամակը ոչ թե երկրավոր, այլ Երկնային Թագավորից է, իսկ դու գրեթե արհամարհում ես այդ շնորհը` այդ անգին գանձը:

Ամեն անգամ կարդալով սուրբ Ավետարանը, դու լսում ես Քրիստոսի` քեզ հասցեագրված խոսքերը: Ընթերցելիս դու և՛ աղոթում ես Նրան, և՛ զրուցում Նրա հետ (ս. Տիխոն Զադոնսկի):

Ոմանք պարծենում են ազնվազարմ իշխանների ու արքաների հետ ունեցած զրույցով, իսկ դու պանծա՛, որ Սուրբ Գրքում զրուցում ես Սուրբ Հոգու հետ, քանզի Սուրբ Հոգին է նրանց միջոցով խոսողը։

Ջանա՛ ընթերցել Սուրբ Գիրքը և հարատևել աղոթքի մեջ։ Քանզի ամեն անգամ, երբ Գրքերի միջոցով խոսում ես Աստծո հետ, սրբագործվում են մարմինդ ու հոգիդ։ Իմանալով այս՝ ջանա՛ հարատևել ընթերցանության մեջ (Եպիսկոպոս Ֆեոֆան)։


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն