Ստեղծվեց մթնոլորտ, ուր և’ կոմիզմ կա, և’ տրագեդիա
Խորը շունք քաշենք, նախընտրական քարոզարշավն ավարտվում է, իսկ ավելի ստույգ` ընտրապայքարի վերջին ակորդներն են. ևս մեկ` նախընտրական լռության օր ու առջևում փետրվարի 18-ն է: Իսկ մինչ օրենքով սահմանված լռության օրը, քաղաքագետի ու հոգեբանի օգնությամբ ամփոփենք քարոզարշավը:
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՔԱՅԼ
Իրականում ի՞նչ է քարոզարշավը, արդյո՞ք, այն միտված է միայն կարճ ժամանակահատվածում սեփական ռեսուրսները մոբիլիզացնելով ընտրողի համակրանքին արժանանալուն, ու վերջ:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ մի կարևոր դիտարկում ներկայացրեց, որը շատ հաճախ անտեսվում է երկրի նախագահի պաշտոնին հավակնող գործիչների կողմից. քարոզարշավը գործընթաց է, որը միտված է ՙգործիչի հասունացմանը, նրան որպես ազգային, պետական լիդեր ներկայանալուն և այդ կարևորագույն առաքելությանը` նրան պատրաստելուն՚:
Իսկ հիմա տեսնենք, թե քարոզարշավային ինչպիսի՞ քայլերով ներկայացան մեր թեկնածուները: Քաղաքագետի դիտարկմամբ, գործող նախագահը հիմնականում մնաց դասական ոճում, հանդիպումներ` բաց ու փակ լսարաններում, ու քանի որ այսօր չկա նախկին լարվածությունը, թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավն ընթացավ մեղմ ու հանդարտ ձևաչափով:
Պարզ, հայկական ջերմությամբ կազմակերպեց իր քարոզչությունը թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ՙնա հայ մարդուն վերադարձրեց իր ազգային, պապենական քննարկումների հարազատ միջավայր՚: Շիրինյանն ամենևին հակված չէ Հովհաննիսյանի քայլերում տեսնել ամերիկյան կամ եվրոպական PR-ին բնորոշ տարրեր, հակառակը, ՙայն ազգային ավանդույթների վրա կազմակերպված դիրսկուրս էր՚:
Թեկնածու Հրանտ Բագրատյանի մասին քաղաքագետը շատ ավելի կնախընտրեր լռելը: Այնուհանդերձ նկատեց, որ չնայած նախկին վարչապետը ընտրարշավի սկզբում շատ ավելի խոստումնալից ՙթվաց՚,սակայն ընթացքում ամբողջությամբ վերածվեց ՙկոլխոզի տնտեսական, տնտհաշվարկ ներկայացնողի, թվե~ր, թվե~ր՚: Ասել է, թե Բագրատյանն այդպես էլ չձգեց երկրի նախագահի կերպարին, ՙնրան կարելի Էկոնոմիկայի կամ Գյուղատնտեսության նախարար նշանակել ու 5 տարի անց պահանջել իր ներկայացրած թվերի արդյունքները՚ և ոչ ավելին:
Ակնհայտ է, որ հիմնական ընտրապայքարը ծավալվեց վերոնշյալ երեք թեկնածուների շուրջ: Հասարկությունն էլ դա գիտակցեց ու հիմնական պայքարողներից տարանջատեց տարբեր ժամանակներում նախագահի թեկնածուի մշտական հաստիկով ՙաշխատողներին՚: Լևոն Շիրինյանի խորհուրդն է` հասարակությունը ճիշտ կաներ մնացածների վրա ուշադրություն չդարձներ, թող ի~նչ ուզում է անեին. ՙՈ’չ Հայրիկյանն իր ֆոկուսներով, ո՜չ էլ մյուսները, ամենևին չհետաքրքրեցին ընտրողին, նրանք երկրորդական շտրիխներ են, օրբիտայից դուրս, մարգինալ թեկնածուներ՚: Ու քանի որ մարգինալներից ընտրողն այդպես էլ գլուխ չհանեց, մնում է պարզել` ի՞նչ կարևոր գաղափարներ շրջանառեցին ու ի՞նչ մեսիջ ուղղեցին ընտրողին հիմնական երեք թեկնածուները:
Հաջողվե՞ց գործող նախագահին քարոզարշավի ընթացքում շահել ընտրողի վստահությունը, որ հենց ինքն է լինելու ապահով Հայաստանի երաշխավորը։ ՙԳործող նախագահն ունի բարեփոխումների հայեցակարգ, բայց այստեղ մեկ այլ հարց կա. մարդիկ ոչ թե հայեցակարգը չեն ընդունում, ինչը բավական հաջողված է, այլ վստահ չեն, որ իշխանությունը, ելնելով հայաստանյան իրականությունից, կարող է դրանք իրականացնել: Բայց նաև կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կփորձի դա անել, նա շրջապատից առանձնանալու դժվարություններ չունի, իսկ սա իր վերջին ընտրաշրջանն է, ու հանուն Հայաստան երկրի շահերի գործող նախագահը կկատարի իր խոստանները՚:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը ևս փորձեցին հասարակությանը ներկայանալ ծրագրային մեսիջներով, նրանցից ո՞ւմ և ի՞նչ հաջողվեց:
ՙԵս Հովհաննիսյանի թվերին հավատում եմ, նա եկավ ու հեղափոխականացրեց ազգային գիտակցությունը, ընտրելով պարզ, մարդկային հարաբերությունների ոճը՚:
Մինչդեռ նախկին չինովնիկ Բագրատյանը սկզբից մինչև վերջ ՙզբաղվեց թվեր հեղեղելով՚: Բայց նկատենք, որ թվաբանությանը զուգընթաց Բագրատյանը նաև զբաղված էր ազատական գաղափարախոսության պրոպագանդմամբ: Լևոն Շիրինյանը մի կարևոր դիտարկում ներկայացրեց` հայ հասարակությանը բացահայտելով, թե ի՞նչ ասել է ՙբագրատյանական լիբերալիզմը՚.
ՙՊետք է հստակ իմանանք, որ այն, ինչ քարոզում է Բագրատյանը լիբերալիզմի մեկ այլ տարբերակ է ու կոչվում է լիբերտալիզմն: Այսինքն, ծայրահեղ ազատականություն, որը Հայաստանի համար չափազանց վնասակար է, քանի որ ուղղված է պետության ոչնչացմանը, իսկ մենք չենք կարող առանց պետության կարգավորիչ ուժի առաջ շարժվել, իրավունք չունեք ունենալ թույլ պետություն և ամեն ինչ հանձնել շուկային: Բագրատյանը երևի Հայաստանը պատկերացնում է 18-րդ դարի Անգլիայի դերում` ծովերով շրջապատված, առանց վտանգի մի երկիր՚:
Հուսադրողն այն է, որ հասարակության բավական ցածր վստահությունը վայելող նախկին վարչապետն այս ընտրություններում ամենևին էլ բարձր քվե չի վաստակելու, և ՙբագրատյանական լիբերտալիզմը՚, ի բարեբախտություն մեզ, կհայտնվի անկյունում
ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՃԵԼԻ ԿԱՄ ՏՀԱՃ ԼԻՆԵԼԸ
Ընտրողի համար կարևոր են նախագահի թեկնածուների ծրագրե՞րը, թե անձնական արժանիքներն ու բնավորության որոշակի գծեր: Հոգեբանների ուսումնասիրությունները պարզել են,որ գրեթե բոլոր երկրներում ընտրողը նույն հոգեբանությունն ունի ու ինչպես այլուր, այնպես էլ մեզանում, նա ոչ այնքան հետաքրքրված է թեկնածուների ծրագրային դրույթներով, որքան մանրադիտակային զննման է ենթարկում անձին` իր բոլոր հատկանիշներով:
ՙՇատ ավելի ուշադրություն է դարձնում` թեկնածուն հաճելի՞ է, տհա՞ճ, ազդեցի՞կ է, վստահություն ներշնչո՞ղ, ի՞նչ վարք է դրսևորում, ինչպիսին է նրա խոսքն ու ոճը, քան ծրագրային դրույթներին՚, ասում է ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ: Պատահական չէ, որ կերպարի ձևավորման վրա աշխարհում շատ լրջորեն ու մասնագիտորեն են աշխատում: Իսկ մեզանում ականատես եղանք կերպարների մի անզուգական բազմազանության:
Հոգեբանը համոզված է, որ հայտնի ու ընկալված կերպար լինելը քաղաքական գործընթացներում ունի և՜ իր դրական, և՜ բացասական կողմերը: Այս առումով գործող նախագահի համար հանրությանը ներկայանալը և՜ դժվար էր, և՜ հեշտ: ՙԴժվար է նոր մոտեցումներ ներկայացնելու տեսանկյունից, քանի որ հասարակությունը տվյալ անձի հանդեպ արդեն իսկ ունի կայուն պատկերացումներ և նոր կողմեր որոնելու, բացահայտելու անհրաժեշտություն չկար՚: Ու չնայած դրան հոգեբանի դիտարկմամբ, Սարգսյան թեկնածուն իր ընտրողին ներկայացավ ՙբնական, անկաշկանդ, մտերմիկ ու հանգիստ պահվածով՚:
Հասարակության կողմից գրեթե չընկալվեց ՙհանուն մեծ գաղափարի տառապանքների ուղով անցած անկախության գործիչ՚ Պարույր Հայրիկյանի կերպարը: Ավելին, վերահաստատվեց, որ ՙհանրության սպասելիքների ու մտահոգությունների ներկայիս ֆոնին՚ նման գաղափարների ո՜չ ծարավ կա, ո՜չ պահանջարկ: Գործիչի դեմ կատարված մահափորձը, որ հոգեբանի համոզմամբ, սկզբում ցնցեց մարդկանց ներշխարհը, դրան հաջորդած Հայրիկյանի փոփոխական քայլերով վերջնականապես հուսահատեցրեց` նախնական համակրանքը փոխարինելով հիասթափության:
ՙՀոգեբանական տեսակետից արդյունավետ են այն քայլերը, երբ թեկնածուն մտնում է ժողովրդի մեջ, զրուցում, բարևում, և դա որոշակի տպավորություն է գործում՚, կնշանակի բարեողջույններով հանրությանը ներկայացած Րաֆֆի Հովհաննիսյանը շահել է, քանզի ՙնրան հաջողվել է մարդկային մտերմիկ կերպար ստեղծել՚: ՙՐաֆֆի Հովհանիսյանը, ով ունի համակիրների որոշակի բազմություն, իր այս քարոզարշավով կարողացավ նրանց թիվը մի քիչ ավելացրեց, բայց ոչ շոշաթելի արդյունքով՚, -կարծում է Կարինե Նալչաջյանը:
Որպեսզի իրենից հնարավորինս հեռու վանի նախկին իշխանավորի խարանը, Հրանտ Բագրատյանը նախընտրեց ներկայանալ իբրև ՙտնտեսագիտության ազդեցիկ դեմք՚: Բա, անցյալի տխուր հիշողությո՞ւնը, հավանաբար այդ մասին ինքն էլ մոռացավ, մինչդեռ Նալչաջյանը վստահեցնում է` հասարակության որոշակի շերտ շարունակում է մնալ այդ բացասական հիշողությունների կրողը:
Օրերս ՙՀայոց Աշխարհ՚-ի խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի, ով Լամպերի գործարանի նախկին աշխատակից էր: Ասաց` Բագրատյանը հեռուստաեթերից հայտարարել էր, թե ժամանակին ինքը վերաբացել է այդ գործարանը, ու քաղաքացին ստի ու կեղծիքի մեծ ՙդոզայից՚ արդարացիորն վրդովվել էր: ՙ Ախր, նա քանդել է, ինչպե՞ս է համարձակվում հրապարակավ հիմարացնել ժողովրդին՚: Դժվար է կարծել, թե ժողովուրդը հավատաց ասվածին ու հիմարացավ: Կարինե Նալչաջյանը հոգեբանական վերլուծության արդյունքում համոզվել է, որ Բագրատյան հակասական կերպարին ձայնը կտան միայն իրենց ՙանտեր ու անգլուխ զգացող՚ Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը, ով նախկին վարչապետի կերպարի մեջ կտեսնի ՙընդդիմադիր լիդերներից պոկված բեկորին՚:
Այս ամենով հանդերձ հոեգաբանին շատ ավելի մտահոգում է հայ հանրության մեջ եփվող տրամադրությունները, որում իշխողը անտարբերությունն ու հավատի կորուստն է:
Նկատենք, որ դրան նպաստեցին և այն թեկնածուները, ովքեր իրենց քայլերով երկրի կարևորագույն իրադարձությունը փորձեցին իջեցնել ցինիզմի աստիճանի` պարզամիտ ու դեդեկտիվ սցենարներ մատուցելով հասարակությանը: Արդյունքում, հասարակական հետաքրքրությունները կարծես տեղափոխվեցին մեկ այլ ոլորտ. ՙՍտեղծվեց մթնոլորտ, ուր և՜ կոմիզմ կա, և՜ տրագեդիա՚
ԱՐՄԻԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ












