Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀԱԿ ՀԱՄԱԿՐԻ ՍԻՐՏԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ԷՐ ՈՒԶՈՒՄ

Փետրվար 19, 2013թ. 15:26

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Երեկվա «ֆեյսբուքային» մեկնաբանությունների ու լրակայքերի «աստղերից» մեկն, անշուշտ, Երեւանի Նոր Նորք թաղամասի այն երիտասարդ բնակիչն էր, որ ընտրատեղամասում… կերավ քվեաթերթիկը։
Դեպքը տեղի է ունեցել հետմիջօրեից քիչ անց, Նոր Նորքի թիվ 2/08 ընտրատեղամասում։ Քվեարկության եկած անձնավորությունը, մյուսների նման վերցրել է քվեաթերթիկը, մոտեցել քվեախցին, նշում կատարել, ապա կանգնել է տեղամասի կենտրոնում, գոռացել՝ «Ոչ ռեժիմին», «Ազատություն Տիգրան Առաքելյանին»։ Այնուհետեւ պատռել է քվեաթերթիկն ու հանգիստ կերել։
Հասկանալի է, որ նշված անձնավորությունը ՀԱԿ ակտիվիստ է կամ, առնվազն, համակիր։ Ավելին՝ հստակ, առանց տատանումների կատարված նկարահանումը հուշում է, որ նախապես ծրագրված ակցիա է իրականացվել ու նաեւ ոչ մեկը չի խոչընդոտել քվեաթերթիկասեր երիտասարդի այդ գործողություններին։
Որոշ ժամանակ անց պարզվեց նաեւ, որ քվեաթերթիկ ուտողը Արթուր Մինասյանն է, որը ներկայանում է որպես «Ազատ լրագրողների ցանց» նախագծի հեղինակ։
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը էկզոտիկ «ուտեստների» սիրահարին, բնականաբար, դուրս է հրավիրել։ Եվ, նույնքան բնականաբար ոստիկաններն էլ են զրուցել Ա.Մինասյանի հետ։ Ճիշտ է, նրան հրավիրել են բաժին, սակայն նա հրաժարվել է ու հեռացել է «դեպքի վայրից»։
Այս եղելության մասին տեղեկատվությունը եւ տեսանյութը տարածվելուն զուգահեռ, սոցցանցերում ամենատարբեր մեկնաբանությունների հետ շրջանառվում էին բազմազան կատակներ՝ քվեաթերթիկակերության թեմայով։ Այդ շարքից թերեւս առանձնացնենք այս «երկխոսությունը»
-Ես դանդա՜ղ ուտում եմ իմ քվեաթերթիկը…
-…Ու վրայից կամա՜ց ցնդող թանաք եմ ըմպում։
Հավելենք, որ երեկ եւս արձանագրվել են «քվեաթերթիկային» մի քանի դեպքեր։ Համենայն դեպս նման դեպքերի մասին վկայող լուսանկարներ էին շրջանառվում։ Չնայած դա արվում էր նախքան քվեների հաշվարկը, ուստի կամ խնամքով նախապատրաստված հակաքարոզչական գործողություններ էին, կամ՝ պարզապես որոշ մարդիկ քվեաթերթիկն աննկատ դուրս են հանել ընտրատեղամասից, որ հետո լիուլի «ստեղծագործեն», ըստ իրենց քաղաքական նախասիրությունների։
Օրինակ, մեկը քվեաթերթիկին «Քիմ Քարդաշյան» է գրել, մեկ ուրիշը՝ որ ինքը «չի վաճառվում» եւ համոզիչ լինելու համար մի հատ էլ 5 հազար դրամանոց էր կողքը նկարել։
Մի խոսքով՝ ոմանց համար ընտրություններն իսկականից տոն էին, ափսոս միայն, որ ցելյուլոզը, ինչից պատրաստված է քվեաթերթիկը, համարվում է մարդու մարսողական համակարգի կողմից չյուրացվող նյութ։

ՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն