Գլխավոր » TOP, Վերլուծական, Քաղաքականություն

ԹԻՐԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐՆ Է

Փետրվար 2, 2013թ. 20:39

imagesՊարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ցնցեց բոլորին:
Երբ երկրում ընթացող կարեւորագույն գործընթացի` նախագահի ընտրությունների նախաշեմին կրակոց է հնչում նախագահի թեկնածուներից որեւէ մեկի ուղղությամբ, անլուրջ է պատճառները փնտրել կենցաղային կամ էլ անձնական հարաբերությունների դաշտում: Ակնհայտ է, որ կատարվածը ունի քաղաքական լրջագույն շարժառիթներ: Եվ ուրեմն, ի՞նչ սցենար է իրականացվել պատվիրատու հանցագործի ձեռքով, ո՞ւմ է այս ամենը ձեռնտու:
Նախընտրական փուլում յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված նախագահի ցանկացած թեկնածուի դեմ, նախեւառաջ նշանակում է նախընտրական գործընթացի վարկաբեկում եւ արժեզրկում, վախի ու անվստահության մթնոլորտի սերմանում։ Դատելով նախագահի թեկնածուների քարոզարշավային հայտարարություններից ու վստահելով նրանց անկեղծությանը, թե գաղափարական, հետեւաբար ծրագրային պայքարի կողմնակիցներ են, մերժում են հասարակությունը յուրայինների ու օտարների բաժանող, անձեր ոչնչացնող, երկիր կազմաքանդող հեղափոխական պայքարը, կարելի է ասել, որ երկրում ստեղծված ցանկացած լարվածություն չի բխում նաեւ նրանցից յուրաքանչյուրի շահերից:
Սակայն արձանագրենք, որ երկրում իրավիճակի ապակայունացումը ձեռնտու չէր առաջին հերթին այն թեկնածուին, որը միաժամանակ երկրի գործող նախագահն է ու դրանով իսկ երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը:
Պատահական չէ, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում հասարակության տարբեր շերտերի քննադատության սլաքը, տեղի-անտեղի, ուղղվում է պատասխանատուի հասցեին: Հետեւաբար իրատեսական են այն գնահատականները, թե այս գնդակն ուղղված էր հենց երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուշադրություն դարձրեք, թեկնածուներից Սարգսյանն է, որ իր նախընտրական կարգախոսում շեշտադրում է Հայաստան երկրի ապահովության կարեւորությունը` հայտարարելով «Դեպի ապահով Հայաստան»: Այն, որ երկրում տեղի ունեցող խառնաշփոթից ոգեւորվածներն արդեն իսկ սկսել են աղաղակել, թե այսպես ե՞նք գնում դեպի ապահով Հայաստան, կնշանակի մահափորձի պատվիրատուները մասամբ հասել են իրենց նենգ նպատակին:
Ինչո՞ւ կրակոցն ուղղվեց հենց Պարույր Հայրիկյան թեկնածուի դեմ, ինչո՞ւ հենց նա ընտրվեց որպես թիրախ: Կարծիքներ կան, թե ԱԻՄ առաջնորդի վրա կրակողը սպանելու միտում չի ունեցել, քանզի դա իրականացնելու համար նրան այդ պահին ոչինչ չի խանգարել, եւ այն, որ մոտ տարածությունից արձակված երկու կրակոցից միայն մեկն է դիպել ԱԻՄ առաջնորդի անրակին, խոսում է կա՛մ մարդասպանի ցածր պրոֆեսիոնալիզմի մասին, կամ էլ հետեւություն է արվում` գուցե հենց այդպե՞ս էր նախատեսված: Այսինքն՝ նպատակը ոչ թե սպանության միջոցով կոնկրետ անձին խաղից դուրս թողնելն էր, այլ երկրում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելը:
Ասել է թե՝ կրակոցը կարող էր ուղղված լինել թեկնածուներից ցանկացածին: Հետեւաբար քաղաքական մահափորձի նպատակներն ավելի խորն են ու դրանով առավել անհանգստացնող. թիրախը ոչ թե Պարույր Հայրիկյանի անձն էր, այլ Հայաստան պետությունը:
Հետաքրքիր մի հանգամանք եւս. մահափորձից անմիջապես հետո, մի քանի ժամում, հանկարծ ի հայտ եկան բազմաթիվ «սցենարիստներ», որոնք սկսեցին շրջանառության մեջ դնել յուրօրինակ սցենարներ: Դրանց բովանդակությանը ծանոթանալով՝ տպավորություն ես ստանում, որ տարբերակները պատվիրված են մեկ ընդհանուր կենտրոնից: Քանզի դրանց հիմքում գրեթե միեւնույն պահանջներն են` հետաձգել ընտրությունները, երկրում երկիշխանություն հաստատել` իշխանության մի մասը զիջելով արմատական ընդդիմությանը եւ, օգտվելով պահից, ազատվել գործող իշխանություններից:
Բոլորի համար պարզորոշ էր, որ առաջին անգամ Հայաստանում ընթանում էր քաղաքակիրթ ընտրապայքար, առաջին անգամ ընտրական գործընթացներն անցնում էին խաղաղ, առանց լարված մթնոլորտի, ինչին կնախանձեր անգամ ցանկացած եվրոպական երկիր: Եվ ուրեմն, պարզ չէ՞, որ հենց սրա դեմ էին ուղղված քաղաքական մահափորձի պատվիրատուների հաշվարկները:
Թիկունքից արձակված դավադիր գնդակն անշուշտ նպատակ ուներ սասանելու ընտրությունների հանդարտ ընթացքը՝ դառնալով հարմար առիթ այն ուժերի համար, որոնք հայաստանյան ընտրությունները ստվերելու նպատակադրում ունեն:
Հիշենք, թե դեռ քարոզարշավը չսկսած, որ կառույցներն էին կանխակալ գնահատականներ հնչեցնում «ձախողված» ընտրական գործընթացների մասին, ովքեր էին այդչափ անհանգստացած Հայաստանում անցկացվող ընտրությունների հանդարտ ընթացքից, ու իբր ոչ մրցակցային պայքարից: Արեւմուտքում անակնկալի էին եկել, որ Հայաստանում տեղի է ունենում առանց հեղափոխական վայրիվերումների ու ցնցումների ընտրություններ, այնքան էին շփոթվել, որ անգամ անզգուշաբար բացահայտեցին իրենց «մտահոգությունները»: Հարեւան Ադրբեջանում լարվածություն է, բա Հայաստանում չլինի՞, ու ստեղծվեց համահարթեցման հարմար առիթը:
Նորություն չէ, եւ վաղուց արդեն հայտնի են դրսի այն կառույցները, որոնք զբաղված են հեղափոխական սցենարներ մշակելով, դրանք տարբեր երկրներ ներմուծելով: Սակայն ցավալին այն է, որ մեզանում միշտ գտնվում են թշնամու ծրագիրը ներսում ի կատար ածող ստահակներ: Այնպես որ բացառված չէ, որ այժմ էլ ականատեսն ենք օտար պատվիրատուի ու ներսի տականքի ջանքերի համատեղման:
Հուսանք, որ իրավապահ եւ ազգային անվտանգության մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ կբացահայտվի հանցագործի ինքնությունը` տալով կարեւորագույն հարցի պատասխանը` ո՞ւմ կամ ո՞ր ուժերի հրեշավոր մտահղացումն էր իրականացնում մարդասպանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն