Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Հարցազրույցներ

ԵՍ ԽԱՂԱԼԻՔ ՉԴԱՐՁԱ

Փետրվար 9, 2013թ. 11:58

01.02.13-4373հայրիկյան-փամփուշշտ Ու ընթացք չտվեցի իրենց ստոր ծրագրերին

Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ

ՌՈՒՍԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔ ԿԳԲ-ն

-Պարոն Հայրիկյան, ձեր դեմ կատարված մահափորձում ձեր իսկ առաջ քաշած վարկածը համարվեց ոչ տրամաբանական, այն առումով, որ անցել են ռուսական իմպերիալիզմի ժամանակները, մինչդեռ անցյալի վերհուշով ապրող ԱԻՄ առաջնորդը կատարվածի համար մեղադրում է գոյություն չունեցող կառույցի, պաշտոնանկ արված, թոշակի անցած մարդկանց, ովքեր այլևս ակտիվ դերակատարում չունեն ներկայիս Ռուսաստանի պետական համակարգում:
-ԿԳԲ-ի նման կառույցների ցանկությունն էլ հենց դա է, որ իրենց մասին խոսեն անցյալով, իբրև թե իրենք չկան, գոյություն չունեն: Բայց այդ կառույցը ԽՍՀՄ լուծարումով չվերացավ, պահպանվեց ու նրա գաղտնի գործակալական ցանցը ԽՍՀՄ տապալումից հետո տասնամյակներ անց դարձյալ շարունակում է գործել: Գաղտնի ծառայության գործակալները կան ու կօգտագործվեն, քանի դեռ բացահայտված չեն: Ինչ վերաբերում է վարկածիս, ի՞նչ պետք է մտածեմ, երբ իմ ամբողջ կյանքում ինձ ԿԳԲ-ն է հետապնդել` 17 տարի պահելով բանտերում: Կարծում եմ մահափորձն իրականացվեց հենց այդ ցանցի կողմից: Ասածս ընդամենը սա էր:
Մահափորձից հետո բացահայտումներ տեղի ունեցան. ԿԳԲ-ի պետը հանկարծ հայտարարեց, թե Հայրիկյանն էն ժամանակ էլ իրենից բան չէր ներկայացնում, նրան 14 տարի պահեցինք բանտում (14 չէ, այլ 17, սա էլ է կեղծում) ու երբ արտաքսում էինք ոչ մի երկիր նրան չէր ուզում ընդունել: Զգում եք, չէ՞, թե ինչպես են տականքները ստում ու բացահայտվում: Այնինչ ճիշտ հակառակն էր` Ֆրանսիան, Կանադան, Ամերիկան ասում էին` մենք պատրաստ ենք ընդունելու, իսկ ես ասում էի, ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնա:
– Ինչ կասեք Գառնիկ Իսագուլյանի մեկնաբանության մասին, թե կատարված մահափորձը բացարձակ կապ չունի Ռուսաստանի, ինչպես նաև` մեր տարածաշրջանում ազդեցիկ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, նաև թե` ՙպատշաճ չէ ազդեցիկ տերությունների հատուկ ծառայությունների գործելաոճն այդքան պրիմիտիվ գնահատել՚։
– Նախ ես չեմ ասել, թե մահափորձը կապված է որևէ պետության գործող կառույցի հետ. ով որ ԿԳԲ-ին տիրություն կանի, նրա գլուխը կարող է ցավել… Այն ընդհանուր կողմնորոշիչ հայտարարություն էր, և չպետք է ընկալվի խոսք ուղղված այսօրվա Ռուսաստանին: Բայց ես գիտեմ, որ վերջին 80 տարում մեր ժողովրդի հիմնական թշնամին եղել է ռուսական իմպերիալիզմը, իսկ նրա հիմնական գործիքը ԿԳԲ-ն էր` իր գործակալական ցանցով: Նույնիսկ ռուսներն են տուժել ԿԳԲ կոչված այլանդակությունից: Բորդյուժան ասում է` կատարվածը մահափորձ չէ, կամ նա այդ միտքն ասաց ոչ որպես պետական գործիչ, այլ որպես գլուխը կորցրած անհատ, կամ հիմք ունեմ մտածելու` ով էլ որ արած լինի, ինչ-որ չափով կապված է նրա նմանների հետ: Ինչպե՞ս կարելի է, կրակել են մարդու կրծքին, բայց ասում է մահափորձ չէր: Ի վերջո, Բորդյուժան Հայաստանում ունի կոլեգաներ, կարող էր նրանց հետ խոսել: Իսկ Գառնիկ Իսագուլյանը թող իրեն ամեն ինչ իմացող չերևակայի, ինչ ասել է ՙպրիմիտիվ՚: Երբ մարդկանց ուղարկում են ՙսև գործ՚ անելու, ուղարկում են այն տրամաբանությամբ, որ նա պետք է նաև բռնվի, ուրեմն պետք է նաև լինի ուղղությունը շեղող մեկը: Պարզունակ է մտածել, որ ՙսև գործ՚ անողը պետք է լինի ԿԳԲ-ի պետը:
– Կատարվածում բացառո՞ւմ եք անձնական վրեժխնդրության վարկածը:
– Բացահայտ աշխատող չեկիստների հետ իմ հարաբերությունները շատ լավ են, ավելին` ընկերական: Նույնիսկ ժամանակին հայ չեկիստներն ինձ փորձել են օգնել, իմ հանդեպ համակրանք են ունեցել նաև բազմաթիվ ռուս չեկիստներ, բայց տարբեր էին մեր նպատակները. նրանց նպատակն էր կաշկանդել անկախությունը, իմը` պայքարել հանուն անկախության: Անձնական խնդիրներ ամեն մարդ էլ կարող է ունենալ, բայց ես նման թշնամական հարաբերություններ որևէ մեկի հետ չունեմ, որ հասներ մահափորձի: Եթե անձնական խնդիր լիներ, ինչպես Դավիթ Շահնազարյանն ասաց, դա կարվեր Հայրիկյանի թեկնածու առաջադրվելուց առաջ կամ հետո:
-Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը նաև կարծիքն հայտնեց, թե կատարվածն առաջին հերթին հարված էր իշխանությանը և ինչու չմտածել, որ ոչ միայն դրսում, այլև ներսում ևս կան ուժեր, որոնց ձեռնտու է երկրի ապակայունացումը:
– Ես իմ ամբողջ կյանքում տեսել եմ մեկ թշնամու, ու ներսի ուժերն էլ նորից ծառայել նույն թշնամուն` ԿԳԲ-ին: Լևոն Տեր-Պետրոսյանը ծառայում էր ԿԳԲ-ին, ու վերջ: Հիմա ներսի ուժ է՞ Լևոնը, թե՞ դրսի:
-Այսինքն, այդ շղթան իր մեջ ներառում է նաև ներսիններին, ու ձեր ակնարկը նաև նրանց է ուղղված:
-Իհարկե, դա ԿԳԲ-ն է ու նրա գործակալական ցանցը:
– ԱԺ ընտրություններից առաջ հայտարարեցիք, թե Տեր-Պետրոսյանին բացահայտող նոր բաներ ունեք ասելու, հետո շրջանառեցիք համապատասխան ֆիլմը: Ձեր քայլերը կարո՞ղ էին վրեժխնդրության հանգեցնել:
– Ինձ նման հարց տվել են, թե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այդքան մարդ սպանվեց, չե՞ս կարծում, որ կարող է քեզ էլ… ես կարող էի այսօր հայտարարել, չէ՞, որ, այո, կարող է, բայց ես տալիս եմ միայն ԿԳԲ-ի անունը, իսկ Տեր-Պետրոսյանի բոլոր արածները նույն ԿԳԲ-ի ձեռագիրն է, ԿԳԲ-ի շարունակությունը:
-Հայկական հայտնի ասացվածք կա` ՙԿուժ քեզ կասեմ, կուլա դու հասկացի՚
– Ես միայն ասում եմ, որ հայ ժողովրդի գլխին եկած փորձանքների մեղավորը ռուսական իմպերիալիզմն է ու նրա գործիք ԿԳԲ-ն:
-ՙՌուսական վարկածին՚ դեմ արտահայտվողները հակադարձեցին` ԱԻՄ առաջնորդը պատվերն է կատարում: Ո՞ւմ պատվերն եք կատարում:
– Ես նրանց նման պոռնկացած չեմ, ծախված չեմ: Եթե մենք այսօր ունենք Արցախի խնդիր, դա ռուսական իմպերիալիզմի սարքածն է, և նա, ով դրանից հետո շարունակում է ռուսական իմպերիալիզմը փառաբանել` տականք է:

ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ՈՐ ՏԵՍՆԵՄ` ԿՃԱՆԱՉԵՄ

-ԱԱԾ լրատվական ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ մահափորձն իրականացնողները` երկու անձինք, ձերբակալված են: Դուք հասցրե՞լ եք տեսել նրանց, վստա՞հ եք, որ ձերբակալվածները մահափորձն իրականացնողներն են:
-Չեմ տեսել ու հիմա չեմ կարող ասել` նրանք են, թե ոչ; Բայց ինձ տեղեկացրել են, որ ձերբակալված են կատարողն ու օգնողը: Այսինքն, երևում է, որ խմբով կատարված աշխատանք է:
-Դեպքի օրը դուք քանի՞ մարդու եք տեսել:
-Իմ դիմաց մեկն է եղել կանգնած, հիմա երկու հոգու են ձերբակալել:
– Դուք տեսել եք ահաբեկիչի դեմքը, ուղղակի շփման մեջ մտել նրա հետ, նա դիմակավորված չի եղել: Կարողացա՞ք օգնել իրավապահներին ճշգրիտ ֆոտոռոբոտ կազմելու հարցում:
-Չէ, գործը դրան չհասավ: Բայց ես որ տեսնեմ նրան կճանաչեմ:
– Ձեր թիմակիցների մոտ կար անհանգստություն, թե մահափորձ իրականացնողին կարող էին սպանել ու, վերջ:
– Կամ չհասցրեցին, կամ էլ իրականացնողին ՙժերտվա՚ տվեցին, օրինակ կարող են բերել լրիվ անկապ մեկին` ուղղությունը շեղելու նպատակով:
– Նման հանցագործությունները սովորաբար դժվար են բացահայտվում, մասնավորապես, պատվիրատուների մասով. հույսեր ունե՞ք:
– Որոշ բաներ բացահայտվում են, որոշներն էլ բացահայտվում են ընդամենը նեղ շրջանակների համար: Այդ ամենը կախված է նրանից, թե ինչպե՞ս կաշխատի ԱԱԾ-ն:
-Դժգոհություն էիք արտահայտել ոստիկանությունից` ձեռքբերված պայմանավորվածությանը չկատարելու համար:
– Պայմանավորվել էինք, որ կատարվածի հանգամանքները ներկայացնեն բաց ու հրապարակային: Սկզբում չարվեց, բայց իմացա, որ հրապարակային քայլեր արդեն արել են ու երևի կշարունակեն նույն ոգով, իմ ուզածը սա է ընդամենը:

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ. ԴԻՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԴԻՄԵԼ ՍԴ

– Քաղաքական գործչին վայել որոշում կայացրիք` բացառեցիք ընտրությունների հետաձգումը կամ նորի կազմակերպումը, այն համարելով սադրիչների նպատակի իրականացում:
-Այո, որովհետև նրանց նպատակն էր` Հայրիկյանին սպանել ու ընտրությունների անցկացումն ընդհատել: Դա տեղի չունեցավ: Ես թույլ չտվեցի:
– Իսկ այսօր հակառակ լուրերն են շրջանառվում, կարծես նպատակ ունենք ՍԴ դիմելու:
– Պատճառն այն է, որ կանգնած եմ մի նոր իրավիճակի առաջ. երբ ես հայտարարեցի ՍԴ չդիմելու մասին, վստահ էի, որ սկսում եմ քարոզարշավը, չգիտեի, որ այնպիսի հարված եմ ստացել ինչն ինձ գամել է անկողնում: Աջ ձեռքս սաստիկ ցավում է, իսկ մատներս չեն աշխատում: Նոր իրավիճակ է, կա՜մ պետք է ՍԴ դիմելով երկարաձգեմ ընտրությունները, հույսով, որ այդ ընթացքում հունի մեջ կմտնեմ ու քարոզարաշավը կշարունակեմ, կամ պետք է ընդհանրապես հանեմ թեկնածությունս: Հրավիրել եմ ընկերներիս, որ այդ հարցը քննարկենք: Հնարավոր է որ ընդդիմադիր թեկնածուներով միանանք ու միասնաբար հանդես գանք, բայց դա այն դեպքում, եթե նրանք միանան իմ ծրագրի կարևոր կետերին, այն է` 1-2 տարում կատարյալ ժողովրդավարության մոդելի ամրագրում Հայաստանում:
-Միասնաբար հանդես գալու շուրջ պայմանավորվածություններ կա՞ն թեկնածուների հետ:
– Ինչ ոչ չափով` այո: Եթե ընդդիմադիր թեկանածուները որոշեն միավորվել, ապա միասնաբար մենք ավելի շատ ձայներ կհավաքենք: Միավորմանը ես պատրաստ եմ, չգիտեմ իրենք պատրա՞ստ են, թե՞ ոչ: Դրա համար նախ պետք է կարողանան հավակնությունները զսպել: Չգիտեմ, իմ եղբայրները դրան ընդունա՞կ են:
Հիմա նոր իրավիճակ է. կամ պետք է դիմեմ ՍԴ, կամ հայտարարեմ, որ դուրս եմ գալիս խաղից:
-Դա չի՞ նշանակի, որ Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչը պարտվեց, հետևաբար, այդ ուժերն հասան իրենց նպատակին:
– Այդ իմաստով համաձայն եմ ձեզ հետ, որ նրանք կմտածեն, թե կարողացան խաղից հանել քաղաքական գործչին, բայց ես էլ իրենց խաղալիքը չդարձա ու ընթացք չտվեցի իրենց ստոր ծրագրին: Ռուսական իմպերիալիզմի կողմնակիցները կուզենային ունենալ թեկնածու, որը քարոզարշավում կգոռար, թե Հայաստանը պետք դառնա Ռուսաստանի ճորտը: Նոր ընտրություններ ցանկացողների նպատակն էլ դա է, որ հայտնվի նման հայտարարություններ հնչեցնող մեկը: Բարեբախտաբար, այսօր թեկնածուների շարքում այդպիսին չկա:


e>
e>


Թեգեր` , ,

Դիտել Politics, TOP, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն