Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյան. «Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում»

Հուլիս 12, 2012թ. 16:32

Ներկայացնում ենք ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Ուրախ եմ ողջունել Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինձ հաճելի է նշել, որ Հայաստանը մեծապես աջակցել է պարոն Զանիերի ընտրությանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և համոզված ենք, որ նրա նման փորձված դիվանագետը հմտորեն  և իմաստուն կերպով կիրականացնի ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարությունը:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը առանցքային դեր է խաղում «Վանկուվերից Վլադիվոստոկ»  ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում: Հայաստանը ԵԱՀԿ-ին իր անդամակցության 20 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել կազմակերպության ամրապնդմանը, հեղինակության բարձրացմանը, Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերում կազմակերպության շրջանակներում իրականացվող ծրագրերին և գործողություններին ԵԱՀԿ գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում:

Այժմ ԵԱՀԿ-ն գտնվում է բարեփոխումների գործընթացում, և պիտի նշեմ, որ Հայաստանը կաջակցի
ցանկացած նախաձեռնության, որի նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:

Մենք նաև կարևորում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առավել քան տասնամյա արդյունավետ գործունեությունը, որը զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման
տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Ի վերջո, ԵԱՀԿ-ն մեզ համար կարևորվում է նաև նրանով, որ Մինսկի խմբի շրջանակներում են
անցկացվում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները:

Հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի շուրջ: Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում: Եվ որքան շուտ բոլորը հասկանան դա, և, ինչպես նշում են համանախագահ երկրների ղեկավարները սկսեն պատրաստել հասարակությունը խաղաղության և ոչ թե պատերազմի, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի գալ համաձայնությունների:

Այս առումով մենք կարևորեցինք նաև վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի համաձայնեցումն ու շուտափույթ կիրառումը:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն