«Նախաստորագրված արձանագրությունները ճաշացանկ չեն, որ ընտրենք մեր քիմքին հաճելի խորտիկները», -ասում է Արա Պապյանը
Իր ելույթում Արար Պապյանը նշեց, որ ցանկացած հուզախառն հայտարարություն` «21-րդ դարին վայել չէ փակ սահմաններ հարևանների հետ», «պետք չէ հավերժական թշնամիներ լինել հարևանների հետ», նման բառախեղդ արված մտազեղումները` խնդիրը գլխիվայր ներկայացնելու փորձեր են: «Արձանագրությունները միջպետական իրավական փաստաթղթեր են, որով կողմերը փոխադարձաբար ստանձնում են որոշակի իրավունքներ և պարտավորություններ, ուստի դրանք կարող են գործել միմիայն որպես ամբողջական փաստաթղթեր»,- ասում է Պապյանը: Ըստ նրա, եթե այդ փաստաթղթերում առկա է գեթ մեկ մերժելի կետ, ուստի` մերժելի է փաստաթուղթն ամբողջությամբ: «Արձանագրությունները ճաշացանկ չեն, որ ընտրենք մեր քիմքին հաճելի խորտիկները»,-ասում է նա:
Մերժելով` «ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց կան մասնավոր մտահոգություններ» ձևակեպումները, նա նշեց, որ այս արձանագրությունները միջազգային փաստաթուղթեր են, ոչ թե կուսակցական որոշումներ, ուստի առաջարկեց` իզուր տեղը ժամանակ չվատնել առաջարկություններ ներկայացնելու վրա և դիրքորոշումները ներկայացնել հստակորեն:
Հիշատակելով միջազգային պայմանագրերը, նա ասաց, որ ներկայացված արձանագրությունները խախտում են ՀՀ-ի դե յուրե տարածքային ամբողջականությունը, ոտնահարում միջազգային իրավունքի մի շարք հիմնադրույթներ, հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը: «Կասկածյալ տնտեսական շահի համար մեզ զրկում են ապագայում մեր զարգացման հնարավոր միջոցներից և վտանգի են ենթարկում ՀՀ-ի հետագա գոյությունը»,- ասում է Արա Պապյանը: Ըստ այդ փաստաթղթերը մերժելի են քաղաքական, տնտեսական, բարոյական, իրավական և այլ տեսանկյուններից:
Բացի այդ, ըստ բանախոսի, կողմերը չեն կարող սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը դիտարկել և հաստատել, որպես հայ-թուրքական սահման: Եզրափակելով իր խոսքը, նա դեմ արտահայտվեց արձանագրությունների ստորագրմանը:
Ա.Գ.












