ՈՄԱՆՑ ՆԵՐՔԻՆ ԶՍՊԱՆԱԿԸ ԲԱՑՎԵԼ Է
–Չնայած ասվեց, թե ի տարբերություն նախորդ ընտրությունների այս քարոզարշավն առավել զուսպ է և կոռեկտ, սակայն կարծես այդ առողջ մթնոլորտը սկսում է կամաց-կամաց տեղի տալ, գուցե պատճառը ընտրությունների մոտալուտ լինելն է, որ լարվածությունից որոշ թեկնածուներ <ակամա> դուրս են գալիս կոռեկտության սահմաններից:
-Այս քարոզարշավն, իրոք, շահեկանորեն տարբերվում է մյուսներից, սակայն որոշ թեկնածուներ կարծես սկսում են տրվել քարոզչական գայթակղությանն ու անցնել արդեն իսկ դրված գեղեցիկի ու լավի ավանդույթի սահմանը: Կարծես ոմանց մոտ ներքին զսպանակը սկսում է բացվել:
–Օրերս Սերժ Սարգսյանը անհանգստացած արձանագրեց այդ փաստը, թե ոմանք սկսել են կրկին ամեն ինչ «մերոնք-ձերոնքի» բաժանելը։ անուն չհնչեցրեց, սակայն պարզ էր` խոսքը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էր:
-Անթույլատրելի է, երբ փորձ է արվում ամեն ինչ մղել <բարու և չարի>, <լավի ու վատի>, <սևի ու սպիտակի> դաշտ: Շատ կարևոր էր Սերժ Սարգսյանի խոսքը, այն հնչեց իբրև կոչ ուղղված յուրաքանչյուրին: Մերժելի է նման վաքագիծը, երբ տրվելով պահի ազդեցությանը փորձ է արվում մարդկանց <համախմբել>` ատելություն սերմանելով: Նման քայլերն իրենց մեջ սարսափելի բացասական էներգիա են պարունակում, մենք արդեն առիթ ունեցել ենք տեսնելու, թե ինչ է լինում, երբ Ջինը շշից դուրս է գալիս: Իսկ մեզ համար շատ կարևոր է, որ մեր հասարակությունը, քաղաքական դաշտը նախագահական ընտրություններից դուրս գան միավորված և ոչ թե, ինչպես եղել է տարիներ շարունակ, բաժան-բաժան եղած: Նման պահվածքը, հավատացեք, <դեպի տաճար չի տանում>:
– Երբեմն այս կամ այն թեկնածուի վարքը արդարացվում է ասելով` ընտրապայքար է, ինչին հատուկ է նաև պոպուլիզմը: Սակայն չե?ք կարծում, որ կան հարցեր, որոնց դեպքում անկախ իրավիճակից, պետք է խիստ զգուշավոր լինել, մասնավորապես, երկրի արտաքին քաղաքականության, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերում: Այս առումով ինչպե?ս եք գնահատում նույն թեկնածուի կողմից հնչող հայտարարությունները:
-Նման հարցերում ոչ միայն պետք է զգուշավոր լինել, այլև հավասարակշռված և գիտակցել, ի?նչ հետևանքներ կարող է այն ունենալ, ի վերջո, ասվածիդ համար նաև պետք է հաշիվ տաս: Օրինակ, ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին <Ժառանգությունը> նոր չէ, որ բարձրաձայնում է, պարզապես այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավն է օգտագործում այդ մասին խոսելու համար: Չի կարելի այդչափ պարզունակացնել մեզ համար ճակատագրական հարցերի լուծումները:
– Ի դեպ, գործող նախագահն անդրադառնալով ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հնչող հայտարարություններին, այն բնութագրեց որպես ավանտյուրա, ընդգծելով, թե դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:
– Ճիշտ բնորոշում է: Դժվար է աշխարհում գտնել գեթ մեկ հայ, ով չի ցանկանա, որ ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ պետություն: Բայց կա քաղաքականություն, գործողությունների ընթացք, ի վերջո, շատ բան հո հայտարելով չէ?: Հետևանքները պատկերացնո?ւմ են: Դա նշանակում է դուրս գալ բանակցային գործընթացից, թքած ունենալ տարիների տաժանակիր աշխատանքի վրա, նշանակում է անտեսել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, ի վերջո, նրանց ջանքերով է, որ տարածաշրջանում պահպանվում է այս փխրուն խաղաղությունը: Հետաքրքիր է <Ժառանգություն> կուսակցությունում կա? վառոդի հոտ առած մեկը, և ո~վ է նման պատասխանատու հայտարարություն հնչեցնողը:
–Մարդ, ով ինչ-որ ժամանակ եղել է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը:
-Դրանով իսկ առավել վտանգավոր է: Երևի բախտներս բերել է, որ նա չհասցրեց իրականացնել իր նմանօրինակ ցանկությունները, ու 1992-ին բավարարվեց միայն Ստամբուլում արած հայտարարություններով…
–Եթե նախագահի թեկնածուն խոսում է աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման մասին, հասկանալի է, թե ում է ուղղված նրա ժողովրդահաճո խոսքը:
Բայց հաստատ հայ ընտրողին չի ուղղված այն միտքը, թե` սահմանապահ ռուսական զորքը պետք է ՆԱՏՕ-ականով փոխարինել:
-Չեմ բացառում, որ դրանք նաև մեսիջներ են` որոշակի ուժերի ուղղված: Մյուս կողմից էլ Արևմուտքը, առավելապես ԱՄՆ-ը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, հազիվ թե հիացած լինի ԼՂՀ անկախության ճանաչման մասին հայտարարություններով: Իհարկե, կրկնում եմ, չեմ բացառում նաև որոշակի մեսիջների առկայությունը, մասնավորապես, երբ խոսվում է ՀԱՊԿ, ՆԱՏՕ հարաբերությունների, մեկը մյուսով փոխարինելու մասին: Կարծում եմ առնվազն տարօրինակ է, որ նման <մանկական չարաճճիություն> հիշեցնող հայտարարություններ է անում Հայաստանի ԱԳ նախարար աշխատած թեկնածուն, մինչդեռ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում նրա խոսքը շատ ավելի լուրջ ու պատասխանատու պետք է լիներ: Մեր երկրում քիչ չեն մարդիկ, բարեբախտաբար մեծամասնություն չեն կարծում, ովքեր իրենց համարում են Արևմուտքի կույր հետևորդները, սա էլ եկեք չբացառենք:
-Նման <բազմերանգ> քարոզչական ընտրական գործընթաց երբևէ ունեցե?լ էին. ամեն ինչ տեսանք ու լսեցինք. և’ տարօրինակ կանխատեսումներով էպոսագետ, և’ սեփական առողջությունն անտեսած հացադուլավոր, անգամ մահափորձ տեսանք:
-Եթե մեկ ամիս առաջ ինչ-որ մեկն ասեր, թե նմանատիպ գործողությունների ականատեսն ենք լինելու, երևի քչերը կհավատային: Այս ամենը մտորելու լուրջ տեղիք է տալիս, անկեղծ ասած, ինձ համար շատ ցավալի է, որ մենք մեր երկրի ղեկավարի պաշտոնի նման հավակնորդներ ունենք: Այս իրողությունը մեզ հուշում է, որ պետք է օրենսդրական դաշտում որոշակի փոփոխություններ կատարվեն:
-Նկատի ունենք, սահմանվեն որոշակի չափորոշիչներ, որ տեղից վեր կացողը հնարավորություն չունենա երկրի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել:
-Այո: Իսկ այսօր դարպասը լա~յն բաց է, բավական է, որ մեկն ընդամենը 10 տարի բնակվի հանրապետությունում, կարողանա մուծել 8 մլն դրամ ընտրագրավ ու նրա առաջ բաց է նախագահի թեկնածուի կարգավիճակով հանդես գալու հնարավորությունը: Իսկ եթե նախագահի թեկնածուի հայտ ներկայացնելու համար օրենքում նշված լիներ` օրինակ, ներկայացնել 10 000 ընտրողի ստորագրություն, ապա այսօրվա մեծ-մեծ խոսողները, վստահ եմ, չէին լինի: Թե չէ, գալիս են մարդիկ, ում հասարակությունը չի էլ ճանաչում, ու հայտնվում պետության թիվ մեկ պաշտոնին հավակնորդների թվում: Կան թեկնածուներ, որոնց պահվածքից կարելի է մի լավ զվարճանալ, բայց ինչպես հայտնի հերոսն է ասում` այս ամենը զվարճալի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Այնպես որ ժամանակն է <մեծ դարպասը> փոխարինել <մաղով>:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












