Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

ՆՈՅԻ ԱՐՇԱՎԱԽՄԲԻՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐԱԳՆԱՑՆԵՐԸ

Փետրվար 6, 2013թ. 10:32

7Բարեկամությունը լավ բան է, որովհետեւ ուրիշին բարի կամենալը աստվածային պատգամ է, որ վերին կամեցողությամբ տրվել է մարդուն: Եվ քանի որ մարդն Աստծո արարած էակն է ու հավատարիմ, ուստի արմատի հիշողությամբ գոնե պիտի հարգի բարեկամին եւ բարեկամին հուզող արարքներ նախաձեռնի` ապացուցելու համար Տիրոջ պատգամին իր հավատարմությունը:
Բայց Աստված չգիտեր, որ իր պատգամը դարեր հետո դառնալու է փող աշխատելու միջոց` բիզնես, որովհետեւ Ինքը մարդուն արժանապատիվ ապրելու համար էր ստեղծել, ընդ որում, ըստ «յուր պատկերի»` առանց այլակերպության եռանդագին ձեռնարկումների:
Բայց մարդը Եվայի կերած խնձորի ճանապարհից մեծ դասեր քաղեց ու հասկացավ, որ խնձորը ոչ միայն միրգ է, այլեւ հումք, պարարտանյութ, որ «նյութում է» մեկ այլ հումք` խոտ: Դրա շատությունը դառնում է մարգագետին ու արոտավայր, սիրուն կանաչ, որ խոստանում է կանաչ գույնի փող: Այդ փողը հազարամյակներ հետո կոչվեց դոլար, խզմզվեց եվրո փողով ու հասավ մեղսագործ Նոյի անհեռատես աղավնու հանգրվան:
Աղավնիներն իրենց հանգրվանը գտան. Նոյին ասացին` «ստեղ տեղ կա», ու թռան-հանգրվանեցին բարձրահարկ շենքերի տանիքներին: Իրենք մեղավոր չէին. կուտ տվեցին` մնացին` թույլատրված թռիչքի սահմաններում` շենքից շենք:
Ճախրանքը մնաց անցյալում. գոյատեւելու հարց կար:
Դարերը, ինչպես ապացուցում է մանավանդ քաղաքակիրթ մարդկության փորձը, նաեւ ուսուցողական արժեք ունեն: Ինչ-որ բան են ուսուցանում: Օրինակ, Կայենը սպանեց Աբելին. այլանդակություն` չվստահես մերձավորիդ, ծանիր զքեզ` ճշգրիտ դեղը զզվանքի դեմ եւ հանուն սիրո ուրիշի հանդեպ, մարդը մարդ է, ում հետ կուզի` կամուսնանա, չհարցնես կինն ով է` կվիրավորվեն, երեխային պաչիկ չանես` մտքիդ ի՞նչ կա եւ այլն:
Այլանդակ ձեւախեղումների այս պաշարով ենք հասել այսօրվան` կասկածի տակ առնելով նաեւ մեր պապերի չխամրող ճշմարտությունները: Իսկ ճշմարտությունը չի խամրում, եթե այն կրող մարդը դեռ ողջ է, չի մեռել: Այս առումով փառք այն երկրին` Հայաստանին, որի ճկուն տնտեսական, սոցիալական քաղաքականության շնորհիվ լիքը ողջ մարդիկ կան, որոնք չեն մոռանում իրենց պապերից ժառանգած չխամրող ճշմարտությունները:
Բայց, որքան էլ տարօրինակ է, մեզանում էլ հայտնվում են մարդիկ, որ փորձում են այլ կարծիք արտահայտել: Այդպիսիք, մեր խորին համոզմամբ, Նոյի արշավախմբից շեղված քարագնացների հետնորդներն են: Որովհետեւ չեն հասկանում, որ ժամանակը, ֆիզիկայի բոլոր օրենքներին հակառակ, միայն առաջ է շարժվում: Վեկտորական այս շատ մեծության սլաքը միտված է միայն ապագային, այսինքն՝ գալիք ժամանակներին:
Իսկ հնացած գիտություն ֆիզիկայի մասին խոսել նախնադարյան իմացությամբ նույնն է, թե այսօրվա բարոյականության բարձունքից խոսել միասեռական ամուսնությունների անթույլատրելիության մասին: Իհարկե, ամոթ է եւ շատ ամոթ:
Մեզ վերին աստիճանի անհանգստացնող հանգամանք է այն, որ Հայաստան կոչվող գուցե աստվածաշնչյան լանդշաֆտը` Արարատ բարձրակետով, ոմանք համարում են քրիստոնեական սրբավայր, այն էլ մայրավայր կամ սկզբնավայր: Հիմա, մեր օրերում:
Թերեւս նմանների պատկերացումների մեջ դեռ չեն քնել սույն լանդշաֆտի յուղաներկային արտացոլումները. մնացել են: Իսկ ինչ որ մեջդ մնում է, չի քնում: Իսկ այդ հորիզոնի մեջ` հաճախ մշուշոտ ու թվացյալ հեռավոր, պարփակված է իրականությունը: Կտեսնես` լավ, չտեսնես` ավելի լավ բոլորիս համար:
Հայաստանը յուղաներկերից դուրս է: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում յուղ չկա կամ պակաս է, այլ այն, որ Հայաստանում յուղով նկարելու քիչ բան կա:
Վերջերս հարգի է կանաչը: Հաճելի գույն է, բայց գաղտնիքն այն է, որ այն գույնն է խոտի: Ինչպես վերը նշվեց, խոտը անասունի համար է` անկախ եղջյուրների չափից: Բիզնես է (ողորմի Նոյին), որն այսօր արդիական է: Նույն բիզնեսն է պատճառը, որ վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական արոտավայրերում տարօրինակ բաներ են կատարվում: Սյունիքի արոտավայրերը տրամադրվում են Ատրպատականի (Պարսկահայքի) ոչխարներին: Ոչխարը ոչխար է, բայց ոչխար է, վերջապես:
Ինչպես որոշ բնապահպաններ նկատեցին օր առաջ, ոչխարն արածում է ըստ ամենայնի` հիմքից պոկելով խոտը, որը կարող է «ինքնաարտադրվել» միայն տարիներ հետո: Այսինքն՝ ոչխարն արածում է նույն ջերմեռանդությամբ, ինչ հեռանկար չունեցող տարեց էգը: Սրանց փրկելու միակ միջոցը, ուրեմն, Սյունիքի արոտավայրերն են:
Համագործակցությանը դեմ չենք, կողմ ենք. պարսկական ոչխարների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք էլ ունենք, բայց մենք ոչխար չունե՞նք: Լիքը: Խոսքը ոչխարների մասին է:
Դրանց միսը թանկացավ, որովհետեւ Իրանում ոչխարի միսը սիրեցին: Մենք էլ տավարին նվիրվեցինք. թույլատրված մի բան կար աշխատավարձի սահմաններում: Բայց հարց է ծագում` ոչխարը տարաք, հիմա հետ եք բերում բյուջետային արոտավայրե՞ր: Պետական բյուջետային խոտածածկ արոտավայրեր: Ուրեմն հյութալի կեր կա` դատելով ինքնագոհ հայացքներից եւ փողկապների հորիզոնական դիրքերից: Կերեք, բայց մի վնասեք:
Հայաստանի սահմանամերձ «Ն» գյուղերից մեկում հարեւան գյուղի հետ «սահմանագլխին» ածուխ են հորում, որ դրանից այս կամ այն կողմ ոչխար չտանեն` իրենց հանդամասն է: Դրանով են առաջնորդվում:
Հիմա հարց տանք` որտե՞ղ հորենք մեր ածուխը, որ մեր մասին հոգացողները հանկարծ չգտնեն ու մեր բարեկեցիկ հեռանկարի մասին հեքիաթներ չպատմեն: Մանավանդ սահմանին հերթական կրակոցն եղավ, ու էրեխեն գնաց քնելու:
Սովորել է, այ մտույթ:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն