Գլխավոր » Իրան, Լրահոս, Վերլուծական

Ինձանից յետոյ՝ թէկուզ ջրհեղեղ…

Փետրվար 5, 2013թ. 21:47

Չափաւորական օրէնսդիրի հակահարւածը՝ արմատական գործադիրին
Երէկ Իրանի Իսլ. խորհրդարանի դռնբաց նիստը հանդիսացաւ վերջին տարիների ընթացքում օրէնսդիր-գործադիրի միջեւ շարունակւող տարաձայնութիւնների գագաթնակէտը:
Ճիշտ է, մեջլիսը քննարկեց ու բուռն կերպով հարցապնդեց եւ ի վերջոյ անվստահութեան համոզիչ քւէով հերթական եւ այս անգամ՝ պաշտօնից հեռացրեց աշխատանքի նախարարին, ինչպէս նման դիրքորոշումներ նախկինում էլ որդեգրել էր Իսլ. խորհրդարանը՝ Ահմադինեժադի մի քանի այլ նախարարների նկատմամբ: Սակայն, այս վերջին անվստահութեան քւէն պահի ու ժամանակի առումով (մի բան, որ հոգեւոր առաջնորդ Խամենէիի կողմից բազմիցս կարեւորւել էր) զանազան մտահոգութիւնների տեղիք է տալիս:
Ահմադինեժադը անցնող շուրջ 8-ամեայ պաշտօնավարման ընթացքում միշտ էլ աչքի է ընկել սենսացիոն-սպառնալից յայտարարութիւններով, որոնցից հերթականը կատարւեց երէկւայ մեջլիսի ամբիոնում, երբ փորձում էր պաշտպանել իր պաշտօնազրկւող նախարարին: Այդ հերթական սպառնալիքը, որը, ի դէպ, ուղղւած էր խօսնակ Լարիջանիին ու վերջնիս 2 եղբայրներին, թողեց խիստ հակառակ ազդեցութիւն, որով մեղմ ասած՝ աւելիով նսեմացւեց նախագահի առանց այդ էլ բեկւած վարկանիշը… «Լաւ էր, որ այս ֆիլմը (իբր Լարիջանիների մեղսակցութիւնը տւեալ նախարարին հարցապնդել-չհարցապնդելու գործարքը բացայայտող) ցուցադրեցիք, դրանով ժողովրդի մօտ աւելիով բացայայտեցիք ձեր իրական դէմքը…», այսպիսին եղաւ օրէնսդիրի խօսնակ Լարիջանիի պատասխանը՝ նախագահ Ահմադինեժադին:
Պահի ու ժամանակի առումով, սակայն, յատկանշելին այն է, որ օրէնսդիր-գործադիր «հակամարտութեան» երէկւայ աննախադէպ իրադարձութիւնը պատահում է ընդամէնը 4 ամիս նախագահական ընտրութիւններից առաջ: Չէ՞ որ նոյնինքն հոգեւոր առաջնորդն ուղղակի արգելել էր նմանատիպ կրքերի բորբոքման վերնախաւային հնարաւոր միջադէպերին ընթացք տալը՝ մինչ սոյն ընտրութիւններ…

Միւս կողմից՝ մօտալուտ շրջանաւարտ նախագահը, որ մինչ այդ շատ ջանքեր էր ի գործ դրել, որպէսզի իրեն իսկ համախոհ ճամբարի (արմատական պահպանողական) ներկայացուցչին փոխանցէր նախագահական աթոռը, յատկապէս այս վերջին անվստահութեան քւէն (չափաւոր պահպանողականների) ծանրակշիռ հակահարւած համարելով՝ դիմում է սպառնալիքների լեզւի՝ թիկունքում թողած կիսաքանդ կամրուրջներն ամբողջապէս փլուզելու միտումով եւ ակամայից տուրք տալով «ինձանից յետոյ թէկուզ ջրհեղեղ…» արկածախնդրութեանը…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Դիտել Իրան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն