Գլխավոր » Տնտեսություն

ՌԴ Պետդումայի պատվիրակությանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու է ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին

Հուլիս 18, 2012թ. 10:42

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ՝ հուլիսի 17-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երևանից մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հնարապետություն` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշել է, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան և նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք է հայտնել, որ պատվիրակության անդամները, լինելով Ղարաբաղում, տեղում կհամոզվեն` արցախցիները, կերտելով անկախ պետություն, հիմնվում են ժողովրդավարական արժեքների վրա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, դարեր շարունակ հայ-ռուսական հարաբերությունները եղել են բարեկամական, և այսօր  երկու երկրները ոչ միայն ռազմավարական, այլ նաև դաշնակցային գործընկերներ են:

Ըստ նրա` երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով` տնտեսական,  քաղաքական, հումանիտար, մշակութային, այլ: ԱԺ փոխնախագահը երկկողմ  հարաբերությունների հետագա խորացման գործընթացում մեծապես կարևորել է  միջխորհրդարանական սերտ կապերի եղած ավանդույթների զարգացումը:

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Բալբերովի խոսքով, ով դիտորդ է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի` մայիսին կայացած ընտրությունների ժամանակ և տպավորված է դրանց բարձր մակարդակով անցկացմամբ, իրենց ներկայիս այցը նախևառաջ պայմանավորված  է այն համոզմամբ, որ միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել ցանկացած, այդ թվում` ԼՂ հակամարտությունը:

Ըստ նրա` հակացուցված են արտաքին, առավել ևս ռազմական միջամտությունները: «Ժողովուրդն  ինքը պետք է որոշի որ երկրում ապրի, ով իրեն ղեկավարի, ինչ ճանապարհով զարգանա»,-ասել է Ալեքսանդր Բալբերովը` համոզմունք հայտնելով, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կլինեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ևս մեկ դրսեւորում:

Պատգամավոր Իվան Սուխարևը (ՌԼԴԿ) ևս ընդգծել է հայ-ռուսական ջերմ, բարեկամական հարաբերությունները, և որպես քաղաքականության մեջ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ նշել, որ պետք է նոր նախաձեռնություններով ու ծրագրերի իրականացմամբ ամրապնդել  եղած  դաշնակցային կապերը:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ պետդումայի պատգամավորների` որպես դիտորդ մասնակցության  որոշումը խիզախ և գնահատելի քայլ է, քանի որ Ադրբեջանը ոչ համարժեք գնահատականներ է տալիս նման դիրքորոշմանը:

Այս երկրի այդպիսի կեցվածքը նա որակել է անհեռատես և սխալ, քանի որ, որպես դրա արդյունք, նորանոր մարդիկ են հետաքրքրվում ԼՂՀ ճակատագրով` ձգտելով տեղում անձամբ ծանոթանալ իրավիճակին, արցախցիների կյանքին:

Ըստ Արտակ Զաքարյանի` ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությունները ևս մեկ ցուցանիշ են, որ Արցախն ընթանում է ժողովրդավարության ուղով: Նա կարևորել է նաև համատեղ ջանքերով տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչին մեծապես կարող են նպաստել խորհրդարանականների պարբերական, նպատակային շփումները:

ՌԴ Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, ով ներկայացնում է նաև Ռուսաստանի Միջազգային իրավունքի ընկերակցությունը, նշել է, որ իր համար միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ լուծում ունի` յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք: «Այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել»,-ընդգծել է նա: Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, համատեղ ջանքերը հարկ է ուղղել նաև նրան, որ այս մոտեցումը փոխանցվի ու դառնա քաղաքացիական հասարակության համոզմունքը:

Դենիս Դվորնիկովի խոսքով`պատմական աղավաղումների դեմ և ճշմարտության ու արդարության վերականգնմանն ուղղված պայքարում մեծ դերակատարում ունեն նաև քաղաքացիական կառույցները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է աշխուժացնել նման կառույցների համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն