Ո՞ւր Է Կորել Մեր Ազգային Արժանապատուութիւնը
Երկրի հեղինակութիւնը բնակչութեան ու տարածքի չափով չի որոշւում: Երկիրը փոքր է, թէ մեծ, դա նշանակութիւն չունի: Երկիրը պէտք է արդար ու ազնիւ հիմքերի վրայ կառուցուի, բնակիչները պէտք է ազգային, պետական մտածողութիւն ունենան:
Մենք 90-ական թուականներին դրսեւորեցինք ազգային, պետական կեցուածք, արթնացաւ հայոց ազգային ոգին. հայի պատիւը, արժանապատուութիւնը բարձր պահելու համար ազգովի ոտքի կանգնեցինք: Ոտքի կանգնեց ոչ միայն Հայաստանի, Արցախի, Ջաւախքի, այլեւ ողջ աշխարհի հայութիւնը: Հայը միասնական կամք դրսեւորեց, որի արդիւնքը բոլորիս է յայտնի: Մենք կարողացանք մեր կորցրած հսկայական հայրենիքի մի փոքրիկ մասն ազատագրել: Հայի հեղինակութիւնը վերականգնուեց ողջ աշխարհում: Այո. ճիշդ են ասել. «Ուժեղին յարգում են, օգնում, մեծարում, իսկ թոյլին` խղճում, թողնում, հեռանում»:
Այն ժամանակ բոլորս մտածում էինք ու երազում, որ կարճ ժամանակում Հայաստանը կ’ունենայ մօտ հինգ միլիոն բնակիչ, իսկ Արցախը` մէկ միլիոն: Դարեր ու դարեր հայրենիքին կարօտած հայերը կը վերադառնան իրենց ազատագրուած հայրենիքը:
Եւ ի՞նչ ստացուեց…
Կորաւ ազգային մտածողութիւնը:
Նրանք, որոնք նորմալ կօշիկ չունէին, դարձան միլիոնատէր, մինչեւ անգամ միլիարդատէր` թալանելով, գռփելով իրենց իսկ ժողովրդին, ազգին: Առանց ամաչելու պալատներ կառուցեցին հէնց իրենց ժողովրդի աչքի առաջ: Ով եկել էր կռուելու եւ մի քանի անգամ կրակել թշնամու վրայ, վերադարձաւ հայրենիք ու դարձաւ միլիոնատէր` ստանալով բարձր կոչումներ ու պաշտօններ:
Այսօր դուք կարո՞ղ էք մատնանշել, ցոյց տալ մի պաշտօնեայ, որը չի հարստացել իր իսկ ազգի հաշուին: Այսօր հայ ազգն ու Հայաստանը ամբողջովին հեղինակազրկուել են ողջ աշխարհում: Հայի մօտ ազգային մտածողութիւնն այն աստիճանի է իջել, որ հարազատներն անգամ մեղադրում են նրանց:
Պետական այրերը, ղեկավարները պէտք է ոչ թէ իրենց մասին մտածեն, թէ ինչպէս հարստութիւն դիզեն, այլ` ազգի, ժողովրդի, պետութեան մասին: Սա է անմահութեան գաղտնիքը, յաւերժութեան խորհուրդը:
Ո՞ւր է մեր ազգային, պետական մտածողութիւնը: Հայը մոռացաւ իր նպատակը, երդումը, թէ ինչի համար էր ելել պայքարի: Ամէն մի անձ, ով պաշտօն է զբաղեցնում, այլեւս չի տեսնում իր ազգի թշուառ վիճակը: Մի չնչին պաշտօնի կամ փողի համար մարդը, հայը վաճառում է իրեն: Շարժման ժամանակ մեծ հեղինակութիւն վաստակած շատ մտաւորականներ, որ վայելում էին ժողովրդի սէրն ու յարգանքը, ունէին հսկայական հեղինակութիւն, այսօր հեղինակազրկուեցին, դարձան հարստահարիչներ` վաճառուեցին:
Նրանցից մէկին հարցնում են, թէ ինչքա՞ն է պէտք, որ անցնի իր կողմը, վաճառի իր «շկուռը» եւ նա պատասխանում է. «երեք միլիոն»: Եթէ գրքերում կարդայինք, չէինք հաւատայ:
Հայը դարձաւ այսպիսին: Ո՞վ կը մտածէր: Շատ շատերն են այսօր յանուն պաշտօնի վաճառւում:
1999-ից յետոյ Հայաստանը աստիճանաբար թուլացաւ: Նոր իշխանութիւնների օրով զինուորականութեան մէջքը ջարդուեց: Ստեղծուեց օլիգարխիական համակարգ:
Հայաստանն այսօր ոչ թէ 5 միլիոն դարձաւ, այլ դատարկուեց, մնացել է մօտ երկու միլիոն, որոնք էլ մտածում են` ինչպէ՞ս հեռանան այս երկրից, որտեղ տիրում է կատարեալ թալանն ու անարդարութիւնը, վախն ու սարսափը: Արցախի սահմանամերձ գիւղերը լրիւ դատարկուել են: Բնակչութիւնը կամաւոր հեռանում է: Եթէ 1995 թ. հայի հեղինակութիւնը 80 տոկոս էր աշխարհում, ապա հիմա արդէն իջել է 20-30 տոկոս: Այսօր հեղինակազրկուեցինք ողջ աշխարհով մէկ եւ այն էլ մեր իսկ մեղքով: Հիմա այլեւս մեզ ոչ ոք չի օգնում: Բոլորը սարսափի ու վախի մէջ են: Քաղաքական հայեացքների պատճառով մարդկանց հալածում են, գործից հանում: Այն ժամանակ շատերն էին օգնում հայերին ու Հայաստանին, իսկ հիմա` գրեթէ բոլորը հրաժարւում են, որովհետեւ այդ օգնութիւնները ոչ թէ ժողովրդին է հասնում, այլ գնում է օլիգարխների գրպանը:
Ազգային մտածողութիւնը հաւասարուել է զրոյի: Նայէք հրեաներին, թէկուզ վրացիներին. ի՞նչ տեսակ են մտածում իրենց ազգի ու պետութեան մասին: Իսկ Մե՞նք…
Միայն վերջին երկու-երեք տարում հայկական բանակում մօտ երկու տասնեակ երիտասարդներ զոհուեցին խաղաղ պայմաններում եւ այն էլ հայերի ձեռքով: Այդ իր նախադէպը չունեցող հրէշաւոր երեւոյթի նկատմամբ անգամ մեր ժողովուրդը անտարբեր մնաց: Ողբերգական է նաեւ այն, որ իշխանութիւնները դրանք որակում են անզգուշութիւններ կամ ինքնասպանութիւններ: Ինչո՞ւ պիտի հայ զինուորը ինքնասպանութիւն գործի եւ կամ ինչո՞ւ են նրան հասցնում այդ վիճակին: Աթէնքում ոստիկանները մի երեխայ էին սպաննել եւ այն էլ հայ: Ամբողջ Աթէնքը բուռն բողոք բարձրացրեց: Երբ Ֆրանսիայում ոստիկանները անարդար վարուեցին մի քանի արաբ ուսանողի նկատմամբ, ամբողջ արաբ երիտասարդութիւնը ոտքի կանգնեց: Իսկ մե՞նք…
Ինչո՞ւ հայը դարձաւ անտարբեր իր երկրի, հայրենիքի, ազգի, մինչեւ իսկ հարազատների նկատմամբ: Այսօր հայ ընտանիքներում սպանութիւններ են տեղի ունենում, որտեղ հարազատը սպաննում իր հարազատին: Սա եւս իր նախադէպը չունեցող երեւոյթ է:
Այսօր Հայաստանում, Արցախում, Ջաւախքում գենոցիդ է, որը ոչ թէ օտարներն են կազմակերպում, այլ մենք` ինքներս` հայերը: Սա սպիտակ գենոցիդ է:
Ի՞նչ է կատարւում այսօր Հայաստանում:
Այս ցեղասպանութիւնը մեր իսկ մեղքով է, ուրիշին մեղադրելու իրաւունք չունենք: Հայը իր ազատագրած հայրենիքում այլեւս չի կարող ապրել, չի կարող հանդուրժել այն անարդարութիւնը, որ տեսնում է իր շրջապատում եւ թողնում հեռանում է: Հեռանալը, փախչելը պայքարի ձեւ չէ: Պէտք է մնալ, պայքարել, յաղթել ու Հայաստանը դարձնել այն Երկիրը, որը դարեր շարունակ երազել էր հայը…
Այսօր Ռուսաստան իրենց կամքով են արտագաղթում հայերը, եւ այն էլ այն վայրերը, որտեղ նախկինում յանցագործներին էին աքսորում: Հայերի այդ արտագաղթին ուշադրութիւն չեն դարձնում մեր պետական այրերը: Չէ՞ որ նրանցից շատերը ընտանիքներով են գնում, գնում են մշտական բնակութեան, որոնց Ռուսաստանը տալիս է եւ́ տներ, եւ́ տարածքներ, եւ́ աշխատանք: Ինչո՞ւ պէտք է ռուսական ղեկավարները այդպէս մտածեն իրենց երկրի մասին, իսկ մերոնք` միայն իրենց մասին:
Ապրուստի միջոց որոնող հայը այսօր չի կարող աշխատանք գտնել իր իսկ երկրում, թոշակառուն չի կարող ստացած չնչին թոշակով ապրել եւ թողնում հեռանում են, որովհետեւ նրանց հեռացնում են աշխատանքից` հաշուի չառնելով ու չօգտագործելով նրանց հսկայական գիտելիքներն ու կենսափորձը: Շարունակական արտագաղթն այսօր ահագնացող է: Եթէ 2008թ. Հայաստանից արտագաղթել է մօտ 23 հազար հայ, 2009թ. 25 հազար, 2010թ.` 40 հազար. իսկ 2011թ. Սեպտեմբերի վերջին, արդէն 100 հազարից շատ:
Այսօր Հայաստանի հայը աւելի շատ վախենում է ոչ թէ թուրքերից, ադրբեջանցիներից, կամ վրացիներից, այլ հէնց մերոնցից, մեր ղեկավարներից: Աչքը տեսածից է վախենում: Ինչպիսի՞ հայեր սպաննուեցին մեր իսկ` հայերի ձեռքով, մեր աչքի առաջ, օրը ցերեկով: Եւ այդ երեւոյթը շարունակւում է: Զարմանալին այն է, որ դեռ ոչ ոք չի պատժուել՝ չնայած ողջ ազգը գիտի, թէ ովքեր են՝ Վազգէն Սարգսեանի, Կարէն Դեմիրճեանի ու Մարտի 1-ի մեղաւորները:
Խղճի, հայրենասիրութեան, ազգասիրութեան զգացումը բացարձակապէս բացակայում է մեր երկրում:
Հայաստանի քաղաքացին ազատ քայլել չի կարող իր իսկ քաղաքում: Յանկարծ փողոցում երեւում են բազում ընտիր մեքենաներով զբօսնող բարձրաստիճան պաշտօնեաներ: Ինչո՞ւ է հայ պաշտօնեան վախենում իր իսկ երկրում, իր իսկ ժողովրդից, որ բազմաթիւ թիկնապահներով շրջապատուած են շարժւում:
Ինչո՞ւ…
Ումի՞ց են վախենում… Չէ որ այստեղ ապրողները հայերն են, այն հայերը, որոնք պայքարում էին հայրենիքի ազատութեան համար:
Ահ ու սարսափ է տիրում Հայաստանում, որը յիշեցնում է 1937 թիւը: Մտաւորականի մէջքը ջարդեցին: Հայաստանը մտաւորականի երկիր էր, կարդացող, ստեղծագործող մտաւորականի երկիր: Իսկ այսօ՞ր. մտաւորականը հալածւում է, արհամարհւում, անտէրութեան մատնւում: Այսօր տարեց մտաւորականին, գիտելիքների մեծ պաշար ունեցող մանկավարժներին, մասնագէտներին ազատում են գործից, որ գնայ տանը նստի ու սպասի մահուան: Եւ սա 21-րդ դարում:
Մ. Խորենացու «Ողբը» այսօրուայ համար է գրուած, այն այսօր եւս արդիական է:
Ուսուցիչները` տխմար ու ինքնահաւան, փողով ընտրուած եւ ոչ սուրբ հոգով, ոսկեսէր, նախանձոտ:
Կրօնաւորները` կեղծաւոր, ցուցամոլ, սնափառ, պատուասէր, քան աստուածասէր:
Աշակերտները` սովորելու մէջ ծոյլ, սովորեցնելու մէջ փութաջան.
Ժողովականները` ամբարտաւան, ստահակ, մեծախօս, աշխատանքից խուսափող, արբեցող:
Զինուորականները` անարի, պարծենկոտ, զէնք ատող, ծոյլ, ցանկասէր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ.
Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, յափշտակող, աշխարհ աւերող:
Դատաւորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրաւունքը չպահպանող.
Եւ առ հասարակ սէրն ու ամօթը՝ ամէնքից վերացած:
Անցել է հազար վեց հարիւր տարի, բայց Մեծն Խորենացու խօսքերը արդիական են եւ դա շատ զարմանալի է: Եւ դա է պատճառը, որ Հայը փախչում է իր ազատ ու անկախ երկրից: Նա զրկուեց ու կտրուեց ազգային մտածողութիւնից ու ազգային արժէքներից: Այսօր մտաւորականութեան անկում է տեղի ունենում, արդիւնքը եղաւ կրթութեան անկումը, որը ոչ ոք չի կարող ժխտել, որովհետեւ դա բոլորն են տեսնում ու հասկանում: Լաւագոյն կրթական հաստատութիւններ են փակւում: Լաւագոյն մանկավարժները վախենում են իրենց կարծիքները յայտնել, որովհետեւ գործից անմիջապէս հեռացնում են:
Այսօր ոչ միայն աշակերտը չի կարդում, այլեւ` ուսուցիչը մինչեւ անգամ «Կրթութիւն» թերթը: Եթէ մինչեւ 1990թ. «Կրթութիւն» թերթը լոյս էր տեսնում տասնվեց հազար տպաքանակով եւ բոլոր ուսուցիչները կարդում էին մեծ սիրով ու հետաքրքրութեամբ, ապա այսօր այն լոյս է տեսնում չորս հազար տպաքանակով եւ գրեթէ ոչ մէկը չի կարդում: Այնտեղ ուսուցչի համար կարդալու ոչ մի թեմա, նիւթ չկայ… Ի՞նչ կարդայ ուսուցիչը այդ թերթում: Գրեթէ բոլոր համարներում պետութեան ղեկավարների ու կաթողիկոսի նկարներն են: Կրթութեան մասին այլեւս ոչինչ չկայ:
Դպրոցում վերանում է ազգային դաստիարակութիւնը; Հինգերորդ դասարանից դուրս եկաւ գրականութիւն առարկան: Ծրագրից հանեցին «Հայկի եւ Բէլի պատերազմը», «Վահագնը» եւ նրանց տեղը գրաւեցին «Մուրացկանն ու հագուստը», «Այգեպան Մօսին»: Էլ ինչպէ՞ս կարող է հայրենասիրութիւն դաստիարակուել երեխայի մէջ:
Ընկել է նաեւ մայրենի լեզուի նկատմամբ վերաբերմունքը; Մաքուր գրական հայերէնը վերանում է: Փողոցում, դպրոցներում, մինչեւ անգամ հեռուստացոյցով աղաւաղում են մեր սրբութիւնը` հայոց լեզուն:
Բացարձակապէս վերացաւ հսկողութիւնը նաեւ այս բնագաւառում: Մնացածը դուք շարունակէք…
Ո՞ւր ենք գնում մենք այսպէս…եւ մինչեւ ե՞րբ: Ո՞վ պէտք է մտածի մեր մասին:
Յարգում եւ օգնում են այն ազգին, որը միասնական է եւ ուժեղ: Ոյժ, միասնականութիւն եւ ազգային գաղափարախօսութիւն չի կարող լինել այն ազգի մէջ, որը 50-ից աւելի կուսակցութիւն ունի եւ նրանցից ամէն մէկը նախ իր կուսակցակութեան շահն է պաշտպանում, նոր` ազգինը:
Ամէն մի հայ պէտք է մտածի, որ ինքն էլ է պատասխանատու այս վիճակի համար եւ ինքն էլ մեղքի իր մասն ունի: Եթէ հայ ես` անկախ տարիքից, մասնագիտութիւնից եւ ապրելու վայրից, պէտք է օգնես քո ազգին, հայրենիքին, պետութեանը:
Համլետ Նահատակեան, Երեւան
(ՀՀ վաստակաւոր ուսուցիչ, Ներսիսեան վարժարանի հիմնադիր տնօրէն)












