Երբ անշտապ մոտենում է Շտապ օգնությունը
Բազմիցս է խոսվել մայրաքաղաքում Շտապ օգնության ծառայությունների անբարեխիղճ աշխատանքի մասին, սակայն պարզվում է, որ մարզերում այդ հարցը շատ ավելի բարձիթողի վիճակում է:
Օրերս Դիլիջանում էի, ու հոգսաշատ դիլիջանցիները քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների կողքին հատկապես նշում էին շտապ օգնության ծառայությունների վատ աշխատանքը: Որպես թարմ դեպք` պատմեցին քաղաքապետարանի շենքի դիմաց ուշագնաց եղած աղջկա մասին, որի կյանքը փրկելու համար քաղաքապետարանի աշխատակիցներն էին ստիպված բժշկական օգնություն ցուցաբերել, քանի որ Շտապ օգնություն կոչվածը դեպքի վայր էր ժամանել մեծ ուշացումով: Ու եթե աղջիկը թողնվեր այդ ծառայության աշխատակիցների հույսին, ապա ամեն ինչ կարող էր տխուր ավարտ ունենալ:
Գալով Երևան` փորձեցի համապատասխան գերատեսչությանն ահազանգել տեսածիս ու լսածիս մասին: Պարզվեց, որ առողջապահության նախարարությունում տեղյակ են խնդրին, նույնիսկ տեղեկացրին, որ այս տարվա հունվարից նախատեսվում էր նոր բժշկական տեխնիկա և շտապ օգնության մոտ 160 մեքենա տրամադրել հանրապետության հիվանդանոցներին, իսկ բուժաշխատողների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:
Նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գևորգյանն ասաց, որ մինչև հուլիս պետք է ուսումնասիրություն կատարվեր մարզային բնակավայրերում` որոշելու, թե հատկապես ի՞նչ մեքենաներ են անհրաժեշտ դժվարանցանելի վայրերի, գյուղական ճանապարհների համար: Ցավոք սրտի, տնտեսական ճգնաժամի պատճառով այդ ծրագրերը մնացել են թղթի վրա: Եվ առ այսօր մի ողջ նախարարություն, ճգնաժամին տրված, անկարող է այդ տարրական հաշվարկը կատարել և ի վերջո պարզել, թե ի՞նչ մեքենաներ են հարկավոր…
Տիկին Գևորգյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ խնդիրն ինչ-որ լուծում կստանա. «Գուցե բյուջեն վերաբաշխելիս, հնարավորության դեպքում, որոշ գումար առանձնացվի մի քանի մեքենայի համար»:
Հետաքրքիրն այն է, որ այս հարցում առողջապահության նախարությունն էլ մեղադրում է մարզպետարաններին, նկատելով, որ ոլորտը առողջապահության նախարարության ենթակայությունից դուրս է և այժմ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո:
Իսկ այստեղ այլ կարծիքի են. հղում անելով առողջապահության նախարարության ձեռնարկած և ճգնաժամի ճիրաններն ընկած ծրագրին` Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն առաջարկեց սպասել 2010-2011 թվականներին, մինչև ծրագրի իրականացումը: Ավելին` նրա հավաստմամբ «շտապ օգնության խնդիրներն առկա են ոչ միայն Դիլիջանում և Տավուշի մարզում, այլև ողջ հանրապետությունում»:
Իսկ իրենք ինքնուրույն ոչինչ չեն ձեռնարկում: Հետաքրքիր է, իսկ մարզպետարանը ի՟նչ պարտականություններ ունի, եթե առանձնանալուց հետո էլ կրկին նախարարության հույսին է մնացել:
Եվ մինչ առողջապահության նախարությունը մեղքը կգցի մարզպետարանների վրա, հետո էլ երկուսով կսկսեն մեղադրել համաշխարհային ճգնաժամին և ապասել 2011 թվականին, դիլիջանցիները և հանրապետության շատ այլ վայրերի բնակիչները ստիպված են բավարարվել եղածով` մնալով իրենց բազում չլուծված խնդիրների հետ միասին:
Մնում է մեր հարենանկիցներին մի խորհուրդ տալ` սեփական ուժերով լուծել խնդիրները. միայնակ փողոց դուրս չգալ, իսկ դուս գալիս էլ պայուսակներն ու գրպանները լցնել տարբեր դեղամիջոցներով: Ինչպես ասում են` այլ ճար չկա:
Անի Աբովյան












