Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

Փետրվար 9, 2013թ. 12:31

Երեկ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր թիմակիցների հետ հենց հիվանդասենյակում ժողով է հրավիրել։ ԱԻՄ-ակաները քննարկել են իրավիճակից դուրս գալու մի քանի հարցեր.
առաջին. ընդդիմադիր թեկնածուների հետ ձեռք բերել միասնաբար հանդես գալու պայմանավորվածություն,
երկրորդ. ԱԻՄ առաջնորդը ինքնաբացարկ է ներկայացնում,
երրորդ. նոր ընտրությունների անցկացման պահանջով դիմում է ՍԴ,
չորրորդ. դիմում է ՍԴ` երկշաբաթյա ժամկետով ընտրությունները երկարաձգելու նպատակով:

Ինչպես տեղեկացանք ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԻՑ, առաջին տարբերակն այլեւս բացառված է, քանի որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ Հրանտ Բագրատյանը չեն արձագանքել ԱԻՄ առաջնորդի միավորման կոչին. «Իսկ Հայրիկյանն այլեւս ցանկություն չունի սպասելու նրանց արձագանքներին»:
ԱԻՄ-ականները միանշանակորեն մերժել են Հայրիկյանի ընտրապայքարից դուրս գալու` ինքնաբացարկ ներկայացնելու տարբերակը, այն համարելով պարտության նշան: «Եվ Պարույր Հայրիկյանն ընդունել է իր թիմակիցների հորդորը»:

Կարո Եղնուկյանի փոխանցմամբ՝ այս պահին Հայրիկյանի կողմից դեռ մերժելի է համարվում նոր ընտրությունների անցկացման տարբերակը: «Այդ տարբերակը նա առաջին իսկ օրվանից է բացառել, եթե հանկարծ մի նոր բան մեջտեղ չգա»:

Հետեւաբար միակ հնարավոր տարբերակը երկու շաբաթով ընտրությունների երկարաձգումն է. «Մենք այսօր ժամանակ ենք վատնում, քարոզարշավ չենք կարողանում իրականացնել, լրագրողների հետ չենք խոսում Հայրիկյանի ծրագրերից, մինչդեռ մյուս թեկնածուներն այս ընթացքում չեն կանգնել ու ակտիվ քարոզչություն են իրականացնում` սեփական ծրագրերը մատուցելով ընտրողներին»,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

Ըստ օրենքի, ՍԴ դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է, եւ Պարույր Հայրիկյանը բժիշկների խորհրդով որոշել է եւս երկու օր սպասել: Եթե առողջական վիճակում դրական փոփոխություններ արձանագրվեն, ապա հնարավոր է նախագահի թեկնածուն չդիմի ՍԴ ու երկուշաբթի օրվանից մտնի քարոզարշավի մեջ:

Հակառակ դեպքում, «ստիպված կլինի հենց կիրակի օրը, ինչը օրենքը չի բացառում, դիմել ՍԴ եւ երկշաբաթյա ժամկետով երկարաձգել ընտրությունների անցկացումը»:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն