Գլխավոր » TOP, Լրահոս, Մշակույթ, Քաղաքականություն

ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Փետրվար 14, 2013թ. 01:41

Հայաստանի նախագահի ընտրություններին մնացել են հաշված օրեր. եւս 4 օր, եւ մեր ժողովուրդն արդեն 6-րդ անգամ կընտրի երկրի ղեկավարին: Նախընտրական քարոզարշավի թոհուբոհի մեջ նախագահի թեկնածուների անկանխատեսելի «վարք ու բարքի» լուսաբանմամբ տարված լրագրողներս գրեթե մոռացանք հայ մտավորականին, ու այս անգամ էլ` մի քիչ մեր, մի քիչ էլ իրենց մեղքով կրկին հարկ եղած չափով չհնչեց մտավորականության խոսքը:
Այսօր մենք փորձում ենք լրացնել այդ բացը։

ԶեյթունցյանՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ– Գրող, հրապարակախոս
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱՅՆ ԽՂՃԻ ՄՏՈՔ
-Ընտրությունների առնչությամբ միայն մի խնդրանք-ասելիք ունեմ, որն ուղղված է իմ ժողովրդին` գնացեք ընտրության եւ կատարեք ձեր ընտրությունն առանց կաշառքի, միմիայն խղճի մտոք: Այսօր դա է կարեւորը, այլ բան չունեմ ասելու:

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ- գրականագետ
ԿՎԱԽԵՆԱՄ ԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ, ՈՐԻ ԳՈՐԾԸ ՉԵՆՔ ՏԵՍԵԼ

-Նախագահի ընտրությունը համարվում է յուրաքանչյուր երկրի քաղաքական կարեւորագույն իրադարձություններից մեկը: Մոտենալով քվեատուփին՝ հայ ընտրողը պետք է գիտակցի, որ ընտրելու է այն թեկնածուին, ում հետ է կապում Հայաստանի ճակատագիրը, ազգային հարցերի լուծումը, երկրի առաջընթացը:
Ծանոթանալով նախագահի թեկնածուների ծրագրերին, կենսագրությանը՝ այդ շարքում չես կարող չառանձնացնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որը ակտիվորեն մասնակցել է Արցախի ազատագրմանը, ունի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ու պետական գործչի հսկայական փորձ:
Քարոզարշավից նաեւ մտահոգիչ հետեւության եմ հանգել. օրենքը ամեն մի ցանկացողի թույլ է տալիս գրանցվել ու դառնալ երկրի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու: Սա շատ լուրջ հարց է: Պետք է հաշվի առնել, թե այդ մարդն ի՞նչ գործեր է արել այս երկրի, ժողովրդի համար։ Միայն դրանից հետո նրան իրավունք տալ նախագահի թեկնածուի հայտ ներկայացնելու:
Ախր, այդպես չի՛ կարելի: Հայտնվել ենք զավեշտալի իրողության առաջ: Մենք հո որսորդ միության նախագահ չենք ընտրում: Լսում եմ ոչ հիմնական թեկնածուներից 4-ին ու մտածում՝ ախր, ասելիք չունեն: Ի՞նչ մեղք է գործել մեր ժողովուրդը, ինչո՞ւ են նրան պատժում ստիպելով ամեն օր հեռուստաեթերից լսել, թե այդ անծրագիր թեկնածուներից ով ինչ է դուրս տալիս: Ովքե՞ր են, ի՞նչ են արել այս երկրի համար, քարը քարին դրած կա՞ն: Այդպիսիք զբաղված են միայն ինքանգովերգմամբ:
Եթե իրոք հայրենասեր մարդիկ են, ապա ավելի լավ կլիներ իրենց ընտրագրավը փոխանցեին որեւէ մի որբանոցի, քան ի հայտ գային որպես թեկնածուներ: Այս առումով պետք է անպայման իրականացնել օրենքի փոփոխություն եւ կանաչ ճանապարհ չտալ ցանկացած դիմումատուի:
Պետք է ընտրվի այն անձը, որն իր հողի, երկրի վրա գործ արած, ժամանակի փորձությունն անցած մարդ է: Ես կվախենայի այն նախագահից, որի գործը չենք տեսել:
Թեկնածուների ութ հոգանոց ցանկում միայն գործող նախագահն է, որ ի զորու է մեր պետության առաջ ծառացած բարդ հարցերին տալ ազգօգուտ պատասխաններ: Մեր ժողովուրդը իմաստուն է ու իր բանականությամբ կկատարի իր ընտրությունը:

Հակոբ հակոբյանՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ- ՀՀ ժողովրդական նկարիչ
ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԻ ԵՐԿՐԻՍ ՀԱՅՐԸ

-Անկեղծ ասած, նախորդ ընտրությունների թոհուբոհից հետո վստահությունս կորել է ընտրությունների հանդեպ: Սակայն ամեն մի քաղաքացու իրավունքն է ընտրություններին մասնակցելով իրացնել իր ընտրական իրավունքը: Փետրվարի 18-ին ժողովուրդը թող գնա եւ ընտրի նրան, ում իրոք ցանկանում է տեսնել նախագահի պաշտոնում: Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, եղբայր, դա էլ նրանց իրավունքն է:
Թեկնածուները խոսում են, խոսում, ամեն մեկն իրեն է ներկայացնում, բայց չէ՞ որ մենք մարդուն պետք է ճանաչենք ու գնահատենք միայն իր կատարած գործերով եւ ոչ թե խոսքերով: Իսկ թեկնածուներից շատերին այս իմաստով ժողովուդը չի ճանաչում:
Ցանկությունս է, որ երկրիս նորընտիր նախագահը լինի արդար, պատժի հանցագործներին, անի այնպես, որ հայ մարդը գործազուրկ չմնա, չհեռանան իր երկրից, իսկ գործազրկությունն ու արտագաղթն այսօր մե~ծ խնդիր են Հայաստանի համար:
Ցանկությունս է, որ նորընտիր նախագահն իրոք լինի երկրի իսկական տերն ու հայրը. վերջ, սա եմ ակնկալում նոր նախագահից:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ- Բանաստեղծ
Ա՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀՈ ՄՈՒԹ ՉԷ, ՉԻ՞ ԵՐԵՎՈՒՄ

-Այսօր մենք ազատ, անկաշկանդ քարոզարշավի ականատեսն ենք: Բոլոր թեկնածուներն էլ կարողանում են, ինչպես ասում են, մինչեւ վերջին խազը լիարժեքորեն ներկայանալ ընտրողին: Խոսում են ամեն ինչից, ասում են ինչ ուզում են, մենք ականատես ենք խոսքի լիակատար ազատության: Սա մեր իրականության համար մեծ նվաճում է:
Բայց պետք է նաեւ ասել, որ երբեմն այն անցնում է ռեալության սահմանը, քանի որ լսում ենք նաեւ վայրիվերո արտահայտություններ` անցած 5 տարիների ձեռքբերումներն անտեսելու միտումով: Երեւի քարոզարշավ է ու նաեւ այդ տեսակ բաներ պետք է լսենք, բայց ո՞ւր մնաց խիղճը, բարոյականությունը:
Գործող նախագահը հսկայական ծառայություններ է մատուցել իր ազգին, նրա խոստումներում ես անիրատեսական երանգներ չեմ տեսնում եւ հավատում եմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքերին, քանի որ դրանք հիմնավորված են գործնական քայլերով:
Գյուղի զարգացումն առաջնահերթություն հռչակելու, նախապատվությունը գյուղին ու գյուղացուն տալու, նրա աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին հնչող խոսքերը սոսկ խոստումներ չեն, այլ ամրագրված են արված գործերով: Մնում է, որ այդ ծրագրերն իրականացնող ստորին օղակներում լինեն այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասկանան, որ մինչեւ չվերականգնենք գյուղացիական, բանվոր դասակարգերը, մենք մտավորական դաս չենք ունենա:
Խորհուրդս է, որ նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը (իսկ ես համոզված եմ, որ նա է ընտրվելու) ճիշտ թիմ հավաքի իր շուրջը, որպեսզի այդ թիմը սատար լինի իր ծրագրերի կատարմանը, իսկ ժողովուրդն էլ ոչ միայն մերկապարանոց հավատա իրեն, այլեւ հավատա ողջ թիմին:
Ընտրություններին ընդառաջ մեր ժողովրդին ուզում եմ ասել հետեւյալը. ա՛յ ժողովուրդ, հո մութ չէ, չի՞ երեւում, թե ով կարող է այս երկրի նախագահը լինել: Հստակ տեսանելի է, բացեք ձեր աչքերն ու տեսեք, որովհետեւ ձեր սպասումների իրագործողը միայն մի մարդ կարող է լինել:

երվանդ ԵրզնկյանԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ
Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

ՆԱԽԸՆՏՐԵԼԻՆ ՆԱ Է, ՈՎ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԳՈՐԾ ԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ
-Քարոզարշավն արդեն ավարտվում է, ու չնայած ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, այնուհանդերձ այն շարունակում է նորմալ ընթացքով առաջ գնալ:
Հետեւում եմ թեկնածուների քարոզչական ծրագրերին, իհարկե, այնքանով, որքանով դրանք ներկայացվում են հեռուստաեթերով, ու պետք է ասեմ, որ ամեն մեկի դիրքորոշումը բավականաչափ թափանցիկ, պարզորոշ երեւում է եթերում: Բոլոր թեկնածուները կարողացան ընտրողին ներկայանալ իրենց մոտեցումներով, եւ դա շատ լավ է:
Ի դեպ, մասնակցել եմ գործող նախագահի քարոզչական հանդիպումներից մեկին եւ գոհ եմ մնացել:
Հայ մտավորականն այսօր ամենից շատ է մտածում իր երկրի, իր ժողովրդի ներկայի ու ապագայի մասին: Հետեւաբար ինձ համար որպես մտավորականի ամենից լավ նախագահ կհամարվի նա, ով հոգատար վերաբերմունք կունենա հայ մշակույթի ու հայ մտավորականության հանդեպ:
Թեկնածուներից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, նույնիսկ մտերիմ հարաբերություններ ունեմ ոմանց հետ, բայց նախընտրելի թեկնածուն նա է, ով այսօր կարող է ամենից շատ գործ անել հայրենիքի համար: Այդ դերում ես այսօր տեսնում եմ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Իհարկե, դա չի նշանակում, թե մյուսները վատն են, բայց այսօր նախընտրելին նա է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Մշակույթ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն