Քարոզարշավ ֆեյսբուքից ներս ու դուրս
Այն մտահոգությունը, թե ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականցված մահափորձը կշեղի քարոզարշավի բնականոն ընթացքը, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Էական փոփոխություններ չգրանցվեց ոչ միայն ընտրական քարոզաշավի տրամաբանության մեջ, ավելին, բացասական առումով փոփոխություններ չեղան նաև հասարակական տրամադրություններում:
Բայց դրանով հանդերձ, արդյո՞ք քարոզարշավի ընթացքն ու բովանդակությունը բավարարում է մեր հասարակությանը, ոմանց գնահատմամբ, կան թեկնածուներ որոնք ուղղակի անիմաստ ժամանակ են վատնում. մեկը վարսավիրանոց է գնում, ձեռք է սեղմում, մյուսն անիմաստ խոստումներ է տալիս, հաջորդը ՙկաբինետից՚ դուրս չի գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ որոշ թեկնածուներ պարզապես ժամանակ են սպանում, մինչև կհասնի փետրվարի 18-ը:
Քաղտեխնոլոգներն էլ իրենց հերթին բնութագրելով նախընտրական քարոզարշավը, արձանագրում են, որ այն շարունակում է զերծ մնալ նորամուծություններից` նոր տեխնոլոգիաների կիրառումից: Միակ ՙնորարարությունն՚ այն է, որ առաջին անգամ մեզանում նախագահի թեկնածուներն ու նրանց թիմակիցները հախուռն ներխուժեցին սոցիալական ցանցեր, և ՙսեփականաշնորհեցին՚ Ֆեյսբուքն ու Յութուբը:
Հիշենք, որ նախընտրական քարոզարշավի առաջին իսկ վայրկյաններին սոցիալական ցանցերում հայտնվեցին թեկնածուների նախընտրական հոլովակաները:
Սոցիալական ցանցերն օգտագործելը, Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, շատ նպաստավոր եղավ թեկնածուների համար, քանի որ հեռուստատեսության ու համացանցի լսարանի թվաքանակը գրեթե շատ մոտ է, մյուս կողմից համացանցը թույլ է տալիս թիրախավորված գովազդ իրականացնել, ազդելով կոնկրետ խմբերի վրա: Կա նաև երրորդ գործոնը. ՙցուրտ եղանակին թեկնածուների համար առանձնապես ցանկալի չէ հանդիպումներ անցկացնելը՚, և Ֆեյսբուքը հասավ օգնության, հնարավորություն ընձեռելով նախագահացուներին սեփական ընտրողի հետ շփվել թե՜ անձրևին, թե՜ ձյանը, նաև տանը` բազկաթոռի մեջ ընկղմված:
Համաձայնեք, որ սոցիալական ցանցերից ընտրողին ներկայանալը նաև հարմար միջոց է այն թեկնածուների համար, ովքեր խուսափում են հասարակության հետ անմիջական շփումից, քանզի համոզված են, որ կենդանի շփումը կարող է հարուցել ընտրողի հակակրանքն ու ձախողել սեփական հաշվարկները:
Ու չնայած սրան, Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ մեր թեկնածուներից և ոչ մեկը սոցցանցերի ՙներուժն՚ անհրաժեշտ չափով չի օգտագործվում` ՙնրանք բավարավում են ընդամենը նյութեր տարածելով՚: Քարոզարշավին 10 օրից էլ քիչ ժամանակ է մնացել ու փորձագետը թեկնածուներին և նրանց ֆեյսբուքյան թիմերին խորհուրդ է տալիս` ցանցի միջոցով երկխոսության մեջ մտնեք ընտրողների հետ, ստացեք ձեր լսարանի արձագանքները, ի վերջո, օգտվեք Ֆեյսբուքի` մարդամոտ երևալու հնարավորությունից, այն ինչ չի հաջողվում կենդանի շփումներում` իրականացրեք ֆեյսբուքյան հարթակում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉԵՔ ԽԱԲԻ
Իշխող կարծիքը, թե ընտրությունը ծրագրային պայքար է, քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի ընդունում, հակադարձելով` ընտրությունը անելիքների պայքար է. ի՞նչ է արել թեկնածուն նախորդ տարիներին ու ի՞նչ է պատրաստվում անել ապագայում, իսկ ծրագիրն ընդամենը միջոց է կատարած ու կատարվելիք աշխատանքները ներկայացնելու համար: ՙՀասարակությանը չես խաբի, նրան հետաքրքրում են այն թեկնածուները, ովքեր խոսում են տեսանելի գործերի, արածի ու չարածի մասին՚:
Այս իմաստով շահեկան դիրքերում է գործող նախագահը, վերջինս հենց այդպես էլ կառուցում է իր քարոզարշավը` ընտրողին ներկայանալով իր արած ու նաև չարված գործերով, միաժամանակ ներկայացնելով անելիքը: “Քարոզարշավի դասական բնույթին ու կանոններին ամբողջությամբ համապատասխանում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական պայքարը՚”- գնահատում է փորձագետը. “Նա գնում է շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ, հանդիպում ընտրողների հետ, ներկայացնում իր ծրագրերը ու ապագա անելիքները”:
Իսկ շաահեկանության տեսանկյունից ի՞նչ դիրքում են մյուս թեկնածուները:
“Ժառանգության” լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն ընտրապայքար նշանավորվեց արևմտյան տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բայց եթե այն սկզբում իբրև նորություն հետաքրքրեց հայ ընտրողին, ապա օրեր անց ուղղակի սկսեց հոգնեցնել: ՙԱյսօր նրա քարոզարշավն այլևս գրավիչ չէ”,- նկատում է Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ Հովհաննիսյանի կողմից բանեցվող տեխնոլոգիաները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ հայ ընտրողի վրա: Պատճառը շատ պարզ է. ցանկացածը PR պետք է համապատասխանի տվյալ հասարակության արժեքային համակարգին, մինչդեռ ՙԺառանգության՚ լիդերի տեխնոլոգիաները չեն բխում հայ հասարակության արժեհամակարգից ու մտածելակերպից, հստակ է`ՙարևմտյան տեխնոլոգիաները մեզ մոտ չեն աշխատում՚:
Բայց կա մեկ այլ, շատ ավելի կարևոր հանգամանք, ինչի մասին շատերը մոռանում են: Ի վերջո, քարոզարշավը քաղաքական գործընթացների գագաթնակետն է, իսկ դա նշանակում է, որ այն թեկնածուի նախորդ 5 տարիների կատարած աշխատանքի հանրագումարն է, հետևաբար, “PR տեխնոլոգիաներն ընդամենը կատարված աշխատանքը կարճ ու արդյունավետ ներկայացնելու հնարք են: Բայց եթե թեկնածուն 5 տարում ոչինչ չի արել, չի ձևավորել իր կերպարը որպես լիդեր, չի կարողացել ներկայացնել իր անձնական հատկանիշները, ապա տեխնոլոգիաներով ոչնչի չի հասնի: Դրանք կախարդական փայտիկ չեն, որ բանեցնես ու ինչ որ դրական արդյունքի հասնես”:
Այս տեսանկյունից փորձագետն այսպես է գնահետում թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունները. մի թեկնածու, ով Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվում է գիսաստղի նման` հայտնվում է ու անհայտանում, հետո անորոշ հացադուլ է անում, հետո քննարկում մանդատը վայր դնել-չդնելու հարցը, մի խոսքով կատարում է քայլեր, որով հասարակության համար անընկալելի են մնում նրա գործունեության իրական նպատակները, ՙհավատացեք` նա քարոզարշավի մեկ ամսում չի կարող ընտրողից լուրջ աջակցության ակնկալիքներ ունենալ՚:
1996-ին պաշտոնանկ արված վարչապետ Հրանտ Բագրատյանը քաղաքական դաշտ մտավ միայն 2008-ին: Ի՞նչ ներդրում է նա ունեցել քաղաքական դաշտում անցած հինգ տարիներին. “Նրան չհաջողվեց ստեղծել հզոր կուսակցություն, “Ազատություն”-ն ընդամենը երկրում գրանցված 70 կուսակցություններից մեկն է: Նա նախագահի թեկնածուի հայտ ներկայացրեց որպես ինքնուրույն գործիչ, սակայն որպես այդպիսին չունի ո՜չ ազդեցություն, ո՜չ գրավչություն”: Հետևությունն է` նման թեկնածուն չի կարող արժանանալ հասարակության աջակցությանը: Ավելին, փորձագետը Հրանտ Բագրատյանի ամենամեծ թերությունը համարում է այն, որ նա քարոզարշավում գերագնահատում է սեփական ծրագրերի դերը: “Քարոզարշավը դիսերտացիայի պաշտպանություն չէ, որ ընտրողը վերցնի ու մանրամասնորեն ուսումնասիրի: Մարդկանց չեն հետաքրքրի ներկայացվող 100 քայլերը, ոչ ոք այն չի կարդալու”: Հետևաբար, զուտ ծրագրի գերագնահատման վրա կառուցվող քարոզարշավը ոչ մի ազդեցություն չի ունենա ընտրողի վրա:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ապա` ՙնա անցած 20 տարում չկարողացավ ծանրակշիռ գործիչ դառնա, որքան էլ շարունակի իր անձը գերագնահատել՚:
Քարոզարշավը հացադուլով ազդարարած թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քաղաքական պայքարի ձևն այլևս սկսում է անլուրջ ընկալվել հասարակության կողմից: Ո՞ր դեպքում է հացադուլը որպես քաղաքական պայքարի միջոց գործում արդյունավետ. առաջին, երբ հացադուլ հայտարարողը ազդեցիկ քաղաքական գործիչ է, իսկ ո՞վ է Անդրեաս Ղուկասյանը.ՙԳնացեք շրջաններ ու հարցրեք` տեղյակ ե՞ք Ղուկասյան թեկնածուի մասին, ոչ ոք չի ճանաչում նրան՚: Երկրորդ, երբ մի քանի տասնյակ մարդիկ միաժամանակ հացադուլ են հայտարարում և ապահովում մեծ հնչեղություն: Այս դեպքում ո՜չ մեկը կա, ո՜չ մյուսը` ուրեմն. ՙԱնդրեաս Ղուկասյան թեկնածուի հացադուլը դառնում է ինքնանպատակը, այն ընդամենը ազդում է իր առողջության վրա, ինչը և տեղի է ունենում՚:
Փորձագետի եզրակացությունն է` եղածների մեջ չկա նախագահի այն թեկնածուն, հանձին որի հասարակությունը կտեսնի գործող նախագահի իրական մրցակցին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












