Նաիրա Զոհրաբյանը կրկնում է, որ այժմ տեխնիկապես ռեալ չէ 44 ստորագրություն հավաքել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չգիտի, թե ինչ է փոխվել իր և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մի քանի օր առաջվա այն խոսակցությունից հետո, երբ ԱԺ դահլիճում քննարկել են հարցը, թե արդյո՞ք իրատեսական է 44 ստորագրություն հավաքելը՝ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար և ինքն ասել է, որ ոչ:
«Ես այն ժամանակ էլ՝ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ժամանակ, երբ «Բարգավաճից» ընդամենը 13 պատգամավոր էր ներկա, ասացի ու ասում եմ, որ այս պահին, երբ խորհրդարանը գտնվում է կիսաարձակուրդային վիճակում, իսկ 2-3 օրից արդեն պաշտոնապես արձակուրդները մեկնարկում են, տեխնիկապես հնարավոր չէ 44 ստորագրություն հավաքելը»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում գտնվող պատգամավորները՝ ինքը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը կմիանան նախաձեռնությանը, սակայն սա բավարար չէ պահանջված ստորագրությունները հավաքելու համար:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ հուլիսի 17-ին՝ ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար այսօր ժամը 17.55–ին ստանալու է համապատասխան ձևաթուղթ, որից հետո 24 ժամվա ընթացքում կփորձենք հավաքել 44 ստորագրություն:
Ի պատասխան այն հարցի, թե ի՞ն չ է փոխվել այս ընթացքում, չէ, որ մի քանի օր առաջ ինքն ասել էր, որ Լևոն Զուրաբյանը համաձայնել է իր դիտարկման հետ, որ այս նախաձեռնությունը իրատեսական չէ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը ասել է, որ նա իր ասածն ընդունել է ի գիտություն, իսկ հարցի մյուս մասի հետ կապված ավելացրեց. «Չեմ կարող ասել, դա ՀԱԿ-ը պետք է պատասխանի, իրենց նախաձեռնությունն է, ես չգիտեմ՝ ինչ հաշվարկ է ընկած հիմքում, բայց ես կրկնում եմ, որ այս պահին տեխնիկապես ռեալ չեմ համարում այդքան ստորագրություն հավաքելը»:
Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսին՝ պատասխանելով այս մասին լրագրողների հարցին, Լևոն Զուրաբյանը չբացառելով, իրենք դժվարություններ կունենա անհրաժեշտ ստորագրություններն ապահովելու հարցում՝ ասաց, որ իսկապես լուրջ հարց է:
«Եվ պետք է ասեմ, որ մենք վստահություն չունենք, որ կարող ենք հավաքել 44 ձայն, բայց մի հանգամանք, կա՝ շատերն ասում էին, որ եթե լիներ նախաձեռնությունը մենք կմիանանք, դրա համար էլ նախաձեռնում ենք: Իհարկե, շատ լավ կլիներ, որպեսզի հավաքեինք անհրաժեշտ ձայները, որը կլիներ համարժեք գործողություն, բայց անգամ, եթե դա չլինի, սա նախազգուշական զանգ է, և ինչքան շատ ստորագրություն հավաքենք, այնքան բարձր է այս նախազգուշական զանգը հնչելու»:
Tert.am












