ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐԸ
Նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթն ավարտվեց. այն ոչ միայն կարեւորվեց նրանով, որ ուրվագծվեցին նախագահի թեկնածուների մարտավարությունները, այլեւ շաբաթը «ուշագրավ» դարձավ նաեւ բնութագրումների տեսանկյունից:
Անցած շաբաթ թեկնածուներից յուրաքանչյուրը հանրությանը ներկայացավ սեփական PR տեխնոլոգիաների ողջ հմայքով: Ընտրողն էլ հասցրեց արձանագրել, որ նախագահացուների բանակը բաժանված է երկու ճամբարի. իրական պայքարողներ, որոնց քարոզարշավում ծրագրային պայքարի ականատեսը կլինի, եւ «էկզոտիկ» թեկնածուներ, որոնց համար խնդիրն ամենեւին էլ հաղթելը չէ, այլ, օրինակ, հաջորդ հինգ տարիներին մարդկանց հիշողության մեջ իբրեւ նախագահի թեկնածու մնալը:
Ակնհայտ է, որ նախընտրական մրցավազքի ընդգծված ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, որը քարոզարշավն սկսեց բարձր ակտիվությամբ` այցելելով մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ: Դատելով քարոզարշավի ընթացքից, թեկնածուի մարտավարությունը չի փոխվի, քարոզչության հիմնական նպատակը կլինի ծրագրի առավելագույն հանրայնացումը: Սերժ Սարգսյանը քարոզարշավի հենց սկզբից հիշեցրեց, որ հարազատ է մնալու իր մոտեցմանը. երբեք որեւէ մեկին դեմ չի աշխատելու. «Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու»:
«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը եւս ընտրել է ծրագրային բանավեճի մոդելը: Թեկնածուի քարոզարշավի առաջին շաբաթը, մամուլի քարտուղարի հավաստմամբ, անցել է արդյունավետ:
Նկատենք, որ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավն սկսեց կիրառելով ընտրողին համոզելու տեխնոլոգիան. օրինակ, որ ինքն է եղել երկրի լավագույն տնտեսական ռեֆորմների հայրը, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի դափնիներն էլ իրեն են պատկանում եւ այլն:
Պատահական չէր նաեւ, որ նախկին վարչապետը քարոզարշավը սկսեց հենց գյուղից: Չէ՞ որ ժողովուրդը առ այսօր չի ներում նրան գյուղացուն հողին հանձնելու համար։ Բագրատյանը գիտակցեց, որ այդ ծանր «խաչից» ազատվելու մի միջոց կա` քանի դեռ 68 տարեկան չէ, մասնակցել ընտրապայքարին, հնարավորինս ինքնամաքրվել։
Անցած շաբաթ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց` «Հնարավոր է», ու ողջ շաբաթվա ընթացքում ապացուցեց դա, լինելով ամենուր` վարսավիրանոցում, վերելակում, երթուղայինի մեջ, մետրոյում եւ այլ հասարակական վայրերում: Լուրեր տարածվեցին, թե Հովհաննիսյանը գնացել է Գորիս եւ մասնակցել բոլոր թաղումներին, հարսանիքներին: Ի դեպ, լրատվության հեղինակը նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն էր:
Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է շարժական քարոզարշավի արեւմտյան մոդելը, ժողովրդի հետ ուղիղ «կոնտակտի» մեջ մտնելու տեխնոլոգիան ոմանց դուր եկավ, ոմանց` ոչ:
Ռոմանտիկ քաղաքական գործչի համարում ունեցող Պարույր Հայրիկյանից ընտրողը նոր ու հետաքրքիր գաղափարներ էր ակնկալում, ինչը սակայն անցած շաբաթ տեղի չունեցավ: Պատճառը նրա նույնքան «ռոմանտիկ» կասկածամտությունն էր, թե «որոշ» թեկնածուներ իր մտքերը գողանում են: Սրանով պայմանավորված էլ որոշեց «ծրագրահենքը» հրապարակել մեկ շաբաթ անց:
Բայց անկախության մարտիկի ռոմանտիզմը շաբաթվա վերջում իրեն զգալ տվեց. նախ փոխեց կարգախոսը ու այսուհետ հանդես կգա «Անկախության առաջնորդը` անկախ Հայաստանի նախագահ» կարգախոսով, իսկ առավել տպավորիչ լինելու համար այն կմատուցի Մասիս սարի ու նախագահի նստավայրի ֆոնի վրա: Հետո էլ որոշեց ու նստեց եռօրյա չոր հացադուլի` ո՛չ հաց, ո՛չ ջուր, դրանով իր աջակցությունը հայտնելով հունվարի 21-ից առ այսօր հացադուլ հայտարարած նախագահի մեկ այլ թեկնածու, հասարակությանն անհայտ Անդրիաս Ղուկասյանին:
Երրորդ օրն էլ մի նամակ գրեց իր ընտրողին, թե չոր հացադուլը շատ վտանգավոր է կյանքի համար, թե սրտի շրջանում ճնշվածություն է զգում, ու նախանշված օրը դադարեցրեց այն` «քաղաքացիական համերաշխության» միսիան համարելով ավարտված:
Մինչդեռ հացադուլը կարծես սկսում է մեզանում նույնիսկ գայթակղիչ դառնալ: Հացադուլավորների շրջանակն էլ սկսել է ընդլայնվել, իր շարքերում ներառելով նաեւ ոչ նախագահացուների, այլ պարզապես մարդկանց, ովքեր մշտապես մեծ մարմաջ են ունեցել հասարակության ուշադրությանն արժանանալու: Ու եռօրյա հացադուլի էստաֆետը վերցրեց հացադուլի փորձ ունեցող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Ի գիտություն Անդրիաս Ղուկասյանի, որ բոլորովին պարտադիր չէր առաջադրվել նախագահի թեկնածու` ընդամենը հացադուլ անելու համար:
Նախագահի «էկզոտիկ» թեկնածու Վարդան Սեդրակյանն անցած շաբաթն անցկացրեց բազկաթոռի մեջ ընկղմված եւ խոստացավ այս դիրքից դուրս կգա միայն փետրվարի 1-ին, ինչպես Փոքր Մհերը Ագռավաքարից (մի փո՜քր տարբերությամբ` Ագռավաքարն այս դեպքում ընդամենը սեփական բազմոցն է):
Շաբաթն անհաջող էր հավերժական թեկնածուներ Արամ Հարությունյանի ու Արման Մելիքյանի համար: Մարդիկ, որոնց նախորդ բոլոր ընտրապայքարների միասնական ցուցանիշը երբեւէ չի անցել 1%-ից, անցած շաբաթ քննադատեցին ամենքին, խոսեցին ամեն ինչից, բացի սեփական ծրագրերից: Ու վերջում եկան միակ, ճշմարիտ հետեւության` հանել սեփական թեկնածությունը եւ չմասնակցել ընտրություններին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












