ԵԿԱՎ ԱՅԴ ՕՐԸ, ԵՎ ՓԱՌՔ ԱՍՏԾՈ
Հայոց բանակի 21-րդ տարեդարձն էր երեկ:
Տոներ կան, պատմական իրադարձությունների հիշողություն, որ երբեք չեն աղոտանում ժամանակի մեջ: Չեն աղոտանում, քանզի ժառանգած արյուն ունես, որի մուգը միայն քոնն է: Ու կապ չունի` թոշակառու ես թե մեծահարուստ, պաշտոնամերձ ես թե պաշտոնալեզ, ներքին հպարտություն կա ազգային, որի անունն է հայոց բանակ:
Հարյուրամյակներ ենք երազել մեր բանակի մասին, ՄԵՐ բանակի եւ այսօր ունենք: Կամաց-կամաց, դժվարությամբ, մեծ դժվարությամբ, բայց կայացավ` որպես ինքնիշխան ու հպարտ երկրի միակ իրական ձեռքբերում:
Պատմությունից գիտենք` այս իշխանն ունեցել է իր զինյալ ջոկատը կամ մի քիչ ավելի. արքունական հրամանով միավորվել կամ չեն միավորվել, կանգնել են թշնամու դեմ, բայց պետության կանոնավոր բանակ ասածը եղել է միայն թաքուն ու միայն երազանք:
Արցախյան գոյամարտի կամավորական բոլոր ջոկատների փափագն էր կռվել հայկական կանոնավոր բանակի շարքերում: Բոլոր հրամանատարներն էին երազում այդ մասին:
Եկավ այդ օրը` 21 տարի առաջ, եւ փառք Աստծո:
Բանակը ժողովրդինն է եւ ժողովրդի խաղաղության համար է, հայրենիքի համար է: Զինվորը ծառայում է հայրենիքին, իսկ ժողովուրդը պիտի ծառայի զինվորին, բանակին, իր զավակներին: Հայաստանի պարագայում սա պիտի լինի միակ ճշմարտությունը:
Բանակում թերացումներ կան. հարկ է վերացնել. հետեւողականորեն: Բթամիտներին նույն հետեւողականությամբ պետք է պատժել՝ «ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում» սկզբունքով: Իսկ այդ թերացումները հայոց բանակը վարկաբեկելու պատվիրված քարոզիչներին պիտի ի ցույց դնել, որ իմանանք մեր միջի թուրքին:
Հայրենիքին ծառայելը, իսկ մեր պարագայում հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է, որի կատարման անհրաժեշտությունը պիտի գիտակցվի: Եթե հայրենիքը վտանգված է, միակ ու ամենակարեւոր բանը նրա անվտանգությունն ապահովելն է:
Եվ յուրաքանչյուր անհատի պարտքն է իր կարողությունների չափով, իր բոլոր կարելիություններով օժանդակել իշխանություններին երկրի սահմաններն անձեռնմխելի պահելու գործում: Պետությունը կանգուն է հուսալի բանակով, մանավանդ մեր պետությունը, որ գտնվում է աշխարհաքաղաքական յուրահատւկ պայմաններում:
Իսկ բանակը սնուցող առայժմ միակ երակը զորակոչն է: Այն այսօր նախատեսված չափով չի իրականացվում, քանի որ շատերս դրսեւորում ենք աններելի անհոգություն` չցանկանալով ըմբռնել, որ թշնամուն դիմագրավելու համար ոգուց զատ զինվոր է պետք:
Ժամանակին կանոնավոր բանակի ստեղծման գործում Հայաստանի իշխանությունների աններելի դանդաղկոտությունը, ձեռնարկումների կիսատպռատությունը առաջ էին բերում բոլորիս դժգոհությունը, ինչի համար էլ քննադատում էինք իշխանություններին: Ճիշտ էինք անում:
Բայց հիմա մենք ինքներս ձախողում ենք զորակոչը` պահելով ու թաքցնելով զորակոչային տարիք ունեցողներին, զարտուղի ճանապարհներ ենք փնտրում ամեն գնով զորակոչը շրջանցելու համար: Բայց մենք պիտի մեզ պաշտպանենք. ուրիշ ճանապարհ չկա։ Օտարի փեշի տակ պահվելու ժամանակներն անցել են, եթե չի մեռել մեր ազգային ու պետական արժանապատվությունը:
Սիրում ենք խոսել հայրենիքի, հայրենասիրության, հակառակորդին դիմագրավելու անհրաժեշտության մասին, ուրախանում ու ոգեւորվում ենք հաղթանակներով եւ չենք մոռանում իշխանություններին հուշել, թե սահմաններն անվտանգ պահելու համար հարկ է գործադրել բոլոր միջոցները: Որովհետեւ շատերիս գործը խոսելն է, բղավելը, բայց ոչ կռվելը, հայրենիքին ծառայելը: Դա ուրիշինն է:
Շատերիս համար իբր ավարտված պատերազմը աներեւույթ է, օդի մեջ, հեռու է, բայց մոտ է այնպես, ինչպես տանդ յուրաքանչյուր հատված: Իսկ եթե այդպես չէ, նշանակում է տանտեր չես դու, այլ ամեն թակոցից վեր թռչող երկչոտ մի վարձակալ, որ շուտով պիտի հեռանա:
Հայոց բանակի տարեդարձը այն եզակի տոնն է, որի առիթով սիրով ես արտաբերում երբեք չմաշվող մի նախադասություն` Կեցցե:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ












