Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական

«Ինքնասպան» եղած զինվորը ժամեր առաջ խոսել է մոր հետ

Փետրվար 2, 2013թ. 22:24

հայկական-բանակԲանակի օրվա առթիվ պաշտոնյաների ճռճռան ճառերը դեռ չէին իջել էկրաններից ու լրատվամիջոցներից, երբ հանրությունը ստացավ հերթական գույժը բանակից` «զինվոր է ինքնասպանություն գործել» ձեւակերպմամբ:

«Հունվարի 31-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը (ծնված 1990թ.): Նա զորակոչվել է 2012-ի գարնանային զորակոչով, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն»: Եվ մինչ երկրի նախագահը, քաղաքական ուժերը, նախագահների թեկնածուները եւ շատ այլ գործիչներ րոպե առաջ իրար հրմշտելով՝ վազում էին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց`իրենց զորակցությունը հայտնելու նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ոչ ոք չայցելեց մահացած զինվորի տուն: Ոչ մի դատապարտող հայտարարություն չհնչեց, ոչ ոք քաղաքական վերլուծություն չարեց այս թեմայով:

Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի Զ հասցեում ապրող Ավագյանների ընտանիքը նախօրեից սգում էր զինծառայող որդու մահը: Սեւով պատված` սպասում էին ութ ամիս առաջ բանակ ուղարկած զինվոր որդու` Վարդան Ավագյանի դիակին: Վարդանը Պետական ագրարային համալսարանն ավարտելուց հետո, 23 տարեկանում զորակոչվել էր բանակ, մեկնել Քելբաջար, Չոփռլուի զորամաս: Վարդանի հայրը մահացել է տարիներ առաջ, ինքն էլ տան կրտսերն էր` երրորդ որդին: Բանակ գնալուց հետո դեռ ոչ մի անգամ տուն չէր եկել, փետրվարի 7-ին արձակուրդ էր գալու: Եվ տնեցիք անհամբեր սպասում էին որդու երկարատեւ արձակուրդին: Այս մասին ընտանիքի անդամներին հայտնել էր Վարդանը՝ հունվարի 31-ի կեսօրին, ժամը 16-ի սահմաններում, մահվանից ժամեր առաջ: Ընտանիքին երջանկացրել էր մեկ լուրով եւս, որ բանակի օրվա առթիվ պարգեւատրվել է պատվոգրով՝ լավ ծառայելու համար:

Եվ ահա, օրինակելի զինվորին հպարտությամբ սպասող ընտանիքին նույն օրը կեսգիշերին գուժում են, որ որդին ինքնասպան է եղել: Այս մանրամասներին տեղեկացանք, երբ այցելեցինք Ավագյաններին: Մայրը ծանր վիճակում էր, կարճ զրուցեցինք ընտանիքի մյուս անդամների հետ, ովքեր ավելին չգիտեին էլ, կցկտուր պատմեցին Վարդանի մասին: Նրանց բնութագրմամբ, Վարդանը զուսպ ու հավասարակշռված տղա էր, երբեք նրան արտասովոր վարքով կամ դեպրեսիայի մեջ չեն տեսել: Նա մշտապես ի վիճակի է եղել խնդիրները հարթել, իրավիճակից դուրս գալ առանց փորձանքների: Եղբայրների կանայք ասում էին, թե չեն հավատում ինքնասպանության վարկածին: Բայց այլ վարկածներ չունեին: «Շատ անհասկանալի է ամեն ինչ, մի օր առաջ զանգեց շատ ուրախ ու ոգեւորված, ասաց, որ ամսի 7-ին անպայման գալիս է, մենք շատ ուրախացանք, իրեն էինք սպասում: Ամեն ինչ էնքան լավ էր, ո՞վ կսպասեր, որ սենց կլիներ… Ուրախ-ուրախ հայտնեց, որ պատվոգիր է ստացել, ամեն ինչ շատ լավ էր, ոչ տրամադրության անկում, ոչ որեւէ բան…»,- ասում էին ազգականները: Սիրո հողի վրա նեղվածությունն էլ բացառեցին` ընկերուհի չուներ: Առողջական վիճակի առումով էլ նշեցին, թե ամիսներ առաջ ճողվածքն է վիրահատել: «Վարդանը կապի վաշտում ծառայող էր, իրեն լավ էր զգում, ոչ մի անգամ չի դժգոհել, չհասկացանք, թե ինչ եղավ, ախր դրանից մի քանի ժամ առաջ էր մեր հետ խոսել, ոչ մի ընկճվածություն չկար»: «Գնացեք պատասխանատուներին հարցրեք, իրենք թող ասեն՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ուրախ, առողջ մարդը ժամեր անց կյանքին հրաժեշտ տվեց»,-լաց լինելով՝ զրույցին միջամտեց մեկ այլ ազգական:

Եվ հիմա եթե մենք գրենք, որ մեր բանակում ամենաթողություն է տիրում, որ բանակ ուղարկելը վերածվել է ռազմի ճակատ ուղարկելու, մեզ կմեղադրեն, թե՝ վարկաբեկում եք բանակը, «ջուր եք լցնում թշնամու ջրաղացին»: Մենք պնդում ենք, որ այս վիճակը հանդուրժողներն են մեր իրական թշնամիները՝ ինչ պաշտոն ուզում է նրանք զբաղեցնեն եւ ինչ տաքուկ կաբինետում ուզում է հայրենասիրական ճառեր բարբաջեն:

ՀԳ – Վարդանի ինքնասպանության լուրը ոչ բոլոր հարեւաններն էին լսել: Երբ բակում իրարանցում տեսնելով նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է պատահել, եւ տեղեկացավ, սկսեց աղիողորմ լաց լինել ու ափսոսալ. «Չեմ հավատում, որ էդ խելացի երեխեն կարող էր նման բան անել»:

hraparak.am


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն