Գլխավոր » Լրահոս

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հայտարարությունը պարզաբանում է ՀՀ ոստիկանությունը

Փետրվար 17, 2013թ. 16:56

ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ահազանգը։ Հաղորդագրությունում ասված է.

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի Երևան, Չարենցի փ. 19/7 հասցեում նախկինում բնակվող Բադալյանների ընտանիքից Անդրիաս Բադալյանը մահացած է, իսկ մնացածը ապրում են արտասահմանում, տարիներ առաջ հրաժարվել են քաղաքացիությունից և դուրս են եկել գրանցումից: Սակայն մինչ օրս նրանց անունները առկա են ընտրողների ցուցակներում:

Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը վերաբերում է ոչ թե Երևան, այլ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փ., 19/7 հասցեում հաշվառված անձանց:

Ոստիկանության ծառայողների կողմից վերը նշված հասցում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրիաս Սարգսի Բադալյանը (01.08.1951 թ.) շուրջ երկու տարի առաջ մահացել է ՀՀ սահմաններից դուրս: Ա. Բադալյանի մահվան փաստի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը չի տեղեկացվել:

Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում, ՀՀ ընտրական օգրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:

Ինչ վերաբերում է Ա.Բադալյանի հասցեում հաշվառված անձանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրողների ցուցակում վերջիններիս տվյալների առկայության վերաբերյալ տեղեկությանը, հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանագրով:

Վերը նշված հասցեում հաշվառված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, հետևաբար իրավաչափորեն ընդգրկված են ՀՀ ընտրողների ռեգիստրում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն