Պարույր Հայրիկյան. Բարև ձեզ, եկել եմ ասելու, որ ես կամ
Մի քանի օր է, որ հայաստանյան քաղաքական շրջանակներն անհամբերությամբ սպասում էին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական որոշմանը` ԱԻՄ առաջնորդը կհայտարարի ընտրական գործընթացների հետաձգման մասին?, թե? ոչ:
Երեկ, ի վերջո, Պարույր Հայրիկյանի թիմակիցները որոշեցին ընդմիջել լռությունը. հրավիրված մամուլի ասուլիսում փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. <Թեպետ նախագահի թեկնածու Հայրիկյանի նկատմամբ առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, բայց նա չի օգտվելու իր սահմանադրական իրավունքից և չի դիմելու բարձր ատյան՝ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար»:
Հայտարարությունից անմիջապես հետո , ներկաների համար անսպասելիորեն ասուլիսի սրահ մտավ այս օրերի <առասպելական հերոս>-ը` ԱԻՄ առաջնորդը ու հայտարարեց. <Բարև ձեզ եկել եմ ասելու, որ ես կամ, ու ոչ միայն ֆիզիկապես եմ ներկա, այլև չեմ բացակայի նաև քաղաքական դաշտից, ու թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն չի կարող հայ քաղաքական կյանքը շեղել իր բնականոն ուղուց: Գիտեմ, որ ինձ սիրում եք, իմացեք, որ տասնապատիկ անգամ ես էլ ձեզ եմ սիրում>:
Հիմարություններ դուրս մի տվեք
Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. տուժողը նպատակահարմար չի գտնում դիմել Սահմանադրական դատարան, փոխարենը ձեռք ու ոտք են ընկել նախագահի մյուս թեկնածուները, թե իրենք էլ են տուժել ԱԻՄ առաջնորդի դեմ իրականացված մահափորձից, հետևաբար, եթե վերջինս հրաժարվում է դիմելուց, ապա իրենք են այդ քայլին գնալու: Այս անգամ ևս իր <յուրօրինակությամբ> աչքի ընկավ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, հայտարարելով, թե կհրկիզի սեփական ավտոմեքենան, եթե հանկարծ Հայրիկյանը չդիմի դատարան:
Հայտնի է, որ վիրահատությունից անմիջապես հետո ԱԻՄ առաջնորդն արդեն իսկ բացառել էր նոր ընտրություններ անցկացնելու տարբերակը, այն համարելով դավադրություն.<Դա ո՛չ իմ, ո՛չ էլ մեր ժողովրդի նախաձեռնությունն է: Ենթադրում եմ, որ այն չար ուժերին է, ովքեր ինչ-որ կերպ իրավիճակը փոխելու նպատակ ունեն>:
<Հայոց Աշխարհ>-ի հետ զրույցում ԱԻՄ միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը կրկին ընդգծեց, թե Պարույր Հայրիկյանը հարգելով բոլոր թեկնածուների կարծիքը, այնուհանդերձ ընտրությունների հետաձգումը կամ նորի կազմակերպումը համարում է սադրիչների նպատակի իրականացում, ինչին նա երբեք չի գնա: Սակայն Հայրիկյանի` քաղաքական գործիչին վայել կայացրած որոշումը հիստերիա է առաջացրեց ընտրական գործընթացները շոուի վերածելու նպատակ ունեցողների շարքերում: Նախ, ԱԻՄ առաջնորդին մեղադրեցին իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու հարցում, անգամ խոսվեց, թե Բաղրամյան 26-ի հորդորով մեկը մյուսի հետևից <համոզողներ> են այցելել Հայրիկյանին, որոնցից <կարկառուն դեմքը> Վիկտոր Դալլաքյանն էր. <Պատասխանատվությամբ հայտարարում եմ, ոչ Դալլաքյանը, որ որևէ մեկն իր ազդեցությունը չի ունեցել Հայրիկյանի որոշման կայացման վրա: Իսկ Դալլաքյանը եկել էր իր ընկերական վերաբերմունքն արտահայտելու>, – մեզ հետ զրույցում հավաստեց Կարո Եղնուկյանը:
Ի դեպ, խիստ վիրավորված իր հասցեին հնչած նման մեղադրանքներից, այժմ արդեն պատասխանի հերթը ասուլիսին ներկայացած ԱԻՄ առաջնորդինն էր. <Դիմում եմ բոլոր թեկնածուներին, թող վերցնեն ու համեմատեն, թե 20, 30 տարեկանում ինչ է արել Հայրիկյանը և նույն տարիքում ինչով են զբաղված եղել իրենք, և հիմարություններ դուրս չտան>:
<Ռուսական հետքն ու անկախության մարտիկը
Հայտնի է, որ Պարույր Հայրիկյանն իր դեմ կատարված մահափորձից անմիջապես հետո հայտարարել էր, թե կատարվածի պատասխանատուն «ռուսական իմպերիալիզմն է»: «Ռուսական հետք» որոնելու Հայրիկյանի կանխակալ հայտարարությունը ռուսական մամուլում մեկանաբանվեց իբրև <սադրանք ու կեղծիք>: Այս առնչությամբ <Հայոց Աշխարհ>-ի հարցին ԱԻՄ առաջնորդի արձագանքն այսպիսին էր. <Այո', այո', ճիշտ է, սադրիչներ շատ կան Ռուսաստանում, որոնք ձգտում են փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, նրանք բոլշևիկյան սադրիչներն էին, որ կազմակերպեցին Սումգայիթի ջարդը, ապա նրանց նախորդներն էին, որ Աթաթուրքի հետ դաշինք կնքած հարձակվեցին ցեղասպանություն ապրած Հայաստանի վրա, հետո Արցախը վերցրին ու տվեցին Ադրբեջանին, իսկ նորօրյա սադրիչներն էլ միջամտեցին ու պահանջեցին, որ Հայաստան-Իրան գազամուղը կառուցվի փոքր տրամագծով, որ Հայաստանը չշահի տնտեսապես: Իսկ ես ուզում եմ, որ Ռուսաստանի ա'յդ սադրիչները վերջ տան իրենց գործողություններին, ուզում եմ, որ մենք ու Ռուսաստանը, որի հետ բավականին խորը կապեր ունենք, ապրենք նույն արժեհամակարգով>:
Ապա <ռուսական վարկածից խիստ հուզվածներին> հիշեցրեց, թե ՊԱԿ-ի կողմից խորհրդայի այլախոհ Հայրիկյանի դեմ առաջին անգամ չէ, որ մահափորձ է կազմակերպվում, որ այդ կառույցը բազմիցս է պատվիրել սպանել իրեն.<Իսկ 1987-ին <Սովետական Ռասիա> թերթում նախապես հոդված տպագրեցին, թե Հայրիկյանը իրենց մարդն է, ու հենց նույն օրն էլ իմ դեմ մահափորձ կատարեցին. հոդվածի նպատակը մահափորձի հետքերը քողարկելն էր>:
Կարո Եղնուկյանը նախ շտապեց ճշգրտել, թե Հայրիկյանի խոսքն ուղղված էր ոչ թե Ռուսաստան պետությանը, այլ <ռուսական իմպերիալիզմին>, և որ նման մտածողության անձինք, ցավոք, նորօրյա Ռուսաստանում դեռ կան ու գործում են: Տարօրինակ համարելով Նիկոլայ Բորդյուժայի այն խոսքը, թե դեռ պետք է պարզել, արդյո?ք կատարվածը մահափորձ էր, ասաց. <Կամ պրն Բորդյուժան գիտի որոշ տվյալներ, ու դեռ չի հայտնել մեր ԱԱԾ-ին, կամ էլ ինքը ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչ է>:
Օրեր շարունակ շրջանառվող կասկածներից մեկն էլ այն էր, թե ինչպես է լինում, որ քիլլերը վրիպում է շատ մոտ տարածությունից. կնշանակի կամ գործը վստահվել է ոչ պրոֆեսիոնալի, կամ էլ վերջինս սպանելու նպատակ չի ունեցել: ԱԻՄ առաջնորդի արձագանքեց այսպես. <Սիրելիներ, պատկերացնում եք, փամփուշտը 25 սմ-ով անցնում է մարդու մարմնով, ու մարդը կենդանի է մնում, ես Աստծու կամքով եմ կենդանի մնացել, բայց դա չի նշանակում, որ դիմացինը սխալ է գործել, ամենևին, ուղղակի հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի>: Հայրիկյանը համոզված է, որ <Աստծո աջը հովանի եղավ իրեն>, քանի որ դեռ շատ օգտակար գործեր ունի անելու, Առաքելություններից մեկն էլ բացարձակ ճշմարտությունը մարդկանց հասու դարձնելն է, այն է` մարդկության ապագան կատարյալ ժողովրդավարությունն է, երկրորդ կարևոր գործն էլ հայ քաղաքական գործիչներին հորդորելն է` մի կողմ թողնել սեփական ամբիցիաները, որևէ մեկի հետ դաշինք կազմել, և մեր երկիրը դարձնել աշխարհի ամենից օրինակելին:
Դեռ ոչ լիովին ապաքինված նախագահի Թեկնածուն, հրաշետ տվեց լրագորղներին ասելով.<Ահաբեկիչները ցավոք դեռ բացահայտված չեն, բայց ես հավատում եմ, որ մենք բոլորս միասին պայքարելու ենք ու կհասնենք արդյունքի, իսկ կյանքը չի ավարտվել, մենք դեռ կշփվենք, ես արդեն գործի մեջ եմ>:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












