ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Բայց ո՛չ «ստաժավոր» հացադուլավորի համար
Երեկ նախագահի պաշտոնի հավակնորդների ինքնաբացարկ հայտնելու վերջին օրն էր։
Քանի որ փետրվարի 7-ի դրությամբ թեկնածուներից միայն մեկը՝ մեկօրյա համերաշխության հացադուլով Անդրիաս Ղուկասյանին միացած Արամ Հարությունյանն էր հայտարարել թեկնածուական «մանդատը» վայր դնելու մասին, որոշեցինք պարզել՝ հացադուլի մեջ գտնվող այլընտրանքային թեկնածուները չե՞ն վերանայել մի դեպքում՝ քվեարթերթիկում անունը թողնելու, մյուս դեպքում՝ հանելու մտադրությունը։
Ըստ այդմ՝ այցելեցինք, նախ, ԳԱԱ մերձակա հրապարակ՝ հարցնելու քարոզարշավը քաղաքացիական հացադուլով սկսած թեկնածուի որպիսությունը, հետաքրքրվելու՝ արդյոք չի՞ պատրաստվում անսալ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդի՝ ընտրությունները բոյկոտելու եւ գործող նախագահի համար խաղից դուրս վիճակ ստեղծելու՝ ընտրողների հետ (կամ ընտրողներին դեմ-հանդիման) «մենակ» թողնելու կոչին։
Ամենակարեւորը՝ քարը փեշից թափել, հետեւել աջակիցների, մրցակիցների, բժիշկների եւ բողոքի այդ ծայրահեղ ու չափից ավելի երկարած ակցիայի կանխատեսելի հետեւանքներից անհանգստացած շարքային քաղաքացիների հորդորներին՝ ժամանակին դադարեցնել ինքնանպատակ ինքնազոհողության սույն գործողությունը։
Պարզվեց՝ Ա.Ղուկասյանի վրանի մոտ հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Բանն այն է, որ մի խումբ երիտասարդներ՝ հիմնականում «ֆեյսբուքահայ» ակտիվիստներ, «ռեժիմի», «ատկատների», չինովնիկական կամայականությունների եւ մեր կյանքը ստվերող այլ արատավոր երեւույթների դեմ կարգախոսներով երթի են դուրս եկել։
Ինչեւէ, մի կերպ հաղթահարելով անակնկալ արգելքը՝ ճեղքելով ոստիկանների կազմած կենդանի պատը, հասանք Ղուկասյանի «նստավայր», բայց թեկնածուն տեղում չէր. գնացել էր «շրջափակման» մեջ հայտնված երիտասարդներին օգնության։ Հացադուլավոր գործչի միջամտությո՞ւնն էր պատճառը, թե՞ իրավապահներն իրենք գլխի ընկան, որ չարժե անհարկի խոչընդոտել սոցիալական ցանցերում հասունացած «ինքնաբուխ» ընդվզման «ալիքը»՝ դժվար է ասել։
Ամեն դեպքում, շատ չանցած ոստիկանները ցրվեցին, եւ բողոքավորները հանգիստ, առանց ավելորդ աժիոտաժի, շարունակեցին երթը դեպի նախագահական, մի քիչ բողոքեցին, «ամոթ-ամոթ» ասացին, լիցքաթափվեցին եւ «գնացին տները»։
Վերադարձավ նաեւ Անդրիաս Ղուկասյանը։ Վերջինս ընդհանուր առմամբ վատ տեսք չուներ, բայց չցանկացավ հարցազրույց տալ՝ ասելով, որ հետո կխոսի. չի ուզում ուժերը վատնել լրագրողների հարցերին պատասխանելու վրա։
Մեր հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ մինչեւ ժ. 18-ը, այնուամենայնիվ, փոխի իր դիրքորոշումը եւ ինքնաբացարկի դիմում ներկայացնի, թեկնածուն պատասխանեց շատ կարճ. «Ո՞վ ինքնաբացարկ հայտնի՝ Սերժ Սարգսյա՞նը»։ «Ես՝ ոչ»,- ավելացրեց նա՝ «իմանալով», որ խոսքը ի՛ր, ոչ թե գործող նախագահի մասին է։
Ժամը 14։30-ին թեկնածուին այցելեց առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ եւ բավական երկար խոսեց հետը՝ բացատրելով հացադուլը շարունակելու վնասները։ Նախարարի միջամտությունը բարեբախտաբար իզուր չանցավ. ինչպես նշեց Դ.Դումանյանը՝ Ա.Ղուկասյանը համաձայնել է հետազոտվել եւ ստանալ բժիշկների եզրակացությունը իր առողջական վիճակի, հետեւաբար եւ հացադուլը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ. «Պայմանավորվեցինք, որ մոտ օրերս համալիր քննություն կիրականացնենք նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակին գնահատական տալու համար։ Բանն այն է, որ նման դեպքերում 20-րդ օրվանից սկսած օրգանիզմում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ։ Մենք պարտավոր ենք ուսումնասիրել թեկնածուի առողջական վիճակը եւ տեղյակ պահել նրան հնարավոր բարդացումների մասին»։
Իսկ «դաշտային» պայմաններում նման հետազոտություններ, բնականաբար, անհնար է իրականացնել։ «Կան հետազոտություններ, որ պահանջում են լրացուցիչ գործիքային եւ այլ քննություններ, որ պետք է կատարվեն հիվանդանոցային պայմաններում։ Ես պարոն Ղուկասյանին խնդրեցի, որպեսզի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում իրեն հարմար որեւէ կլինիկայում՝ որտեղ ինքը նպատակահարմար կգտնի, կազմակերպենք այդ հետազոտությունները։ Հետազոտություններին կմասնակցեն հանրապետության լավագույն՝ գլխավոր մասնագետները։
Պարոն Ղուկասյանը խոստացավ մինչեւ օրվա վերջ տեղեկացնել մեզ՝ երբ եւ որ կլինիկայում կցանկանար հետազոտվել։ Սա անհրաժեշտ է, որպեսզի խուսափենք անդառնալի հետեւանքներից»,- ասաց նախարարը։
Շտապօգնության բրիգադը, ըստ նրա, արդեն 3-րդ օրը 24-ժամյա ռեժիմով հերթապահում է Ղուկասյանի վրանի մոտ, եւ անհրաժեշտության դեպքում՝ եթե թեկնածուի կյանքին վտանգ սպառնա, բանը կարող է հասնել «հարկադիր» հոսպիտալացման. «Եթե պարոն Ղուկասյանը հնարավորություն ունենա կարծիք հայտնելու՝ նրան տեղյակ կպահվի այդ մասին, եթե ոչ՝ պարտավոր ենք հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի անդառնալի հետեւանքներ չլինեն»։
Ընթացիկ պահին, Դ.Դումանյանի գնահատմամբ, Ղուկասյանի վիճակը «համապատասխանում է 19-րդ օրը հացադուլ անող մարդու առողջական վիճակին»։
Ինչքա՞ն երկար կարող է շարունակվել նախընտրական այս հացադուլը։ «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ պարոն Ղուկասյանն ընդհատի հացադուլը։ Սա բոլոր գիտակից մարդկանց մոտեցումը պետք է լինի, բայց քանի որ պարոն Ղուկասյանը նաեւ քաղաքական գործիչ է եւ քաղաքական որոշում է կայացրել, ինքը պիտի որոշի՝ դադարեցնե՞լ հացադուլը, թե՞ ոչ»։
Իսկ այն, որ թեկնածուի վիճակն արտաքուստ այնքան էլ վատ չէ՝ դեռեւս ոչինչ չի նշանակում։ «Դա հարաբերական է։ Ես, որպես մասնագետ, զգացի, որ արդեն որոշ փոփոխություններ կան, եւ փոխանցեցի նրան իմ մտահոգությունը։ Ինքը հաստատեց, որ նույնպես զգացել է այդ փոփոխությունները։ Բայց մինչեւ ստացիոնար պայմաններում չստուգենք, ոչինչ ասել չեմ կարող։ Իսկ տեսանելի մասը ընդամենը թվացյալ է՝ ամեն րոպե կարող է ինքնազգացողության վատթարացում նկատվել»,- մեր հարցին ի պատասխան՝ նկատեց նախարարը։
Ինչ վերաբերում է թեկնածու Արամ Հարությունյանին, նրա մոտ առողջության հետ կապված, բնականաբար, ամեն ինչ կարգին է. մի օր սոված մնալուց դեռ ոչ ոք չի տուժել, հակառակը, դա օգտակար է առողջության համար։ Ինքնաբացարկի դիմում գրելու որոշումն էլ մնում է անփոփոխ։
Ստորեւ ներկայացնում ենք «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ամփոփ գնահատականն ընտրապայքարի մեջ մտնելու եւ հետո խաղից դուրս գալու արդյունքների վերաբերյալ՝ ի պատասխան մեր հարցերի։
-Ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, որ ընտրել էիք, ծառայե՞ց իր նպատակին։
-Համենայն դեպս ինձ հաջողվեց ընտրություններից 10 օր առաջ ընկած կարճ ժամանակահատվածում օգտագործել քարոզարշավը եւ ասել այն, ինչի մասին շատերը գիտեն, բայց չեն հանդգնում բարձրաձայնել կամ միգուցե չգիտեն։
Գտնում եմ, որ կարողացա ձեւակերպել՝ ինչ է նշանակում այս պայմաններում մասնակցել ընտրություններին, որովհետեւ ընտրությունները ոչ միայն առաջադրումներն են, քարոզարշավը եւ ընտրությունների օրը, այլեւ մինչեւ առաջադրումները եղած շրջանը։ Իմ համոզմամբ, երեք հիմնական քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ Դաշնակցության նկատմամբ եղել են ճնշումներ գաղտնալսումների, փողերի լվացման մեղադրանքով եւ համակիրներին ճնշելու տեսքով։ Սա նշանակում է, որ ընտրական գործընթացն անօրինական է։
-Բայց իրենք՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը, ճնշումներից չեն բողոքում, այլ փաստարկներ են բերում ընտրական գործընթացին չմասնակցելու համար։
-Իրենք ինչ են ասել, ինչ են ասում կամ վաղը ինչ կասեն՝ ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Դա իրենց գործն է։ Ինձ հետաքրքրում են 700-800 հազար քաղաքացիների իրավունքները, որոնք խորհրդարանական ընտրություններում քվեարկել են այդ ուժերի օգտին։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












