Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՆՊԱԿԱՍ ԵՂԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ

Փետրվար 16, 2013թ. 17:00

Ավիկ ՄարությանՆախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, կարելի է ասել, ավարտվեց: Թե այդ քարոզարշավն ինչ տվեց ու ինչքան ներվ տարավ, այլ հարց է, բայց նաեւ չենք կարող չփաստել, որ այն ընտրողներիս բազմաթիվ զվարճալի պահեր պարգեւեց:
Բոլոր թեկնածուներն էլ ընտրողների հետ իրենց հանդիպումները համեմեցին այնպիսի դատողություններով, կիսադատողություններով ու հանկարծահաս գործողություններով, որ անմիջապես հասկացանք` մեզ ուրախացնելու համար են: Որ մի քիչ հանգստանանք եւ ավելի լավ մարսենք քաղաքական մտքի մարգարիտները:
Քարոզարշավի սկզբից` հունվարի 21-ց հետո գրեթե օր չեղավ, որ զերծ լիներ այդ մարդասիրական համեմունքից:

ԱՐԱԳԸՆԹԱՑ, ԵՐԲԵՄՆ ԷԼ՝ ԱՆՄԱՔՈՒՐ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առաջին իսկ օրն ազդարարեց, որ հետաքրքրաշարժ քարոզարշավ է սկսում. «Եվ կխոսեմ, եւ կհամոզեմ, եթե պետք է, նաեւ կերգեմ»:
Թեկնածուն չերգեց, բայց երբ պետք եղավ, մազերը կտրեց, տատիկի պանիրը կերավ, Երեւանում ու մարզերում ով պատահեց` բարեւեց, ողջությունը հարցրեց ու, մինչեւ «հարցվողի» պատասխանը, հեռացավ:
Մարզական առումով արագընթաց եղավ Ր.Հովհաննիսյանի քարոզարշավը, երբեմն էլ` անմաքուր. «Պիտի այսպես քայլեմ, եւ իմ շալվարները ցեխոտվեն»,- ասաց նա եւ մի քանի օր հետո բոլորիս կոչ արեց. «Փետրվարի 18-ին ես գնում եմ իմ պապերի երազած երկիրը: Արի ինձ հետ»:
Բայց բաղձալի երկիր տանող տուրիստական գործակալության հասցեն ու հեռախոսահամարները նախագահի թեկնածուն այդպես էլ գաղտնի պահեց: Եվ ընտրողները չհասկացան` «սեւի ու լույսի» պայքարը առկա՞ է լինելու, թե՞ հեռակա` պապերի երազած երկրից:

ԻՆՏՐԻԳԱ՞Ն, ԹԵ՞ ԻՆՏՐԻԳ
Այս սեւի ու լույսի, լավի ու վատի, պայծառի ու խավարի իր տնտեսագիտական ըմբռնումն ունեցավ նախագահի մեկ այլ թեկնածու` «Ազատություն» կուսակցության ղեկավար ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ:
Նա, առանց ականջալուր լինելու Հովհաննիսյանի կոչին, պայքա րը տեղափոխեց սեփական հողատարածք. «Վերջին հաշվով, ամեն մի պրեզիդենտական ընտրություն ինտրիգ ունի: Այսօր ինտրիգը Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանն են»: Հետաքրքիր հայտարարություն է, քանի որ մարդը կարող է ինտրիգան լինել, ոչ ինտրիգ, բայց նախագահի թեկնածուն յուրօրինակ տեսանկյուններից է դիտարկում երեւույթները:
Սրա վկայությունը տվեց ինքը` Բագրատյանը, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով. «Ես եմ իրականացրել հողային ռեֆորմը, իհարկե, նախկին իշխանության իմ գործընկերների հետ: Դուք դրանից հետո ոչ մի թիզ, ոչ մի բան չեք ստացել»:
Նման բան կարող էր ասել Հայաստանի մասին գաղափար չունեցող մեկը, օրինակ, Իտալիայից սխալ չվերթով Հայաստան ընկած զբոսաշրջիկը, բայց ոչ Հայաստանի նախկին վարչապետը: Հո մեր հիշողությունը լրիվ չե՞նք կորցրել: Հողային ռեֆորմ կոչվածն ընդամենն այն էր, որ, ի տարբերություն կոմունիստների, հողը բաժանվեց գյուղացիներին` «ի մշակումն»: Էդքան բան:
Ոչ սերմացու տրամադրվեց, ոչ պարարտանյութեր, ոչ գյուղտեխնիկա, ոչ ոռոգման ջուր: Գյուղացին հո չէ՞ր թքելու հողին, որ բերք ստանար:

ԻՆՉՈ՞Ւ Է ԻՐԵՆ ՏԱՆՋՈՒՄ
Նախընտրական քարոզարշավը անհասկանալի պատճառներով սոված անցկացրեց նախագահի թեկնածու ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
Այս թեկնածուն դեռեւս հացադուլի մեջ է, եւ փառք Աստծո, նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ուրախալին այն է, որ փետրվարի 20-ից Ղուկասյանը կսկսի սնվել: Անհասկանալի մնաց միայն, թե այս թեկնածուն ինչու մի տեւական շրջան իրեն տանջեց, մանավանդ որ մարդիկ չհասկացան, թե կոնկրետ ինչ է ուզում: Որովհետեւ կոնկրետ բան չի ասում: Իրականանալիք բան չի ուզում: «Դիտորդական առաքելություններն իրենց զեկույցներում պետք է հաստատեն Հայաստանի ժողովրդավարական պետություն լինելը կամ չլինելը: Ես ասացի, որ հացադուլը կդադարեցնեմ այն դեպքում, եթե նրանք գան այն եզրակացության, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ»:
Բայց դիտորդները չեկան «այն եզրակացության», քանի որ, հացադուլ անելով, դիտորդներին եզրակացություն չեն պարտադրում: Բայց ինքը համարում է, որ «հանուն ժողովրդի ես արդեն անում եմ այն, ինչը ինձնից կախված է: Այս պահի դրությամբ իմ խնդիրն է վերջ տալ շինծու ընտրություններին»:
Լավ է գոնե, որ «հանուն Ղուկասյանի» ընտրությունները չհետաձգվեցին, եւ շուտով նախագահի նախկին թեկնածուն հաց կուտի:

ՈՎ Է ԵՐԳՈՒՄ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ
Հայկական մշակույթի, մասնավորապես, երգարվեստի ու կինոարվեստի հիմնախնդիրների մասին ուշագրավ դիտարկումներով հանդես եկավ նախագահի թեկնածու, գործող նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման հարցուպատասխանի ժամանակ նա սաց. «Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում նկարահանվում: Մարդիկ պետք է փորձ ձեռք բերեն: Իմ կարծիքով, «Գարեգին Նժդեհ» ֆիլմը շատ հաջողված է, եւ դա արդյունք է, որ այդ դերասանները շատ սերիալներում խաղացել են եւ փորձ ձեռք բերել»:
Նախագահի թեկնածուի ուշադրությունը կուզենայինք հրավիրել երկու հարցի վրա: Ընդհանրապես, ըստ առակ-հեքիաթների, սկսում է երգել եւ ուրախանալ ժողովրդի այն հատվածը, որն այլեւս կորցնելու ոչինչ չունի` ոչ ապրուստ, ոչ անելիք. մնում է միայն երգելը:
Մերօրյա հեքիաթում, իհարկե, սյուժետային փոփոխություններ են տեղի ունեցել. երգող հատվածին փոխարինել է լսող հատվածը: Այս երկրորդ հատվածն է հատկապես, որ հարամ է անում երկրի խաղաղ ընթացքը, որովհետեւ երգ լսելիս ուզում է ձեռքի հետ նաեւ ուտել:
Երկրորդ. մեր կինոյի ու թատրոնի պատմությունը վկայում է, որ լավ ֆիլմ նկարելու, դրանում լավ խաղալու համար փորձից բացի, որքան էլ տարօրինակ է, նաեւ տաղանդ է պետք, քանի որ անտաղանդի ձեռք բերած փորձը հանդիսատեսի կամ հեռուստադիտողի համար դառնում է իսկական փորձանք: Դրա վկայությունն է այն, որ այսօր այսքան «աստղ» կա, բայց լույս հազվադեպ է երեւում:

ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ, ԻՍԿ ՆԵՐՔԵՎՈՒՄ՝ ԱԱԾ
Նախընտրական քարոզարշավը իր ներկայությամբ զարդարեց «Սասնա ծռեր» էպոսի գետ, նախագահի թեկնածու ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:
Այս թեկնածուն իր նախընտրական ծրագրում տարածաշրջանի երկրները Հայաստանին միավորելուց հետո անսպասելիորեն հայտնվեց կրիմինալին նվիրված ասուլիսների մեջ եւ իր պատմական-քաղաքական առաքելությունը մոռացած` հայտարարեց, որ փետրվարի 22-25-ը իրեն կձերբակալեն: Թե որտեղից էպոսագետ թեկնածուին այդ վստահությունը, հայտնի չէ, մանավանդ որ «հետազոտություններով» պարզել է, որ Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպել է մասոնական կազմակերպության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ամեն դեպքում զգուշությունը լավ բան է, քանի որ, այո, «վերեւում Աստված կա», բայց ներքեւում էլ ԱԱԾ կա:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ
Քարոզարշավի վերջին օրերին պատմա-մանկավարժական մտորումներ ծնվեցին ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ գլխում:
Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում իր դեմ կատարված մահափորձի առնչությամբ նա դիմեց ժողովրդին եւ հարցրեց. «Եթե մի 15-20 տարի հետո ձեր երեխաները ձեզ հարցնեն` «ինչպե՞ս եք թույլ տվել, որ նման բան կատարվի», ի՞նչ եք պատասխանելու: Հիմա սա ասում եմ, որ հետո ինձ չմեղադրեն, թե ինչո՞ւ չեմ հուշել»:
Ճիշտն ասած, չգիտենք, թե ինչ կպատասխանենք մեր երեխաներին 15-20 տարի հետո, իհարկե, հուսալով, որ հարց, այնուամենայնիվ, կհնչի, բայց մի պատասխան հիմա էլ գիտենք` «Ինչպե՞ս կարող ես թույլ չտալ մի բան, որից անտեղյակ ես»: Քաղաքական անհրաժեշտ հասունություն, հավանաբար, դեռեւս չունենք:

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԺԱՄԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Փետրվարի 7-ին` ժամը 5-ին, մեկօրյա հացադուլ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, իսկ հաջորդ օրը` ժամը 5-ին, ինքնաբացարկ հայտարարեց: Սա նորմալ, քաղաքական որոշում էր:
Տարօրինակը նախագահի թեկնածուի ժամային կողմնորոշիչներն են, որոնք, պարզվեց, տպավորվել են դեռեւս դպրոցական ուսումնառության տարիներից:
Լրագրողների հարցին, թե Հարությունյանը ինչո՞ւ է հատկապես այդ ժամը ընտրել, նա պատասխանեց. «Դպրոցում ես միշտ 5 եմ ստացել. դրանով էլ պայմանավորված է իմ ընտրած ժամը»:
Գերազանցիկ լինելը գովելի երեւույթ է, բայց հացադուլի սկիզբ հայտարարել ժամը 5-ը, բայց գալ ժամը 17-ին, գերազանցիկի արարք չէ:

ԿՀԵՏԵՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ
Նախընտրական քարոզարշավի վերջին ուշագրավ հայտարարությունն արեց նախագահի թեկնածու ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:
Մի շատ հետաքրքիր հայտարարություն. «Ես ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը եւ չեմ ընդունելու ընտրությունների արդյունքները նույնիսկ այն դեպքում, եթե անգամ իմ եւ իշխանությունների կամքից անկախ այդ «ընտրությունների» հաղթողը ճանաչվեմ: Այս իրավիճակում ես հորդորում եմ քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը եւ համապատասխան նշումը կատարելով իմ անվան դիմաց` հավաստել այս ընտրությունների կեղծ լինելու վերաբերյալ սեփական համոզմունքը»:
Նկատենք միայն, որ «համոզմունք» արտահայտելու այս կերպը Ա.Մելիքյանի մի ինչ-որ տոկոս կամ տոկոսի մի ինչ-որ տոկոս ձայներ ստանալու միակ միջոցն է: Հավանաբար ինքը ընտրություններին նախընտրական շտաբից կհետեւի:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն