Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ՎԱԽԵՑԱՆՔ, ՎԱԽԵՑԱՆՔ, ՎԵՐՋԱՊԵՍ ՈՒՐԱԽԱՑԱՆՔ

Փետրվար 12, 2013թ. 10:46

Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքը դրական շեշտադրումներով մեզ` ընտրողներիս, ուրախանալու քիչ հնարավորություններ է տալիս:
Ուրախանում ենք միայն ակտիվ քարոզարշավ վարող երկու հիմնական թեկնածուների` գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական խոստումները լսելիս:
Մեզ մի քիչ մտահոգված ենք տեսնում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի «համակարգային» թվաբանությունը լսելիս ու լավ չենք հասկանում, թե թվաբանական այդ պայծառատեսությունը ինչու հանկարծ միայն վերջերս ծագեց որպես Աստծո շնորհ:
Վախենում ենք հացադուլավոր թեկնածուի` Անդրիաս Ղուկասյանի առողջության համար, որը սոված սպասում է Սերժ Սարգսյանի հրաժարականին: Նման անձնազոհ պայքարը հարգելի է, իհարկե: Անհասկանալին հաց չուտելու դիմաց դրված պահանջն է:
Վերջերս էլ վախեցանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ: Փառք Տիրոջը, ամեն ինչ բարեհաջող անցավ. նախագահի թեկնածուն առողջությանը լրջորեն սպառնացող վերք չստացավ:
Բայց օրերս Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջապես ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ, որը հեռագնա հետեւանքներ կարող է ունենալ եւ արմատապես փոխել այս խեղճուկրակ երկրի վիճակը:
Արդարադատության նախարարություն է հանձնվել 28 անձի ստորագրությամբ մի փաստաթուղթ` Հայ ազգային կոնգրես անվանումով կուսակցություն գրանցելու համար: Եվ այդ 28-ը սովորական անձինք չեն. Լեւոն Տեր-Պետրոսյան, Լեւոն Զուրաբյան, Զոյա Թադեւոսյան, Գագիկ Ջհանգիրյան, Վահան Վարդապետյան, Արման Մուսինյան եւ այլք:
Ի դեպ, այս «անհատական» նախաձեռնության մասին Լ.Զուրաբյանը նախօրեին հայտարարեց. «Կարծում ենք, որ ստեղծում ենք հզոր, իր նախադեպը չունեցող մասսայական դեմոկրատական մի կուսակցություն»:
Սակայն երբ վերլուծում ենք այս «հզոր» կուսակցությունը նախաձեռնողների ցուցակը, ակնհայտ է դառնում, որ այդ գործիչները կամ ՀՀՇ ակտիվիստներ են, կամ անկուսակցականներ: Այսինքն՝ ապագա այս հզորության իրականացումը գոնե մեզ խիստ կասկածելի է թվում մի քանի պատճառներով:
ՀԱԿ-ը միավորում էր տասից ավելի կուսակցություն, որոնք պիտի որ ունենային ինքնուրույն քաղաքական գիծ: Հետեւաբար նրանց միավորող միակ ընդհանուր բանը ռեժիմից եղած դժգոհությունն է: Բայց այլ բան է միասնական ճակատով ռեժիմի դեմ պայքարելը եւ բոլորովին այլ բան, սեփական հայացքները մի կողմ դրած, այլ ուժի մեջ ձուլվելը:
Եվ իրոք, տարբեր քաղաքական ուժեր արդեն հայտարարեցին ՀԱԿ կուսակցության մեջ ձուլվելու անհնարինության մասին: ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը, չնայած ՀԱԿ կուսակցության ստեղծումը համարեց «շատ լավ եւ շատ առողջ քայլ», բայց ասաց նաեւ, որ «ՍԴՀԿ-ն, լինելով մայր կուսակցություն, չի կարող ձուլվել որեւէ այլ կուսակցության մեջ»:
Ըստ շրջանառվող լուրերի, ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հրաժարվել է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որն ասել է, թե չի կարող կազմաքանդել եւ քաղաքական ասպարեզից դուրս թողնել հոր` Կարեն Դեմիրճյանի ստեղծած կուսակցությունը:
Այլ քաղաքական ուժի մեջ կարող է ձուլվել միայն սեփական ասելիք, քաղաքական լուրջ ուղղվածություն չունեցող, ինչպես նաեւ, ընտանիքի անդամներից բացի, այլ հետեւորդ չունեցող քաղաքական ուժը:
Այսինքն՝ իրականում այս կուսակցության ստեղծումը նշանակում է ՀՀՇ-ի վերանվանում ՀԱԿ-ի` մի փոքր հավելումով: Թե որքան կլինի այդ հավելումը, ցույց կտա ապագան: Ի դեպ, նոր կուսակցության ստեղծման եւ այլ ուժերի` նրանում ձուլման նպատակահարմարության վերաբերյալ միասնական կարծիք չկա հենց ՀՀՇ-ի ներսում: Եվ դա բնական է, քանի որ ՀԱԿ կուսակցության ստեղծման մեխանիզմը թվում է արհեստական:
Քաղաքական որեւէ ուժ կամ պիտի հրաժարվի որդեգրած քաղաքական կուրսից եւ որպես այդպիսին վերանա, կամ կուսակցության շարքերը պիտի համալրվեն անկուսակցական կուսակցականներով: Տրամաբանությունը սա է հուշում: Կուսակցության ձեւավորման կոնկրետ մեխանիզմների մասին չեն խոսում նաեւ նախաձեռնողները` դա համարելով յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշելիքը:
Բացի այս, դեռեւս անորոշ է նորաստեղծ կուսակցության ղեկավարի հարցը:
Լեւոն Զուրաբյանը իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ես անձամբ ամեն ինչ կանեմ եւ ցանկանում եմ, որ կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իմ բոլոր ջանքերը կուղղեմ նրան, որ հենց այդպես էլ լինի, եւ նա ընտրվի այս կուսակցության ղեկավար, բայց իմ որոշումով դա չի լինի. դա պետք է լինի դեմոկրատական գործընթաց»:
Թե այդ ինչ «դեմոկրատական գործընթացով» պիտի Լ.Տեր-Պետրոսյանն ընտրվի կուսակցության ղեկավար, անհայտ է: Ենթադրելի է, որ ապագայում կստեղծվի ինչ-որ ղեկավար վարչություն կամ դրա նման մի բան, որի անդամները քվեարկությամբ կընտրեն կուսակցության ղեկավարին:
Բայց այդ դեմոկրատիան ունի մի թերություն` հաշվի չի առնվում Տեր-Պետրոսյանի անձնական որոշումը, որը նախագահի թեկնածու չգրանցվեց, քանի որ 68 տարեկան է: Չմոռանանք, որ նախագահի թեկնածուների գրանցման փուլում ՀԱԿ-ի մեծամասնությունը նույն դեմոկրատիայով պահանջում էր ՀԱԿ առաջնորդի առաջադրումը: Բայց դրանից ոչինչ չփոխվեց. «գործընթացը» չաշխատեց:
Ակնհայտ է, որ ՀԱԿ կուսակցություն անվանափոխության հիմնական նպատակը, թեկուզ անվանափոխության ճանապարհով, ՀՀՇ-ի պահպանումն է քաղաքական ասպարեզում: Սակայն վերջին տարիներին ՀԱԿ-ը` որպես կուսակցությունների միավորում, աչքի չընկավ միասնականությամբ եւ համերաշխությամբ:
Ուրեմն, ավելի դժվար չի՞ լինելու հանդես գալ որպես մեկ կուսակցություն, այն էլ «հզորի եւ աննախադեպի» ակնկալիքով:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն