Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Որոշ թեկնածուներ «շեղվեցին»

Փետրվար 5, 2013թ. 21:18

4Հայտնի մահափորձից հետո, ակնհայտ է, որ նախընտրական քարոզարշավը բովանդակային առումով «փոխել է հունը»: Նախագահի թեկնածուներից շատերը առայժմ չեն կարողանում իրենց «վերագտնել» եւ ընտրարշավը շարունակել նախկին «ոգով»:
Տուժած թեկնածուի վարկանիշը բարձրանում է, ինչը չի կարող չանհանգստացնել 2-8-րդ տեղերի համար պայքարող նրա մրցակիցներին: Հետեւաբար մնում է կոշտացնել հայտարարությունները, ավելին` իրենց մեկնաբանություններում եւ գնահատականներում չխնայել անգամ Պարույր Հայրիկյանին:

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ

Խոսքն առայժմ ավտոմեքենայի մասին է: Նախագահի թեկնածու, «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը, որ, սեփական որոշման համաձայն, նոր-նոր էր սկսել քարոզարշավը, երեկ զայրույթից պայթում էր: Հայտարարեց, որ եթե Պարույր Հայրիկյանը որոշի չդիմել Սահմանադրական դատարան, ապա ինքն է դիմելու` ընտրությունները հետաձգելու պահանջով:
Հարցին, թե ինքն ունի՞ այդ իրավունքը, Սեդրակյանը պատասխանեց. «Այո, ունեմ: Ես որպես թեկնածու, կարծում եմ, որ այս տեռորիստական ակտը նախ մի հոգու դեմ չէր ուղղված: Երկրորդ, ես տեսնում եմ, որ եթե նա չդիմի ՍԴ, ապա սա գաղտնի գործարք է: Այս պայմաններում արդեն ընտրությունները վերածվում են առեւտրի»:
Այս թեկնածուն ենթադրում է, որ այդպիսով փորձ է արվում բարձրացնել Հայրիկյանի վարկանիշը, եւ եթե ՍԴ-ն մերժի իր դիմումը, ապա խոստանում է այրել սեփական ավտոմեքենան. «Ես էլ նույն հաջողությամբ կայրեմ իմ ավտոմեքենան: Փողոցում մի տեղ կկանգնեցնեմ, իբր խանութ եմ մտել, հետո կասեմ. «Տեսեք, ինչ եղավ», ու իմ վարկանիշը կբարձրանա: Կարող ա՞ տուն-տունիկ ենք խաղում, ինքն էլ ամենատաղանդավորն է»,- վրդովված հայտարարեց «էպոսագետը»:
Սեդրակյանին խորհուրդ ենք տալիս չդիմել նման քայլի, քանի որ Պարույր Հայրիկյանի ընկերը` Կարո Եղնուկյանը, արդեն հայտարարություն է տարածել, որով կասկածամիտներին առաջարկում է 2 միլիոն դոլար, ինչի դիմաց նրանք պետք է համաձայնեն նույն կերպ մահափորձի ենթարկվել, ինչը տեղի ունեցավ Հայրիկյանի հետ:
Այնպես որ Սեդրակյանը կարող է խնայել սեփական ավտոմեքենան եւ ընդունել այս առաջարկը:
Մյուս կողմից էլ չենք կարող չզարմանալ Սեդրակյանի վրա. ախր, նա ի՞նչ խնդիր ունի, երբ տիեզերական ուժերը Աստծո հետ միասին արդեն որոշել են, որ ինքն է լինելու Հայաստանի 4-րդ նախագահը` ստանալով ձայների 82 տոկոսը:
Այս վարկանիշը գրպանում դրած մարդը ինչպե՞ս կարող է նախանձել վարկանիշը բարելավող Հայրիկյանին:

ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄ

Ինչպես օրեր առաջ հայտարարել էր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, երեկ նա երկու ժամով տուն գնաց, լոգանք ընդունեց, զգեստափոխվեց եւ կրկին վերադարձավ ԳԱԱ-ի մոտ, ուր հացադուլ է անում հունվարի 21-ից մինչ օրս:
Նրան տուն ուղեկցողների թվում էին լրագրողներ եւ ոստիկաններ: Թեկնածուն ասաց, որ ինքը ոստիկաններին խնդրանքով չի դիմել, որ ուղեկցեն իրեն. «Դա նրանց նախաձեռնությունն է. երեւի մտահոգ են իմ անվտանգության համար որպես նախագահի թեկնածուի»,- բացատրեց լողանալու գնացող թեկնածուն:
Լրագրողները նրան սպասել են դրսում, եւ հետո միասին վերադարձել են ԳԱԱ-ի մոտ: Ղուկասյանը երեկ կրկին հայտարարեց, որ շարունակելու է հացադուլը մինչեւ քվեարկության օրը: Անկախ հանգամանքից, թե որքան ժամանակով կհետաձգվեն ընտրությունները, միեւնույն է, տեղից չի շարժվելու: Սրանով էլ պայմանավորված՝ բնականաբար չի կարող կոնկրետ նշել, թե հաջորդ անգամ որ օրն է լոգանք ընդունելու:
Ղուկասյան թեկնածուն հանգստյան օրերին կոչ արեց Պարույր Հայրիկյանին՝ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով. «Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրություններն ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել` չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին»,- Հայրիկյանին ուղղված իր հայտարարության մեջ նշել էր թեկնածուն:
Ավաղ, Հայրիկյանը որեւէ կերպ չարձագանքեց հացադուլավորին: Ինչը հավանաբար ստիպեց Ղուկասյանին հացադուլը շարունակել անգամ այն օրերին, երբ քարոզարշավը դադարեցված կլինի:

ՇՓՎՈՒՄ Է ԿԱՐԱՏԵԻՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստյան օրերին քարոզարշավը շարունակեց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Ակնհայտորեն կերպարանափոխվել էր թեկնածուն, երկու մարզերում էլ կատաղի ելույթներ էր ունենում, որի հիմնական թերախը գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էր:
Երեկ էլ «Ժառանգության» առաջնորդը Արագածոտնի մարզում էր. շրջեց Քասախի փողոցներում, մտավ գուղապետարան եւ գյուղապետին հարցրեց` «Արդա՞ր ընտրություն եք անելու»: Այնտեղից դուրս եկավ փողոց եւ այս անգամ էլ բռնացրեց փոստատան տնօրենին եւ վերջինից հետաքրքրվեց, թե վերջին տարիներին քանի մարդ է արտագաղթել Քասախից: Լսելով պատասխանը, խոստացավ. «Հետ կվերադարձնենք բոլոր դրսում գտնվողներին, եթե ճիշտ ընտրություն անեք»:
Փոստատան տնօրենից բաժանվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ճանապարհին հանդիպեց կարատեի պարապմունքից տուն վերադարձող մի խումբ երեխաների եւ մի քիչ էլ նրանց հետ զրուցեց ու եկավ հասավ Երեւան: Ասում են՝ Հովհաննիսյանը երեխաներին կարեւոր տեղեկություն է փոխանցել, մասնավորապես նրանց ասել է. «Այդ մահափորձը իմ դեմ էր»:

<Հայոց Աշխարհ>, ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն